ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 14

1 Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասի թագաւորութեան երկրորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիան։
2 Քսանհինգ տարեկան էր նա, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունն էր Յովադին, որը Երուսաղէմից էր։
3 Ամասիան արդար գտնուեց Տիրոջ առջեւ, բայց ոչ իր նախնի Դաւթի նման։ Ըստ ամենայնի նա արեց այն, ինչ իր հայր Յովասն էր արել,
4 սակայն բարձունքների մեհեանները չվերացրեց, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում։
5 Երբ թագաւորութիւնն իր ձեռքն անցաւ, նա սպանեց իր այն պալատական պաշտօնեաներին, որոնք սպանել էին իր հօրը,
6 սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետեւ, ինչպէս գրուած է Մովսէսի Օրէնքի գրքում, Տէրը պատուիրել է՝ ասելով. Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամէն ոք իր մեղքի համար թող մեռնի։
7 Նա տասը հազար եդոմացիների սպանեց Մայիլայում, գրաւեց Վէմը պատերազմով եւ այն կոչեց Յեկթովէլ, ինչպէս եւ կոչւում է մինչեւ այսօր։
8 Այդ ժամանակ Ամասիան Իսրայէլի արքայ Յէուի որդի Յովաքազի որդի Յովասի մօտ բանագնաց ուղարկեց՝ ասելով. Ե՛կ երես երեսի հանդիպենք միմեանց։
9 Իսրայէլի արքայ Յովասը մարդ ուղարկեց Յուդայի երկրի արքայ Ամասիայի մօտ եւ ասաց. Լիբանանում բուսնող ակքան փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղեւնուն՝ ասելով. Քո դստերը կնութեան տո՛ւր իմ որդուն։ Լիբանանի անապատի գազանները, սակայն, անցան ու կոխոտեցին ակքան փուշը։
10 Եդոմացիներին կոտորեցիր եւ մտքումդ հպարտացար։ Գոհացի՛ր քո փառքով ու նստի՛ր քո տանը։ Ինչո՞ւ է քո չարութիւնը քեզ գրգռում, չէ՞ որ կ՚ընկնես դու, եւ քեզ հետ էլ՝ Յուդայի երկիրը։
11 Ամասիան չանսաց նրան, եւ պատերազմի ելաւ Իսրայէլի արքայ Յովասը։ Հրէաստանի Բեթսամիւս բնակավայրում դէմ դիմաց իրար հանդիպեցին ինքը եւ Յուդայի երկրի արքայ Ամասիան։
12 Յուդայի երկրի զօրքը պարտուեց Իսրայէլից, եւ Յուդայի երկրի բոլոր զօրքերը իրենց վրանները փախան։
13 Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասը Բեթսամիւսում բռնեց Յովաքազի որդի Յովասի որդի Ամասիային՝ Յուդայի երկրի թագաւորին, եկաւ Երուսաղէմ եւ Եփրեմի դարպասից մինչեւ Անկիւնների դարպասը քանդեց Երուսաղէմի պարիսպը, որը չորս հարիւր կանգուն էր։
14 Նա Տիրոջ տան ու թագաւորի տան գանձարանում եղած ոսկին ու արծաթը, բոլոր անօթները եւ հարճորդիներին վերցնելով՝ վերադարձաւ Սամարիա։
15 Յովասի մնացած գործերը, նրա կատարած քաջագործութիւններն ու Յուդայի երկրի արքայ Ամասիայի դէմ մղած պատերազմը չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
16 Յովասը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Սամարիայում, Իսրայէլի թագաւորների հետ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յերոբովամը։
17 Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիան Իսրայէլի թագաւոր Յովաքազի որդի Յովասի մահուանից յետոյ ապրեց տասնհինգ տարի։
18 Ամասիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
19 Նրա դէմ Երուսաղէմում դաւադրութիւն կազմակերպեցին, եւ նա փախաւ Լաքիս։ Նրա յետեւից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
20 Նրան բերեցին ձիերի վրայ ու թաղեցին Երուսաղէմում՝ Դաւթի քաղաքում, իր հայրերի մօտ։
21 Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը վերցրեց տասնվեցամեայ Ազարիային եւ թագաւոր նստեցրեց նրա հայր Ամասիայի փոխարէն։
22 Ազարիան բարեկարգեց Ելոթը եւ արքայի մեռնելուց յետոյ այն վերադարձրեց Յուդայի երկրին։
23 Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիայի թագաւորութեան տասնհինգերորդ տարում թագաւորեց Իսրայէլի արքայ Յովասի որդի Յերոբովամը։ Նա քառասունմէկ տարի թագաւորեց Սամարիայում։
24 Նա Տիրոջ առջեւ չարիք գործեց, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի բոլոր մեղքերից։
25 Նա Իսրայէլի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչեւ Արաբա ծովը ապահով դարձրեց, ինչպէս իր ծառայ գեթաքոբերացի Ամաթի որդի Յովնան մարգարէի միջոցով ասել էր Տէր Աստուածը,
26 քանզի Տէրը տեսել էր սակաւամարդ, նեղուած, տկար ու լքուած Իսրայէլի չափազանց դառն տառապանքը. ոչ ոք չկար, որ օգնէր Իսրայէլին։
27 Տէրը չէր ուզում, որ իսրայէլացիները բնաջնջուեն երկնքի ներքոյ, ուստի Յովասի որդի Յերոբովամի ձեռքով փրկեց նրանց։
28 Յերոբովամի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, թէ պատերազմում նա ինչպիսի քաջագործութիւն է ցուցաբերել, ինչպէս է Դամասկոսն ու Եմաթը Յուդայի երկրից ազատելով վերադարձրել Իսրայէլին, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
29 Յերոբովամը գնաց իր նախնիների՝ Իսրայէլի թագաւորների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Զաքարիան։