ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 17

1 Յուդայի երկրի արքայ Աքազի թագաւորութեան տասներկուերորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Ելայի որդի Օսէէն։ Նա Սամարիայում թագաւորեց ինը տարի։
2 Նա Տիրոջ առջեւ չար գտնուեց, բայց ոչ Իսրայէլի այն թագաւորների նման, որոնք իրենից առաջ կային։
3 Նրա դէմ յարձակուեց Ասորեստանի Սաղմանասար արքան, եւ Օսէէն նրան ենթակայ դարձաւ, նրան հարկ էր տալիս, որ նա տանի։
4 Ասորեստանի արքան, սակայն, տեսաւ, որ Օսէէի մէջ նենգութիւն կայ, որովհետեւ սա պատգամաւորներ էր ուղարկել Եգիպտոսի թագաւոր Սովային եւ այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան կալանաւորեց նրան եւ բանտարկեց։
5 Ասորեստանի արքան յարձակուեց ամբողջ երկրի վրայ, ելաւ նաեւ Սամարիայի դէմ եւ այն պաշարեց երեք տարի։
6 Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի արքան գրաւեց Սամարիան եւ իսրայէլացիներին քշեց Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում եւ Աբորում, Գոզան գետի մօտ ու Մարերի լեռներում։
7 Իսրայէլացիները մեղանչել էին իրենց տէր Աստծու դէմ, որն իրենց հանել էր Եգիպտացիների երկրից եւ ազատել եգիպտացիների Փարաւոն արքայի ձեռքից։ Նրանք սկսել էին երկիւղ կրել օտար աստուածներից,
8 հետեւել այն ազգերի կրօնին, որոնց Տէրը քշել էր իսրայէլացիների առջեւից։
9 Իսրայէլի թագաւորները նման շատ բաներ էին արել, եւ իսրայէլացիները նման շատ թաքուն գործեր կատարել, որ չպէտք է անէին իրենց Աստծու դէմ։ Նրանք իրենց բոլոր քաղաքներում բարձրադիր տեղեր ստեղծեցին, սկսած պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը,
10 իրենց համար արձաններ եւ կուռքեր կանգնեցրին, բոլոր բարձր բլուրների վրայ, բոլոր անտառախիտ ծառերի ներքոյ,
11 բոլոր բարձունքների վրայ խունկ էին ծխում այն բոլոր ազգերի նման, որոնց Տէրը վտարել էր նրանց առջեւից։ Նրանք վատ ընկերակիցներ ունեցան եւ վատ հաւաքոյթներ կազմակերպեցին, որպէսզի բարկացնեն Տիրոջը։
12 Նրանք պաշտեցին կուռքեր, որոնց մասին Տէրն իրենց ասել էր. Այդ բանը մի՛ արէք յանուն Տիրոջ։
13 Տէրը բոլոր մարգարէների ու տեսանողների միջոցով Իսրայէլին ու Յուդայի երկրին զգուշացրեց՝ ասելով. Դարձէ՛ք ձեր չար ճանապարհներից, պահեցէ՛ք իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները, որ պատուիրեցի ձեր հայրերին, եւ որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառայ մարգարէների միջոցով։
14 Նրանք չլսեցին, աւելի ըմբոստացան, քան իրենց հայրերը, չհաւատացին իրենց Տէր Աստծուն։
15 Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայութիւնները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստուածներ պաշտողների հետքերով՝ իրենք էլ նրանց հետ սնոտի աստուածներ պաշտողներ դառնալով իրենց շրջապատող ազգերին հետեւելով։ Մինչդեռ Տէրը պատուիրել էր, որ չնմանուեն նրանց։
16 Նրանք անտեսեցին իրենց Տէր Աստծու բոլոր պատուիրանները, իրենց համար երկու ձուլածոյ երինջներ պատրաստեցին, երկնքի զօրութիւններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին,
17 իրենց տղաներին եւ աղջիկներին կրակի միջով անցկացրին, կախարդութիւն ու հմայութիւն արեցին, համարձակուեցին Տիրոջ առջեւ չարութիւն գործել եւ զայրացրին նրան։
18 Տէրն Իսրայէլի վրայ խիստ բարկացաւ, չուզեց տեսնել նրանց երեսը, այնպէս որ միայն Յուդայի ցեղն էր մնացել։
19 Սակայն Յուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին իրենց Տէր Աստծու պատուիրանները եւ ընթացան Իսրայէլի երկրում ընդունուած սովորութիւններով։
20 Նրանք Տիրոջը հեռու պահեցին Իսրայէլի ամբողջ սերնդից։ Տէրը նրանց չարչարեց եւ աւարառուների ձեռքը մատնեց, մինչեւ որ նրանց իր երեսից հեռու վանեց։
21 Մինչ Դաւթի տունը գոյութիւն ունէր, նրանք Իսրայէլի թագաւոր էին նստեցրել Նաբատի որդի Յերոբովամին, եւ Յերոբովամը իսրայէլացիներին արգելել էր ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տուել։
22 Իսրայէլացիներն ընթացել էին Յերոբովամի գործած բոլոր մեղքերի ճանապարհով, չէին հրաժարուել դրանցից։
23 Տէրն իր երեսը թեքել էր Իսրայէլից, ինչպէս որ մարգարէների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին։ Այսպէս է, որ Իսրայէլացիներն իրենց երկրից Ասորեստան գերեվարուեցին, ուր գտնւում են մինչեւ այսօր։
24 Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց էր բերել տուել եւ իսրայէլացիների փոխարէն բնակեցրել Սամարիայի քաղաքներում։ նրանք ժառանգել էին Սամարիան ու բնակուել նրա քաղաքներում։
25 Իրենց բնակութեան սկզբնական շրջանում նրանք չէին վախեցել Տիրոջից, եւ Տէրն առիւծներ էր ուղարկել, որ յօշոտեն նրանց։
26 Նրանք դիմել էին Ասորեստանի թագաւորին՝ ասելով. Այն ազգերը, որոնց փոխադրեցիր եւ Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը, Տէրը նրանց վրայ առիւծներ ուղարկեց, որոնք ահա յօշոտում են նրանց, որովհետեւ չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը։
27 Ասորեստանի արքան հրաման էր արձակել ու ասել. Այնտե՛ղ տարէք ձեր գերեվարած քահանաներից մէկին, որ գնայ այնտեղ բնակուի, սովորեցնի Տիրոջ կրօնը եւ լուսաւորի նրանց այդ երկրի Աստծու օրէնքներով։
28 Գերուած քահանաներից մէկին Սամարիայից տարել էին, բնակեցրել Բեթէլում։ Քահանան լուսաւորել էր նրանց եւ սովորեցրել, որ երկիւղ կրեն Տիրոջից։
29 Ամէն մի ազգ իր ապրած քաղաքում իր համար տարբեր աստուածներ էր պատրաստել եւ դրել այն բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ սամարացիներն էին շինել։
30 Բաբելացիները կառուցել էին Սոքքոթն ու Բանոթը, քութացիները կառուցել էին Անգեղը, եմաթացիները կառուցել էին Ասիմաթը,
31 այիացիները կառուցել էին Աբլազերը, Նեբասը, Թարթակն ու Սեփփարուիմը, ուր սեփփարուիմացիները կենդանի վառում էին իրենց որդիներին Սեփփարուիմի աստուածներ Ադրամելէքի ու Ամամելէքի համար վառուող հրով։
32 Նրանք երկիւղ էին կրում նաեւ Տիրոջից, սակայն իրենց գարշելի կուռքերը հաստատել էին բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ ամէն մի ազգ շինել էր Սամարիայում, այնտեղ, ուր նրանք բնակւում էին։ Թէեւ Տիրոջից երկիւղ էին կրում, բայց բարձունքների վրայ քրմեր էին նշանակել.
33 թէեւ երկիւղ էին կրում Տիրոջից, բայց պաշտում էին իրենց աստուածներին ըստ այն ազգերի կրօնների, որոնց Աստուած մերժել էր։
34 Մինչեւ օրս նրանք առաջնորդւում են իրենց սովորութիւններով. թէեւ երկիւղ են կրում Տիրոջից, բայց վարւում են ըստ իրենց սովորութիւնների, կանոնների եւ օրէնքների, նաեւ ըստ այն պատուիրանի, որ Տէրը պատուիրել էր Յակոբի որդիներին։ Տէրը Յակոբի անունը դրել էր Իսրայէլ։
35 Տէրը նրանց հետ ուխտ էր դրել, պատուիրել ու ասել. Մի՛ վախեցէք օտար աստուածներից, մի՛ երկրպագէք նրանց, մի՛ պաշտէք նրանց, զոհեր մի՛ մատուցէք նրանց,
36 այլ վախեցէ՛ք Տէր Աստծուց, որը մեծ զօրութեամբ ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց Եգիպտոսից։ Նրանի՛ց վախեցէք, նրա՛ն երկրպագեցէք ու նրա՛ն զոհեր մատուցեցէք։
37 Ձեզ համար գրուած կանոնները, դատաստանները, օրէնքներն ու պատուիրանները զգուշութեա՛մբ գործադրեցէք։ Մի՛ վախեցէք օտար աստուածներից,
38 մի՛ մոռացէք այն ուխտը, որ Տէրը դրել է ձեզ հետ, մի՛ վախեցէք օտար աստուածներից, այլ ձեր Տէ՛ր Աստծուց երկիւղ կրեցէք։
39 Նա ձեզ կը փրկի ձեր բոլոր թշնամիներից։
40 Մի՛ հաւատացէք նրանց կրօնին, որին նրանք հետեւում են։
41 Այդ ազգերը թէպէտ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքն էին պաշտում։ Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչեւ այսօր վարւում են այնպէս, ինչպէս իրենց նախնիները։