ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 24

1 Յովակիմի օրօք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելաւ կռուի։ Յովակիմը երեք տարի նրան հպատակ եղաւ, բայց յետոյ ապստամբեց նրա դէմ։
2 Տէրը Յովակիմի դէմ ուղարկեց քաղդէացիների, ասորիների, մովաբացիների եւ ամոնացիների կողոպտիչ զօրքը։ Նա նրանց Հրէաստանի դէմ ուղարկեց, որպէսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպէս ասել էր Տէրը իր մարգարէների միջոցով։
3 Տէրը բարկացել էր Յուդայի երկրի վրայ, իրենից հեռու վանել նրան Մանասէի կատարած մեղքերի պատճառով, այն անմեղ արեան համար, որ նա թափել էր
4 ու Երուսաղէմը լցրել այդ անմեղ արեամբ։ Տէրը չուզեց ներել նրան։
5 Յովակիմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
6 Յովակիմը գնաց իր նախնիների գիրկը, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաքիմը։
7 Եգիպտոսի փարաւոնն այլեւս իր երկրից դուրս չեկաւ, որովհետեւ Բաբելոնի արքան գրաւել էր Եգիպտոսի հեղեղատից մինչեւ Եփրատ գետը, այն ամէնը, ինչ պատկանում էր Եգիպտոսի արքային։
8 Յովաքիմը տասնութ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Նեսթա էր, նա երուսաղէմացի Ելամաթի դուստրն էր։
9 Յովաքիմը չարիք գործեց Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հօր արարքները։
10 Այդ ժամանակ Երուսաղէմի դէմ ելաւ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան, եկաւ ու պաշարեց քաղաքը։
11 Բաբելացիների արքան Երուսաղէմ քաղաքը եկաւ, երբ նրա զօրականները պաշարուած վիճակում էին պահում այն։
12 Այն ժամանակ Յուդայի երկրի արքայ Յովաքիմը, իր զօրականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մօտ, եւ բաբելացիների արքան իր թագաւորութեան ութերորդ տարում գերեվարեց նրանց։
13 Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագաւորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկէ անօթները, որ Իսրայէլի Սողոմոն արքան պատրաստել էր տուել Տիրոջ տաճարի համար, ինչպէս ասել էր Տէրը։
14 Ամբողջ Երուսաղէմը, բոլոր իշխաններին ու հզօր մարդկանց՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հիւսներին ու դարբիններին տարաւ։ Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։
15 Նա Յովաքիմին, թագաւորի մօրը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի ուժեղ մարդկանց Երուսաղէմից տարաւ Բաբելոն, գերութեան։
16 Բաբելացիների արքան բոլոր եօթը հազար հզօր մարդկանց, հազար հիւսների ու դարբինների՝ ամէնքն էլ կտրիճ պատերազմիկներ, գերութեան տարաւ Բաբելոն։
17 Բաբելացիների արքան նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, եւ անունը դրեց Սեդեկիա։
18 Սեդեկիան քսանմէկ տարեկան էր, որ դարձաւ թագաւոր, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամատել էր։ Նա ղոբնացի Երեմիայի դուստրն էր։
19 Սեդեկիան Տիրոջ առջեւ չարիք գործեց, ինչպէս արել էր Յովաքիմը։
20 Տէրը բարկացել էր Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ այն սատիճան, որ Տէրը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ։