ԵԶԵԿԻԷԼ. Chapter 9

1 Նա ականջիս բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. Մօտեցել է այդ քաղաքը պատժելու ժամը։ Ամէն մարդ սպանութեան գործիք ունէր ձեռքին։
2 Ահա վեց մարդ էր գալիս դէպի հիւսիս նայող բարձր դռան ճանապարհով՝ իւրաքանչիւրի ձեռքին տապար։ Դրանց մէջ էր նաեւ սքեմով մի մարդ՝ մէջքին շափիւղաներով ականակապ գօտի։ Մտան կանգնեցին պղնձէ զոհասեղանի առաջ։
3 Եւ Իսրայէլի Աստծու փառքը, որ տաճարում էր, քերովբէներից վեր օդ բարձրացաւ։ Կանչեց այն մարդուն, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր։
4 Տէրն ասաց նրան. Անցի՛ր Երուսաղէմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծում են ու հոգոց հանում այդ վայրերում կատարուած անօրէնութիւնների վրայ։
5 Միւսներին էլ ինձ լսելի ձեւով ասաց. Նրա յետեւից քաղա՛ք գնացէք ու կոտորեցէ՛ք։
6 Գթասիրտ աչքով մի՛ նայէք. մի՛ խղճաք ծերին ու մանկան, կոյսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորեցէ՛ք-ջնջեցէ՛ք։ Բայց ում վրայ որ նշան կայ՝ չմօտենա՛ք։ Սկսեցէ՛ք իմ սրբարանից։ Եւ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։
7 Եւ ասաց նրանց. Պի՛ղծ համարեցէք այդ տունը, լցրէ՛ք այդ տունը դիակներով, ելէ՛ք, հարուածեցէ՛ք, կոտորեցէ՛ք այդ քաղաքը։
8 Եւ ես նայեցի ու տեսայ, որ կոտորում էին նրանց։ Երեսս ի վայր ընկայ, աղաղակեցի ու ասացի. Վա՛յ ինձ, Ամենակա՛լ Տէր. ահա դու ջնջում ես Իսրայէլի այդ տան մնացորդներին՝ քո զայրոյթը Երուսաղէմի վրայ թափելով։
9 Եւ Տէրն ասաց ինձ. Իսրայէլի ու Յուդայի երկրի այդ տան անիրաւութիւնները սաստիկ շատացան, որովհետեւ այդ երկիրը լցուեց ժողովուրդների բազմութեամբ, այդ քաղաքն էլ՝ անօրէնութեամբ ու պղծութեամբ, որովհետեւ ասացին, թէ՝ Տէրը լքել է երկիրը, այլեւս չի նայում երկրին։
10 Արդ, գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ նրանց ընթացած ճանապարհի էլ պիտի հատուցեմ նրանց։
11 Եւ ահա այն մարդը, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր, պատասխանեց ու ասաց. Արեցի, ինչպէս որ հրամայել էիր ինձ։