ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ. Chapter 25

1 Այնպէս պատահեց, որ իր թագաւորութեան իններորդ տարուայ տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմի դէմ, նրա շուրջը բանակ դրեց եւ պարիսպ բարձրացրեց։
2 Քաղաքը պաշարուեց մինչեւ Սեդեկիա արքայի թագաւորութեան տասնմէկերորդ տարուայ
3 իններորդ ամիսը։ Քաղաքում սովը սաստկացաւ, եւ երկրի ժողովուրդը հաց չունէր։
4 Քաղաքի պարսպի մէջ ճեղք բացուեց, եւ բոլոր պատերազմիկները գիշերը փախան պարիսպների միջեւ գտնուող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտէզի մօտ էր։ Քաղդէացիները քաղաքը շրջապատել էին։ Թագաւորը գնաց Արաբա դաշտը տանող ճանապարհով։
5 Երբ քաղդէացիների զօրքը տեսաւ այդ, ընկաւ թագաւորի յետեւից եւ նրան հասաւ Երիքովի Արաբոթ վայրում։ Նրա ամբողջ զօրքը նրանից հեռացաւ։
6 Բռնեցին թագաւորին ու բերեցին Բաբելոնի արքայի մօտ, Ռեբղաթա, եւ արքան նրա դատաստանն արեց։
7 Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ շղթայակապ տարաւ Բաբելոն։
8 Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարուայ հինգերորդ ամսի եօթներորդ օրը Բաբելոնի արքայի ծառայ Նաբուզարդան դահճապետը եկաւ Երուսաղէմ,
9 այրեց Տիրոջ տունը, թագաւորի տունը, Երուսաղէմի բոլոր տները եւ ամէն ինչ կրակի մատնեց։
10 Դահճապետի հետ եկած քաղդէացիների բոլոր զինուորները Երուսաղէմի պարիսպը շուրջանակի քանդեցին։
11 Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային յանձնուելիք փախստականներին եւ մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարաւ։
12 Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպէսզի սրանք զբաղուեն այգեգործութեամբ ու երկրագործութեամբ։
13 Քաղդէացիները Տիրոջ տան երկու պղնձէ սիւները, պատուանդաններն ու պղնձէ աւազանը, որը Տիրոջ տան մէջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։
14 Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները եւ բոլոր պղնձէ անօթները, որոնցով սպասաւորութիւն էին անում, տարան։
15 Դահճապետը վերցրեց արծաթէ ու ոսկէ բուրվառներն ու ափսէները,
16 ինչպէս նաեւ երկու սիւները եւ մի աւազանն ու պատուանդանները, որ Սողոմոնն էր դրել Տիրոջ տանը։
17 Այս բոլոր պղնձէ անօթներին կշիռ չկար։ Մի սիւնը տասնութ կանգուն բարձրութիւն ունէր, վրան պղնձէ խոյակ կար, եւ մի խոյակի բարձրութիւնը երեք կանգուն էր։ Վանդակ ու նռնաձեւ զարդեր կային խոյակի վրայ, շուրջանակի, ամբողջովին պղնձէ։ Նոյնօրինակ վանդակի զարդեր կային նաեւ երկրորդ սիւնի վրայ։
18 Դահճապետն առաւ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային,
19 կշեռքի երեք պահապաններին, քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց զօրագլուխն էր, արքայի առջեւ կանգնող խորհրդականներից հինգ հոգու, որոնք քաղաքում էին գտնւում, զօրքի քարտուղար իշխանին, որը զինուորագրում էր երկրի ժողովրդին, եւ երկրի ժողովրդից եօթը այլ մարդկանց, որոնք քաղաքում էին գտնւում։
20 Նաբուզարդան դահճապետը նրանց առաւ տարաւ Ռեբղաթա, Բաբելոնի արքայի մօտ։
21 Բաբելոնի արքան հարուածելով սպանեց նրանց Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում։ Այսպիսով Յուդայի բնակիչները իրենց երկրից գերեվարուեցին։
22 Յուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքայ Նաբուքոդոնոսորը թողեց եւ նրանց վրայ կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։
23 Երբ զօրքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, ապա Գոդողիայի մօտ, Մասեփա եկան Նաթանիայի որդի Իսմայէլը, Կարէի որդի Յովնանը, սոփաթացի Թանայէմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Յեզոնիան։ Եկան թէ՛ իրենք, թէ՛ իրենց մարդիկ։
24 Գոդողիան ինքն ու իր մարդիկ երդուեցին, եւ նա ասաց. Մի՛ վախեցէք քաղդէացի ասպատակներից, նստեցէ՛ք ձեր երկրում, ծառայեցէ՛ք Բաբելոնի արքային, եւ ձեզ համար լաւ կը լինի։
25 Այնպէս պատահեց, սակայն, որ եօթներորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայէլը, որը թագաւորական ընտանիքից էր, տասը մարդով եկաւ, խփեց Գոդողիային, եւ սա մեռաւ։ Նա սպանեց նաեւ Մասեփայում նրա մօտ գտնուող հրեաներին ու քաղդէացիներին։
26 Ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նաեւ զօրքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետեւ վախենում էին քաղդէացիներից։
27 Յուդայի երկրի արքայ Յովաքիմի գերութեան երեսունեօթներորդ տարուայ տասներկուերորդ ամսի քսանեօթներորդ օրը Բաբելոնի Եւիլմարոդաք արքան իր թագաւորութեան առաջին տարում շնորհ արեց Յուդայի երկրի Յովաքիմ արքային, նրան հանեց բանտից,
28 քաղցրութեամբ խօսեց նրա հետ, նրա աթոռը Բաբելոնում իր մօտ գտնուող այլ թագաւորների աթոռից բարձր դրեց։
29 Նրա բանտային հագուստները փոխեց, եւ Յովաքիմը միշտ նրա հետ էր հաց ուտում։
30 Յովաքիմի ապրուստի միջոցները, որպէս հանապազօրեայ ապրուստի միջոցներ, նրան տրւում էին արքայական տնից ամէն օր մինչեւ նրա կեանքի վերջը։