ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 23

1 Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մօտ հաւաքեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր ծերերին, գնաց Տիրոջ տուն։
2 Յուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղէմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարէները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նրա հետ էին։ Նա նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տան մէջ գտնուած ուխտի մատեանի բոլոր խօսքերը։
3 Արքան կանգնեց սեան մօտ եւ Տիրոջ առջեւ ուխտ դրեց, որ կ՚ընթանայ Տիրոջ ճանապարհով, ամբողջ հոգով ու էութեամբ կը պահի նրա պատուիրանները, վկայութիւններն ու կանոնները, կը կատարի այդ մատեանում գրուած ուխտի պատգամները։ Եւ ամբողջ ժողովուրդը ուխտ արեց։
4 Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարոթի կուռքերի եւ երկնքի զօրութեան համար պատրաստուած իրերը։ Դրանք այրեց Երուսաղէմից դուրս գտնուող Կեդրոնի դաշտում եւ դրանց մոխիրը տարաւ Բեթէլ։
5 Նա այրեց քրմերին, որոնց հաստատել էին Յուդայի երկրի արքաները, որովհետեւ նրանք բարձունքների մեհեաններում, Յուդայի երկրի բոլոր քաղաքներում ու Երուսաղէմի շուրջը խունկ էին ծխում, ինչպէս նաեւ արեգակին, լուսնին, աստղերին ու երկնքի ամբողջ զօրութեանը խնկարկողներին,
6 Տիրոջ տնից հանելով եւ Երուսաղէմից դուրս բերելով Կեդրոնի հեղեղատում այրեց Աստարոթի կուռքերը, փոշու վերածեց եւ նրանց մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրայ ցանեց։
7 Տիրոջ տան մօտ գտնուող սոդոմականների տունը քանդեց, ուր կանայք Աստարոթի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։
8 Նա բոլոր քրմերին հանեց Յուդայի երկրի քաղաքներից, Գաբաայից մինչեւ Բերսաբէէ քարուքանդ արեց բարձունքների մեհեանները, ուր քրմերը խունկ էին ծխում, քանդեց քաղաքի իշխան Յեսովի տան դռան կողքին, քաղաքի դարպասի ձախ կողմը գտնուող տունը։
9 Բարձունքների մեհեանների քրմերն այլեւս Երուսաղէմում գտնուող Տիրոջ զոհասեղանին չէին մօտենում, այլ բաղարջ հաց էին ուտում իրենց եղբայրների շրջանում։
10 Նա քարուքանդ արեց ենոմացիների ձորում գտնուող Թոփոթը, որպէսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։
11 Արքայի ներքինի Նաթանի գանձարանի մօտ՝ Փարուիմում այրեցին Տիրոջ տան մուտքի մօտ գտնուող այն ձիերը, որ Յուդայի երկրի արքան նուիրել էր արեգակին. արեգակին նուիրուած մարտակառքերը հրի մատնեցին։
12 Վերնատների տանիքների վրայ Յուդայի երկրի թագաւորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասէի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց եւ նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։
13 Երուսաղէմի դիմաց, Մոսաթի լերան աջ կողմում գտնուող տունը, որ Սողոմոն արքան էր շինել ի պատիւ սիդոնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի եւ ամոնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։
14 Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց Աստարոթի կուռքերը եւ նրանց տեղում մարդկանց ոսկորներ լցրեց։
15 Բեթէլի բարձունքում գտնուող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամը, այս բարձր զոհասեղանը եւս կործանեց, նրա քարերը ջարդուփշուր անելով փոշու վերածեց, Աստարոթի կուռքերը այրեց։
16 Յոսիան հայեացքը շուռ տուեց ու տեսաւ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրայ այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խօսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Յերոբովամը տօնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մօտ։ Նա աչքերը յառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խօսել էր այս բաների մասին,
17 եւ ասաց. Այս ի՞նչ կոթող է, որ տեսնում եմ։ Քաղաքի մարդիկ ասացին. Աստծու մարդու գերեզմանն է, որ եկաւ Յուդայի երկրից եւ Բեթէլի այս զոհասեղանի մասին այդ բաներն ասաց։
18 Յոսիան ասաց. Ձեռք մի՛ տուէք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները։ Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարէի ոսկորների հետ էին թաղուած։
19 Բարձունքների բոլոր մեհեանները, որոնք Իսրայէլի թագաւորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը, Իսրայէլի արքայ Յոսիան քանդեց եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս Բեթէլում էր արել։
20 Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնւում էին զոհասեղանների մօտ, դրանց վրայ էլ այրեց մարդկանց ոսկորները եւ դրանից յետոյ վերադարձաւ Երուսաղէմ։
21 Արքան պատուիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. Կատարեցէ՛ք մեր Տէր Աստծու զատիկը, ինչպէս որ գրուած է այս ուխտի մատեանում։
22 Իսրայէլը ղեկավարող դատաւորների օրերից սկսած, Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների օրօք նման զատիկ չէր եղել։
23 Յոսիա արքայի թագաւորութեան տասնութերորդ տարում էր միայն, որ Երուսաղէմում կատարեցին Տիրոջ զատիկը։
24 Յոսիան վերացրեց վհուկներին, նշանագէտներին, մեռելահարցուկներին, կուռքերը եւ Յուդայի երկրում ու Երուսաղէմում եղած ամէն տեսակ գարշութիւնները, որպէսզի հաստատի օրէնքի գրքի այն խօսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատեանում էին գրուած։
25 Նրանից առաջ նման մի թագաւոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու զօրութեամբ, հնազանդուելով Մովսէսի բոլոր օրէնքներին, հակուէր դէպի Տէրը։
26 Ոչ էլ նրանից յետոյ եղաւ նրա նմանը։ Մանասէի կատարած չար գործերի պատճառով Յուդայի երկրի հանդէպ Տիրոջ մէջ բորբոքուած սաստիկ զայրոյթը, սակայն, չմեղմացաւ,
27 ուստի Տէրն ասաց. Յուդայի երկիրն էլ իմ երեսից պիտի մերժեմ, ինչպէս մերժեցի Իսրայէլը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղէմը, եւ այդ տունը, որի համար ասել եմ, թէ՝ Իմ անունը նրա վրայ պիտի լինի։
28 Յոսիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
29 Այդ օրերին Եգիպտոսի արքայ Նեքաւով փարաւոնը Եփրատ գետի մօտ յարձակուեց Ասորեստանի արքայի վրայ։ Յոսիա արքան նրան ընդառաջ գնաց, եւ երբ Նեքաւովը տեսաւ նրան, սպանեց նրան Մակեդովում։
30 Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղէմ եւ թաղեցին իր գերեզմանում։Երկրի ժողովուրդը Յոսիայի որդի Յովաքազին բերեց, օծեց նրան եւ նրա հօր փոխարէն թագաւոր նստեցրեց։
31 Քսաներեք տարեկան էր Յովաքազը, որ թագաւոր դարձաւ։ Նա երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամիտալ էր։ Նա լոբնացի Երեմիայի դուստրն էր։
32 Յովաքազը չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հայրերի ամէն տեսակ վատ արարքները։
33 Նեքաւով փարաւոնը նրան գերեվարելով փոխադրեց Ռեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագաւորութեանը։ Երուսաղէմում Նեքաւով փարաւոնը հարիւր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրայ։
34 Փարաւոն Նեքաւովը Իսրայէլի վրայ թագաւոր նստեցրեց Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Եղիակիմին իր հօր՝ Յոսիայի փոխարէն, նրա անունը փոխելով՝ Յովակիմ դրեց, իսկ Յովաքազին առաւ տարաւ Եգիպտոս, ուր եւ նա մեռաւ։
35 Յովակիմն արծաթն ու ոսկին տալիս էր փարաւոնին, սակայն փարաւոնի պահանջածի չափով արծաթ վճարելու համար երկրի վրայ հարկ դրեց։ Երկրի մարդկանցից ամէն մէկից նա իր սահմանած հարկի համեմատ արծաթ ու ոսկի էր վերցնում, որպէսզի տայ Նեքաւով փարաւոնին։
36 Յովակիմը քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ելդափ էր։ Նա ռոմայեցի Յեդդելայի դուստրն էր։
37 Նա Տիրոջ առջեւ գործեց իր նախնիների բոլոր չար արարքները։