ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 4

1 Մարգարէների որդիների կանանցից մէկը աղաղակում էր Եղիսէէին եւ ասում. Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռաւ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկիւղած ծառան էր, եւ ահա պարտատէրը եկել է, որ իմ երկու որդիներին որպէս ստրուկ տանի իր մօտ։
2 Եղիսէէն նրան ասաց. Ի՞նչ անեմ քեզ։ Ասա՛ ինձ, թէ ինչ կայ քո տանը։ Նա ասաց. Քո աղախնի տանը ոչինչ չկայ, բացի այն իւղից, որով օծւում եմ։
3 Եղիսէէն ասաց. Գնա՛ եւ քո բոլոր դրացիներից դատարկ ամաններ խնդրի՛ր ոչ քիչ քանակով։
4 Ապա մտի՛ր տունդ, դռները փակի՛ր քո եւ քո որդիների վրայ, իսկ քո ունեցած իւղը լցրո՛ւ բոլոր ամանների մէջ ու լցուածը մի կո՛ղմ դիր։
5 Նա հեռացաւ նրա մօտից, դուռը փակեց իր եւ իր որդիների վրայ։ Սրանք ամաններն էին մատուցում, իսկ նա լցնում էր, մինչեւ որ բոլոր ամանները լցուեցին։
6 Նա ասաց իր որդիներին. Մի աման եւս բերէ՛ք։ Նրանք ասացին. Այլեւս աման չկայ։ Եւ իւղը դադարեց հոսելուց։ Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն։
7 Եղիսէէն ասաց. Գնա իւղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, եւ դու ու քո որդիները մնացած իւղով կ՚ապրէք։
8 Պատահեց, որ, երբ մի օր Եղիսէէն անցնում էր Սոմնայից, մի հարուստ կին նրան կանչեց հաց ուտելու։ Եղիսէէն շատ յաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու եւ խմելու։
9 Կինն ասաց իր ամուսնուն. Գիտեմ, որ Աստծու մարդը սուրբ է, եւ նրա ճանապարհը մեր կողմով է անցնում։
10 Ե՛կ մի փոքրիկ վերնատուն շինենք նրա համար, այնտեղ դնենք մահիճ, սեղան, աթոռ ու աշտանակ, եւ երբ որ մեզ մօտ գայ, թող այնտեղ ապրի։
11 Եւ ահա մի օր, երբ նա եկել էր ու մտել վերնատուն ու այդտեղ քնել,
12 ասաց իր սպասաւոր Գէեզիին. Ինձ մօ՛տ կանչիր այդ սոմնացի կնոջը։ Նա կանչեց կնոջը, եւ սա եկաւ կանգնեց նրա առջեւ։
13 Եղիսէէն ասաց սպասաւորին. Ասա՛ նրան. Ահա այս ամէնը դու պատրաստել ես մեզ համար։ Ի՞նչ պէտք է անել քեզ համար. գուցէ արքայի կամ զօրքի հրամանատարի մօտ պէտք է բարեխօսե՞լ քո մասին։ Կինն ասաց. Ես իմ ժողովրդի մէջ եմ բնակւում։
14 Եղիսէէն ասաց. Նրան ի՞նչ կարող ենք անել։ Իր սպասաւոր Գէեզին ասաց. Շատ բարի, չէ՞ որ նա որդի չունի, եւ նրա ամուսինը ծեր չէ։
15 Եղիսէէն ասաց. Կանչի՛ր նրան։ Գէեզին կանչեց նրան, եւ սա կանգնեց դռան առաջ։
16 Եղիսէէն ասաց նրան. Միւս տարի այս ժամանակ, այս օրերին գրկումդ մի մանուկ կ՚ունենաս։ Կինն ասաց. Ո՛չ, տէ՛ր, Աստծո՛ւ մարդ, մի՛ խաբիր քո աղախնին։
17 Կինը յղիացաւ ու հետեւեալ տարին, այդ նոյն ժամանակ որդի ծնեց, որը ողջ-առողջ էր, ինչպէս նրան ասել էր Եղիսէէն։
18 Մանուկը մեծացաւ։Մի օր տղան գնաց իր հօր, հնձողների մօտ ու ասաց իր հօրը. Գլո՜ւխս, գլո՜ւխս։
19 Հայրն ասաց իր ծառային. Տա՛ր սրան իր մօր մօտ։
20 Նա տարաւ նրան նրա մօր մօտ, իսկ երեխան մօր ծնկներին քնեց մինչեւ կէսօր ու մեռաւ։
21 Կինը վերցրեց նրան ու պառկեցնելով Աստծու մարդու անկողնում՝ դուռը փակեց նրա վրայ։
22 Նա գնաց կանչեց իր ամուսնուն եւ ասաց. Ինձ մօ՛տ ուղարկիր քո ծառաներից մէկին ու մի էշ, որպէսզի շտապ հասնեմ Աստծու մարդու մօտ եւ վերադառնամ։
23 Ամուսինն ասաց. Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մօտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ շաբաթ։ Նա ասաց. Հանգստացի՛ր։
24 Կինը համետեց էշը եւ ասաց իր ծառային. Քշի՛ր ու գնա՛, մինչեւ որ ասեմ՝ Կանգնի՛ր։ Բայց եթէ քեզ ասեմ՝ Այստե՛ղ արի, կը գաս։
25 Կը քշես ու կը գնաս Աստծու մարդու մօտ, Կարմելոս լեռը։ Երբ Եղիսէէն տեսաւ, որ կինը գալիս է իր մօտ, ասաց իր սպասաւոր Գէեզիին.
26 Ահա նա այն սոմնացի կինն է։ Ընդառա՛ջ գնա եւ հարցրո՛ւ. Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ։ Նա ասաց. Ողջ-առողջ ենք։
27 Ապա եկաւ Եղիսէէի մօտ, լեռը, եւ գրկեց նրա ոտքերը։ Գէեզին մօտեցաւ, որ նրան յետ քաշի, բայց Եղիսէէն ասաց. Թո՛յլ տուր նրան, որովհետեւ նրա սիրտը վշտահար է, եւ Տէրն ինձնից դա թաքցրել է, չի յայտնել ինձ։
28 Կինն ասաց. Մի՞թէ ես իմ տիրոջից որդի խնդրեցի, չասացի՞, թէ՝ Մի՛ խաբիր ինձ։
29 Եղիսէէն ասաց Գէեզիին. Գօտի՛ կապիր մէջքիդ, իմ ցուպը ձեռքդ վերցրո՛ւ եւ գնա՛։ Եթէ որեւէ մէկին հանդիպես, բարեւ մի՛ տուր, եթէ որեւէ մէկը քեզ բարեւ տայ, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին։
30 Երեխայի մայրն ասաց. Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի։ Եղիսէէն ելաւ ու գնաց կնոջ յետեւից։
31 Գէեզին նրանցից առաջ անցաւ եւ ցուպը դրեց երեխայի երեսին, սակայն երեխան ո՛չ խօսում էր, ո՛չ լսում։ Նա վերադարձաւ Եղիսէէի մօտ ու ասաց. Երեխան վեր չի կենում։
32 Եղիսէէն մտաւ տուն եւ տեսաւ, որ մեռած երեխան պառկած է իր մահճում։
33 Եղիսէէն տուն մտնելով՝ դուռը փակեց իրենց երկուսի վրայ, աղօթեց Տիրոջը,
34 եկաւ ընկաւ երեխայի վրայ, իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ձեռքերը՝ նրա ձեռքերին, ապա կծկուեց նրա վրայ ու ջերմացրեց երեխայի մարմինը։
35 Նա շրջեց տան մէջ այս ու այն կողմ, բարձրացաւ երեխայի վրայ, եօթն անգամ ծածկեց երեխային իր մարմնով, եւ երեխան բացեց իր աչքերը։
36 Եղիսէէն աղաղակեց ու ասաց Գէեզիին. Այստե՛ղ կանչիր սոմնացի կնոջը։ Նա կանչեց նրան, եւ կինը ներս մտաւ։
37 Եղիսէէն ասաց. Ա՛ռ քո որդուն։ Կինը մտաւ, ընկաւ նրա ոտքերին եւ մինչեւ գետին խոնարհուեց նրա առաջ։ Նա առաւ իր որդուն ու գնաց,
38 իսկ Եղիսէէն վերադարձաւ Գաղգաղա։Երկրում սով էր. մարգարէները նստած էին Եղիսէէի առջեւ։ Եղիսէէն իր սպասաւորին ասաց. Մեծ կաթսան կրակի՛ն դիր եւ ապո՛ւր եփիր մարգարէների համար։
39 Նա գնաց դաշտ՝ բանջար քաղելու, գտաւ մի վայրի բոյս եւ դրանից մի ամբողջ բեռ վայրի դդում
40 քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մէջ, բայց նա չէր իմանում, թէ դա ինչ բոյս է։ Երբ ճաշը պատրաստ էր, դրեց նրանց առաջ, որ ուտեն։ Երբ սկսեցին ապուրն ուտել, նրանք աղմուկ բարձրացնելով՝ ասացին. Մահ կայ կաթսայի մէջ, ո՜վ Աստծու մարդ։ Նրանք չկարողացան ուտել։
41 Եղիսէէն ասաց. Ալի՛ւր առէք ու լցրէ՛ք այդ կաթսայի մէջ։ Նա ասաց իր սպասաւոր Գէեզիին. Դի՛ր ժողովրդի առջեւ, որ ուտեն։ Եւ կաթսայի այդ ճաշը ոչ ոքի վնաս չտուեց։
42 Բեթսարիսայից մի մարդ եկաւ եւ Աստծու մարդու համար մատղաշ արմտիքից պատրաստուած նկանակներ, գարեհաց ու չոր թուզ բերեց տոպրակով։
43 Եղիսէէն ասաց. Տուէ՛ք ժողովրդին, թող ուտեն։ Նրա սպասաւորն ասաց. Ի՞նչ ես տալիս, որ հարիւր մարդու առջեւ դնեմ։ Նա ասաց. Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանզի այսպէս է ասում Տէրը. Պիտի ուտեն, եւ պիտի աւելանայ։
44 Ծառան դրեց նրանց առջեւ, նրանք կերան, եւ, Տիրոջ ասածի նման, մի բան էլ դեռ աւելացաւ։