ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 8

1 Եղիսէէն, խօսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. Վե՛ր կացէք գնացէ՛ք դու եւ քո տնեցիները, եղէ՛ք պանդուխտ այնտեղ, որտեղ կարող էք ապրել, քանզի Տէրը սով է ուղարկելու երկրի վրայ. դա արդէն եկել է եւ եօթը տարի է տեւելու երկրի վրայ։
2 Կինը վեր կացաւ եւ արեց այնպէս, ինչպէս Եղիսէէն էր ասել. ինքն ու տնեցիները գնացին եւ եօթը տարի պանդուխտ մնացին այլազգիների երկրում։
3 Եօթը տարին լրանալուց յետոյ կինը վերադարձաւ այլազգիների երկրից եւ իր տան ու արտերի համար բողոքի գնաց արքայի մօտ։
4 Թագաւորը խօսելով Աստծու մարդ Եղիսէէի սպասաւոր Գէեզիի հետ՝ ասաց. Պատմի՛ր ինձ Եղիսէէի կատարած բոլոր մեծամեծ գործերը։
5 Երբ նա պատմում էր արքային, թէ ինչպէս էր Եղիսէէն կենդանացրել մեռեալ որդուն, առաջ եկաւ այդ կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսէէն, եւ արքային ասաց իր տան եւ արտերի մասին։ Գէեզին ասաց. Տէ՜ր արքայ, այս է այդ կինը, եւ այս էլ՝ նրա որդին, որին Եղիսէէն կենդանացրեց։
6 Արքան հարցեր տուեց կնոջը, եւ նա պատմեց նրան։ Թագաւորը տուեց նրան մի ներքինի եւ ասաց. Վերադարձրո՛ւ նրան նրա ամբողջ ունեցուածքը եւ արտերի այն ամբողջ բերքը, որ ստացուել է նրա պանդխտութեան առաջին օրից մինչեւ այսօր։
7 Եղիսէէն եկաւ Դամասկոս։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, հիւանդացել էր։ Նրան այդ մասին յայտնելով՝ ասացին. Աստծու մարդն այստեղ է եկել։
8 Արքան ասաց Ազայէլին. Մի ընծա՛յ վերցրու, գնա՛ Աստծու մարդու մօտ, նրա միջոցով Տիրոջը հարցրո՛ւ, թէ կը բուժուե՞մ արդեօք իմ այս հիւանդութիւնից։
9 Ազայէլը վերցրեց ընծան եւ Դամասկոսի բոլոր բարիքները քառասուն ուղտի վրայ բարձելով՝ գնաց նրան ընդառաջ։ Նա կանգնելով նրա առջեւ՝ ասաց. Ո՜վ հայր Եղիսէէ, քո որդին, ասորիների արքայ Ադերի որդին, ինձ քեզ մօտ է ուղարկել՝ ասելով, թէ՝ Արդեօք կը բուժուե՞մ իմ այս հիւանդութիւնից։
10 Եղիսէէն ասաց նրան. Գնա ասա՛, որ կ՚ապրի, սակայն Տէրն ինձ ցոյց է տուել, որ կը մեռնի։
11 Մարգարէի հայեացքը դարձաւ սեւեռուն, դէմքը՝ լարուած, եւ Աստծու մարդը լաց եղաւ։
12 Ազայէլը հարցրեց. Ինչո՞ւ ես լալիս, տէ՛ր իմ։ Եղիսէէն ասաց. Գիտեմ, թէ իսրայէլացիների դէմ ինչ չարիքներ ես գործելու. նրանց ամրոցները հրով պիտի այրես, քաջ մարդկանց սրով պիտի կոտորես, նրանց տղաներին պիտի ոչնչացնես, յղիների փորը պիտի պատռես։
13 Ազայէլն ասաց. Քո ծառան ի՞նչ շուն է, որ այդ բաներն անի։ Եղիսէէն ասաց. Տէրն ինձ յայտնեց, որ դո՛ւ պիտի թագաւորես ասորիների վրայ։
14 Ազայէլը գնաց Եղիսէէի մօտից եւ մտաւ իր տիրոջ մօտ։ Սա հարցրեց նրան. Ի՞նչ ասաց Եղիսէէն։ Նա պատասխանեց. Ինձ ասաց, թէ՝ Անպայման կ՚ապրես։
15 Հետեւեալ օրը նա մի սաւան առաւ, ջրով թրջեց, փռեց իր երեսին ու մեռաւ։ Նրա փոխարէն թագաւորեց Ազայէլը։
16 Իսրայէլի արքայ Աքաաբի որդի Յորամի թագաւորութեան հինգերորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Յոսափատ արքայի որդի Յորամը։
17 Երբ նա գահ բարձրացաւ, երեսուներկու տարեկան էր եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։
18 Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհով, ինչպէս արել էր Աքաաբի տոհմը, քանզի Աքաաբի դուստրը նրա կինն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ,
19 սակայն Տէրը չկամեցաւ ոչնչացնել Յուդայի երկիրը իր ծառայ Դաւթի սիրուն, որովհետեւ նրան խոստացել էր, որ թէ՛ նրան, թէ՛ նրա սերնդին միշտ ճրագ՝ թագաւորութիւն կը տայ։
20 Նրա օրօք Եդոմն ազատագրուեց Յուդայի երկրից եւ իր համար առանձին մի թագաւոր օծեց։
21 Յորամն իր բոլոր մարտակառքերով եկաւ Սիոր եւ առաւօտեան, լոյսը չբացուած, յարձակուեց եդոմացիների վրայ (որոնք իրեն շրջապատել էին), ինչպէս նաեւ նրա մարտակառքերի զօրավարների վրայ։
22 Զինուորները փախան՝ ամէն մէկն իր վրանը։ Եդոմը անջատ մնաց Յուդայի երկրից։ Եւ այդպէս է մինչեւ այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաեւ Լոբնան։
23 Յորամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
24 Յորամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր հայրերի մօտ, իր նախնի Դաւթի քաղաքում, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Օքոզիան։
25 Իսրայէլի արքայ Աքաաբի որդի Յորամի թագաւորութեան տասներկուերորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիան։
26 Երբ Օքոզիան թագաւոր դարձաւ, քսաներկու տարեկան էր։ Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մայրը Իսրայէլի Ամրի արքայի դուստր Գոթողիան էր։
27 Նա ընթացաւ Աքաաբի տոհմի ճանապարհով, չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս Աքաաբի տունն էր արել, որովհետեւ նա Աքաաբի տան փեսան էր։
28 Նա Աքաաբի որդի Յորամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու, սակայն ասորիները խոցեցին Յորամին։
29 Յորամ արքան վերադարձաւ, որպէսզի Յեզրայէլում բուժուի այն վէրքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու ժամանակ։ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիան եկաւ Յեզրայէլ Աքաաբի որդի Յորամի տեսութեան, որովհետեւ սա հիւանդացել էր։