ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 19

1 Երբ Եզեկիան լսեց արքայի պատգամը, պատառոտեց իր զգեստները, քուրձ հագաւ ու մտաւ Տիրոջ տունը։
2 Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին եւ քահանաներից ծերերին քրձեր հագած ուղարկեց Ամոսի որդի Եսայի մարգարէի մօտ,
3 որոնք նրան ասացին. Այսպէս է ասում Եզեկիան. Այս օրը նեղութեան, կշտամբանքների ու նախատինքի օր է, որովհետեւ երեխաների մայրերը երկունքի մէջ են, սակայն ուժ չունեն ծննդաբերելու։
4 Թերեւս քո Աստուածը լսի Ռափսակի պատգամները, որին իր տէրը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպէսզի անարգի կենդանի Աստծուն, քսու խօսքերով հայհոյի։ Այդ բոլորը լսեց քո Տէր Աստուածը։ Դու կենդանի մնացողներիս համար աղօթի՛ր։
5 Եզեկիա արքայի ծառաները եկան Եսայի մարգարէի մօտ. Եսային նրանց ասաց.
6 Այսպէ՛ս ասացէք ձեր տիրոջը. այս է ասում Տէրը. Մի՛ վախեցիր այն խօսքերից, որոնցով Ասորեստանի արքայի ծառաները ինձ հայհոյեցին։
7 Ես նրան այնպիսի մի ոգի կը ներշնչեմ, որ նա մի գոյժ լսելով՝ իր երկիրը կը վերադառնայ, եւ ես սրով նրան կ՚ոչնչացնեմ իր երկրում։
8 Ռափսակը վերադարձաւ ու տեսաւ, որ Ասորեստանի արքան Ղոբնայի դէմ պատերազմի մէջ է, թէեւ լսել էր, որ նա չուել է Լաքիսից։
9 Նա լսել էր եթովպացիների արքայ Թարակայի մասին. նրան ասել էին, թէ՝ Նա քո դէմ պատերազմի է ելել։ Նա այնտեղից վերադարձաւ, դեսպաններ ուղարկեց Եզեկիային՝ ասելով.
10 Այսպէ՛ս ասացէք Յուդայի երկրի արքայ Եզեկիային. Թող քո Աստուածը, որին ապաւինել ես, քեզ չամբարտաւանացնի՝ մտածելով, թէ Երուսաղէմը Ասորեստանի արքայի ձեռքը չի մատնուի։
11 Դու ինքդ լսել ես, թէ ինչպէս Ասորեստանի արքաները կործանել են բազմաթիւ երկրներ, իսկ դու պիտի փրկուե՞ս։
12 Միթէ ազգերի աստուածները փրկեցի՞ն Գոզանի, Քառանի, Ռափաթի մարդկանց, ծովեզերքի մօտ բնակուող եդոմացիներին, որոնց ոչնչացրին իմ նախնիները։
13 Ո՞ւր են Եմաթի արքան, Արփաթի արքան, Սեփփարուիմ քաղաքի, Անայի ու Աւայի արքան։
14 Եզեկիան հրովարտակներն առաւ դեսպանների ձեռքից, ընթերցեց դրանք, ապա գնաց Տիրոջ տուն եւ դրանք բաց վիճակում ցոյց տուեց Տիրոջը։
15 Եզեկիան Տիրոջն աղօթելով՝ ասաց. Տէ՛ր Աստուած Իսրայէլի, դու, որ նստած ես քերովբէների վրայ, աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ միայն դո՛ւ ես Աստուած, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը։
16 Տէ՛ր, ակա՛նջ դիր ու լսի՛ր, բա՛ց աչքերդ ու տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խօսքերը, որ մարդ էր ուղարկել նախատելու կենդանի Աստծուն։
17 Արդարեւ, Տէ՛ր, Ասորեստանի թագաւորները ազգեր ու երկրներ ոչնչացրին,
18 հրի մատնեցին նրանց աստուածներին, որոնք աստուածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստուած էին մարդկանց ձեռքով, եւ ոչնչացրին դրանց։
19 Արդ, Տէ՛ր Աստուած մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագաւորութիւններն իմանան, որ միայն դո՛ւ ես Տէր Աստուածը։
20 Ամոսի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ ասելով. Այսպէս է ասում զօրութիւնների Տէր Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Ասորեստանի Սենեքերիմ արքայի մասին ինձ ուղղած աղօթքդ լսեցի։
21 Նրա մասին Տիրոջ ասած խօսքն այս է. Սիոնի կոյս դուստրը քեզ արհամարհեց, անգոսնեց, Երուսաղէմի դուստրը շարժեց քո դէմ գլուխն իր։
22 Դու ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, ո՞ւմ վրայ նախատալից ձայնդ բարձրացրիր, հայեացքդ յառեցիր Իսրայէլի սրբի վրայ։
23 Դեսպաններիդ միջոցով Տիրոջը կշտամբեցիր՝ ասելով. ՚ Իմ բազմաթիւ կառքերով ես ելայ լեռների բարձունքը՝ Լիբանանի լանջերը, կտրատեցի մեծամեծ եղեւնիներն ու ընտիր նոճիները նրա, հասայ եզրը Կարմելի անտառի,
24 փորեցի եւ խմեցի օտար աղբիւրների ջրեր, իմ ոտքի թաթով ցամաքեցրի ջրառատ գետեր։
25 Միթէ չե՞ս լսել, Սենեքերի՛մ, որ ես դա նախօրօք էի պատրաստել ու հասցրել այն վիճակի, որ պատերազմում, նոյնիսկ պարըսպապատ քաղաքներում գերեվարուածների խմբերը տարանջատուեն,
26 այնտեղ բնակուող մարդիկ տկարանան ու զարհուրեն, ամաչեն ու դառնան նման վայրի խոտի, դալար բանջարի, տանիքին բուսած խոտի եւ լինեն ամէն հասնողի ոտքի կոխան։
27 Ես գիտեմ, թէ դու երբ ես նստում,երբ ես վեր կենում,երբ ես մտնում ու ելնում.
28 Գիտեմ նաեւ քո զայրոյթն իմ դէմ։ Քո խռովքը հասել է ականջիս։ Ես կարթ կը գցեմ քո քթին, սանձ կը դնեմ քո բերանին, քեզ յետ կ՚ուղարկեմ այն ճանապարհով, որով եկել ես։
29 Ահա թէ ինչը քեզ համար նշան կը լինի, Եզեկիա՛. այս տարի կ՚ուտես ինքնաբոյս ցորենը, երկրորդ տարին նոյնպէս՝ ինքնաբոյս ցորենը, երրորդ տարին՝ ձեր ցանածը, հնձածն ու այգիների բերքը, դրանց արդիւնքները կ՚ուտէք։
30 Յուդայի երկրում կենդանի մնացածները բազմանալու են, ներքեւից արմատ են արձակելու, վերեւից պտուղ են տալու,
31 քանզի Երուսաղէմից են ելնելու կենդանի մնացածները, եւ Սիոն լեռից՝ փրկուածները։ Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութիւնն է դա ի կատար ածելու։
32 Դրա համար այսպէս է ասում Տէրը. ՚ Ասորեստանի արքան չի մտնի այս քաղաքը, նետեր չի արձակի դրա վրայ, քաղաքը չի պաշարի վահաններով, նրա առջեւ հողաթումբ չի կանգնեցնի,
33 յետ կը գնայ այն ճանապարհով, որով եկել էր, եւ այս քաղաքը չի մտնի։ Այսպէս է ասում Տէրը.
34 ՚ Այս քաղաքը պիտի հովանաւորեմ, որպէսզի այն ազատեմ ինձ ու իմ ծառայ Դաւթի համար։
35 Երբ որ գիշերը վրայ հասաւ, Տիրոջ հրեշտակը եկաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Երբ առաւօտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են։
36 Ասորեստանի Սենեքերիմ արքան չուեց ու գնաց բնակուեց Նինուէում։
37 Երբ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելէքն ու Սարասարը նրան սրով հարուածեցին եւ Արարատի երկիրը փախան։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Ասորդանը։