ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 20

1 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիւանդացաւ։Նրա մօտ եկաւ Ամոսի որդի Եսայի մարգարէն եւ ասաց նրան. Այսպէս է ասում Տէրը. Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես։
2 Եզեկիան երեսը պատի կողմը դարձրեց եւ աղօթեց Տիրոջն՝ ասելով.
3 Ո՜վ Տէր, յիշի՛ր, թէ ինչպէս եմ ես քո առջեւ ճշմարտութեամբ ու հաւատարիմ սրտով ընթացել, քո առջեւ բարին եմ կատարել։ Եւ Եզեկիան դառնօրէն արտասուեց։
4 Եսային դեռ դուրս չէր եկել գաւթից, երբ նրան հասաւ Տիրոջ խօսքը, որ ասում էր.
5 Յե՛տ դարձիր եւ իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. Այսպէս է ասում քո նախնի Դաւթի Տէր Աստուածը. ՚ Լսեցի քո աղօթքը եւ տեսայ քո արտասուքը։ Ես, ահա, պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը,
6 քո կեանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին ինձ ու իմ ծառայ Դաւթի համար ։
7 Եսային ասաց. Չոր թզե՛ր բերէք։ Բերեցին, վէրքի վրայ դրեցին, ու նա առողջացաւ։
8 Եզեկիան ասաց Եսայուն. Ի՞նչ է նշանակում այն, որ Տէրն ինձ բժշկեց, եւ թէ ինչո՞ւ երրորդ օրը Տիրոջ դուռը պիտի գնամ։
9 Եսային ասաց. Դա նշան է Տիրոջ կողմից, որ Տէրն իր խօսքը կը կատարի. արեւի ժամացոյցի ստուերը տասն աստիճան առաջ պիտի շարժուի։
10 Եզեկիան ասաց. Ստուերի տասը աստիճան առաջ շարժուելը բնական բան է։ Ո՛չ, այդպէս թող չլինի, ստուերը թող տասն աստիճան յետ դառնայ։
11 Եսայի մարգարէն դիմեց Տիրոջը, եւ ստուերը տասն աստիճան յետ դարձաւ Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններով։
12 Այդ ժամանակ Բաբելոնի արքան՝ Բաղդանի որդի Մարոդաք Բաղդանը հրովարտակներ ու ընծաներ ուղարկեց Եզեկիային, որովհետեւ լսել էր, թէ Եզեկիան հիւանդացել է։
13 Եզեկիան ուրախացաւ դրանց համար եւ նրա դեսպաններին ցոյց տուեց Նաքոթի ամբողջ գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ իւղերը, զինանոցը եւ այն ամէնը, ինչ կար իր գանձատանը։ Եզեկիան իր տանը եւ ամբողջ իշխանութեան մէջ տեղ չթողեց, որ ցոյց չտար նրանց։
14 Եսայի մարգարէն եկաւ Եզեկիա արքայի մօտ ու ասաց նրան. Ի՞նչ խօսեցին այդ մարդիկ եւ որտեղի՞ց էին եկել քեզ մօտ։ Եզեկիան ասաց. Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել ինձ մօտ։
15 Եսային ասաց. Ի՞նչ տեսան քո տանը։ Եզեկիան ասաց. Ինչ որ կար իմ տանը եւ իմ գանձատանը, տեսան. ոչ մի բան չկայ իմ տան մէջ եւ իմ գանձատանը, որ նրանց ցոյց տուած չլինեմ։
16 Եսային ասաց Եզեկիային. Լսի՛ր Տիրոջ խօսքը.
17 Ահա կը գան օրեր, եւ քո տան մէջ ինչ որ կայ, եւ ինչ որ կուտակել են քո հայրերը մինչեւ այսօր, կը տարուեն Բաբելոն, ոչինչ չի մնայ։
18 Այս է Տիրոջ ասած խօսքը. Քո որդիները, որոնք քեզնից են ծնուելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը։
19 Եզեկիան ասաց Եսայուն. Բարի է Տիրոջ ասած խօսքը։ Ապա աւելացրեց. Միայն թէ խաղաղութիւն ու ապահովութիւն լինի իմ օրերում։
20 Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործութիւնները, նրա ջրամբարների, ջրմուղի եւ քաղաք հասնող ջրատարի շինարարութիւնը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
21 Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Մանասէն։