ԵԶԵԿԻԷԼ. Chapter 6

1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Իսրայէլի այդ լեռները, մարգարէութի՛ւն արա դրանց վրայ եւ ասա՛.
3 Իսրայէլի՛ լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Այսպէս է ասում Ամենակալ Տէրը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. ՚ Ահա սուր եմ քաշում ձեզ վրայ, ու ոչնչանալու են ձեր բարձրադիր սրբավայրերը,
4 կործանուելու են ձեր խորանները, խորտակուելու են ձեր մեհեանները. ու գետին եմ փռելու ձեր սպանուածներին ձեր կուռքերի առաջ։
5 Ձեր կուռքերի առաջ վիրաւոր դիաթաւալ եմ անելու իսրայէլացիներիդ ու ձեր ոսկորները փռելու եմ ձեր խորանների շուրջը,
6 ձեր բոլոր բնակավայրերում։ Քաղաքներն աւերուելու են, բարձրադիր սրբավայրերը՝ ոչնչանալու, որպէսզի ջնջուեն ու պակասեն ձեր խորանները, խորտակուեն ու վերջ գտնեն ձեր կուռքերը, վերանան ձեր մեհեանները, ջնջուեն ձեր ձեռքերի գործերը,
7 ու ձեր մէջ սպանուածներ ընկնեն։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։
8 Սակայն ազգերի մէջ ձեզանից սրից ազատուածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան։
9 Ու ազգերի մէջ, ո՛ւր էլ որ գերուած լինեն նրանք, ձեր ազատուածները պիտի յիշեն ինձ, որ երդուեցի վրէժխնդիր լինել շնացած ու իմ դէմ ապստամբած նրանց սրտին, պոռնկացած աչքերին՝ նրանց չար վարքի համար։ Նրանք պիտի ծեծեն իրենց երեսները այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում, իրենց ողջ կեանքի ընթացքում։
10 Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, եւ իզուր չէ որ ասել եմ, թէ այս բոլոր չարիքները նրանց հատուցելո՛ւ եմ։
11 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայէլի տան գարշելի գործերի ու չարիքների համար, որովհետեւ սրից, համաճարակից ու սովից են ընկնելու։
12 Ով որ հեռու է՝ համաճարակից է մեռնելու, իսկ ով մօտ է՝ սրից է ընկնելու. մնացածն ու պաշարուածը սովից են մեռնելու։ Այսպիսով ես յագուրդ եմ տալու բարկութեանս։
13 Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ ձեր սպանուածներն ընկնեն ձեր կուռքերի առաջ, ձեր խորանների շուրջը, բոլոր բլուրների ու լեռների գագաթների վրայ, ինչպէս նաեւ բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստատուն կաղնիների տակ գտնուող կռատներում, ուր խունկ էիք ծխում ձեր բոլոր կուռքերին։
14 Ես ձեռքս իջեցնելու եմ բոլորի վրայ եւ երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման, Դեբլաթի անապատից մինչեւ ձեր բոլոր բնակավայրերը։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։