ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 16

1 Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան տասնեօթներորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովաթամի որդի Աքազը։
2 Աքազը քսան տարեկան էր, որ թագաւորեց եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում։ Նա հաւատարիմ չգտնուեց Տէր Աստծու առջեւ, ինչպէս հաւատարիմ էր եղել իր նախնի Դաւիթը,
3 այլ գնաց Իսրայէլի արքայ Նաբատի որդի Յերոբովամի ճանապարհով։ Նա իր որդուն կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորութեան, որոնց Տէրն իսրայէլացիների առջեւից հալածել էր։
4 Նա զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքների մեհեաններում, բլուրների վրայ ու ծառախիտ անտառներում։
5 Այն ժամանակ ասորիների արքայ Ռասոնը եւ Ռոմելիայի որդի Իսրայէլի թագաւոր Փակէէն ելան Աքազի դէմ պատերազմի ու պաշարեցին Երուսաղէմը, սակայն պատերազմը շարունակել չկարողացան։
6 Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան Ելաթը վերադարձրեց ասորիներին, իսկ հրեաներին հանեց Ելաթից։ Եդոմայեցիները եկան Ելաթ եւ այնտեղ են բնակւում մինչեւ այսօր։
7 Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. Ես քո ծառան ու քո որդին եմ։ Արի՛ եւ փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայէլի արքայի ձեռքից, որոնք ինձ վրայ են յարձակուել։
8 Աքազը Տիրոջ տանն ու թագաւորի տան գանձարանում գտնուող արծաթն ու ոսկին առաւ եւ ուղարկեց Ասորեստանի արքային որպէս պարգեւ։
9 Ասորեստանի արքան անսաց նրան, ելաւ Դամասկոսի դէմ ու գրաւեց այն, բնակիչներին գերեվարեց Կիւրէն, իսկ Ռասոնին սպանեց։
10 Աքազ արքան գնաց Դամասկոս, Ասորեստանի Թագղաթփաղասար արքային հանդիպելու։ Նա տեսաւ Դամասկոսում եղած զոհասեղանը, այդ զոհասեղանի օրինակն ու ձեւերը բոլոր մանրամասներով ուղարկեց Ուրիա քահանային։
11 Ուրիա քահանան կառուցեց զոհասեղանը ըստ այն օրինակի, որ Աքազ արքան ուղարկել էր Դամասկոսից։ Մինչեւ Աքազ արքայի Դամասկոսից վերադառնալը Ուրիա քահանան պատրաստեց դա։
12 Երբ արքան տեսաւ զոհասեղանը, մօտեցաւ դրան, զոհեր մատուցեց նրա վրայ, իր ողջակէզներն այրեց,
13 իր ընծաները նուիրեց, զոհասեղանի վրայ թափեց խաղաղութեան զոհերի արիւնը։
14 Տիրոջ առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջեւից, ու դրեց նոր զոհասեղանից հիւսիս։
15 Աքազ արքան պատուէր տուեց Ուրիա քահանային՝ ասելով. Այս մեծ զոհասեղանի վրայ պէտք է մատուցես առաւօտեան ողջակէզը եւ երեկոյեան զոհաբերութիւնը, արքայի ողջակէզն ու նրա զոհաբերութիւնները, երկրի ժողովրդի ողջակէզները, զոհաբերութիւններն ու ընծաները։ Բոլոր ողջակէզների ու զոհաբերութիւնների արիւնը նրա վրայ պէտք է թափես, իսկ պղնձէ զոհասեղանն իմ տրամադրութեան տակ պէտք է լինի առաւօտեան։
16 Ուրիա քահանան ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս նրան պատուիրել էր Աքազ արքան։
17 Աքազ արքան կոտրեց անուաւոր խարիսխները, փոխադրեց լուացարանները, ձուլածոյ աւազանն իջեցրեց իր տակ գտնուող տասներկու պղնձէ ցուլերից ու դրեց քարէ յատակի վրայ։
18 Նա, ի պատիւ Ասորեստանի արքայի, Տիրոջ տան մէջ գահի համար մի պատուանդան դրեց եւ թագաւորական տան արտաքին մուտքը դարձրեց Տիրոջ տան կողմը։
19 Աքազի կատարած մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
20 Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Եզեկիան։