ԵԶԵԿԻԷԼ. Chapter 31

1 Տասնմէկերորդ տարում, երրորդ ամսին, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Մարդո՛ւ որդի, ասա՛ եգիպտացիների արքայ Փարաւոնին ու նրա զօրքին. Քո ամբարտաւանութեան մէջ՝ քեզ ո՞ւմ հետ ես համեմատում։
3 Ահա Ասուրը նման է մի նոճու Լիբանանում՝ գեղեցիկ ճիւղերով ու թաւ ոստերով, բարձրուղէշ. ամպերի մէջ էր նրա կատարը։
4 Ջուրը սնել էր նրան, անդունդները՝ բարձրացրել, նրա գետերը բերել էին իր տունկերի շուրջը. նա իր ստուերախիտ ճիւղերը տարածել էր ամբողջ դաշտով մէկ։
5 Դրա համար էլ նա բարձրացաւ աւելի վեր, քան դաշտի բոլոր ծառերը. տարածուել էին նրա ոստերը, բարձրացել՝ ճիւղերը շնորհիւ առատ ջրերի։
6 Ու երբ նա տարածուել էր, ճիւղերին բնակութիւն էին հաստատել երկնքի բոլոր թռչունները, իսկ նրա ոստերի տակ ձագեր հանել դաշտի բոլոր գազանները. նրա հովանու ներքոյ բնակութիւն էին հաստատել բազմաթիւ ազգեր։
7 Ճիւղերի երկարութեան շնորհիւ նա գեղեցկացել էր իր վեհութեամբ, որովհետեւ նրա արմատներն էլ առատ ջրերի մէջ էին։
8 Աստծու դրախտի եղեւնին, կաղնին ու նոճին չէին հաւասարւում նրա ճիւղերին, մայրիներն ու սօսիները չէին նմանւում նրա ոստերին։
9 Աստծու դրախտի ոչ մի ծառ գեղեցկութեամբ չէր նմանւում նրան, որովհետեւ նա ստուարախիտ ոստեր ունէր։ Աստծու բերկրալից դրախտի բոլոր ծառերը նախանձում էին նրան։
10 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. Այն բանի համար, որ խիստ շատ բարձրացար, ճիւղերի ծայրերը հասան ամպերին, ես տեսայ ամբարտաւանութիւնդ, -
11 քեզ մատնեցի ժողովուրդների իշխանի ձեռքը, եւ նրանք կորստեան մատնեցին։
12 Դուրս հանեցին նրան, ժողովուրդների միջից ոչնչացրին օտար չարագործները, տապալեցին լեռների վրայ։ Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, տապալուեց նրա բունը ամբողջ երկրի դաշտերով մէկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերն ու ցեղերը եւ գետնին հաւասարեցրին նրան։
13 Ու երբ այն տապալուեց, հանգիստ առան նրա վրայ երկնքի բոլոր թռչունները, նրա բնի վրայ տեղ գտան բոլոր վայրի գազանները,
14 որպէսզի այլեւս իրենց մեծութեամբ չյոխորտան ջրասուն բոլոր ծառերը, ոչ էլ իրենց կատարներն արձակեն մինչեւ ամպերը, չմնան իրենց գոռոզութեան մէջ, ինչպէս նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահուան մատնուեցին երկրի խորքերում, խորխորատ իջած մարդկանց որդիների մօտ։
15 Այսպէս է ասում Տէր Աստուած. Այն օրը, երբ նա գերեզման իջաւ, անդունդները նրա վրայ սգացին։ Խափանեցի նրա գետերը, խցանեցի յորդ ջրերը, ու տխրեց նրա վրայ Լիբանանը. դաշտի բոլոր ծառերը նրա պատճառով լքուած մնացին։
16 Նրա կործանման ձայնից ցնցուեցին ազգերը, երբ գերեզման իջածների հետ նրան էլ իջեցրի գուբը։ Եւ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։
17 Նրանք գերեզման իջան հետը՝ սրից սպանուածներով հանդերձ։ Իսկ նրա զաւակները, որ բնակութիւն էին հաստատել նրա հովանու ներքոյ, զրկուելով իրենց կեանքից՝ բնաջնջուեցին։
18 Ո՞ւմ հետ ես համեմատում քեզ քո զօրութեամբ, փառքով ու մեծութեամբ՝ բերկրալից ծառերի մէջ։ Իջի՛ր, ցա՛ծ իջիր երկրի խորքը՝ քո դրախտի բերկրալից ծառերի եւ սրով սպանուածների հետ՝ անթլփատ ննջեցեալների մէջ։ Այսպէս են լինելու նաեւ Փարաւոնն ու նրա ամբողջ զօրքը, - ասում է Տէր Աստուածը։