ՅՈԲ. Chapter 2

1 Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց մէջ էր ու նրանց հետ Տիրոջ առաջ եկաւ կանգնեց նաեւ սատանան։
2 Եւ Տէրն ասաց սատանային. Որտեղի՞ց ես գալիս։ Այն ժամանակ սատանան Տիրոջն ասաց. Եկել եմ՝ թափառելով անցնելով երկնքի ներքոյ եւ շրջելով ամէն տեղ։
3 Եւ Տէրն ասաց սատանային. Տեսա՞ր արդեօք իմ ծառայ Յոբին, որի նման ճշմարտախօս, անարատ, աստուածապաշտ, ամէն չար գործից հեռու մնացող մարդ չկայ երկրի վրայ. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղութեան մէջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստեան մատնեմ նրա ունեցուածքը։
4 Պատասխան տուեց սատանան ու ասաց Տիրոջը. Մորթի դէմ՝ մորթ. մարդն ինչ որ ունի՝ իր կեանքի համար կը տայ։
5 Բայց ահա մեկնի՛ր ձեռքդ, ձե՛ռք տուր նրա ոսկորին ու մարմնին, ու կը տեսնես, որ նա դէմառդէմ կ՚անիծի քեզ։
6 Տէրն ասաց սատանային. Ահա նրան քո ձեռքն եմ մատնում, պայմանով որ նրա կեանքը պահես։
7 Եւ սատանան հեռացաւ Տիրոջ առաջից եւ ոտից գլուխ չարորակ վէրքերով պատեց Յոբին։
8 Եւ Յոբը խեցու մի կտոր առնելով՝ քերում էր թարախը. նստում էր աղբիւսում, քաղաքից դուրս։
9 Ու երբ այս դէպքից շատ ժամանակ անցաւ, կինն ասաց նրան. Մինչեւ ե՞րբ, դիմանալով, պիտի ասես, որ համբերելու ես դեռ մի որոշ ժամանակ՝ փրկութեան յոյս ակնկալելով։ Ահա ջնջուած է յիշատակդ երկրի երեսից, ոչնչացուած են տղաներդ ու աղջիկներդ՝ իմ որովայնի ծնունդները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով։ Դու ինքդ էլ զազրելի որդերի մէջ նստած ես բացօթեայ, իսկ ես, մոլորուած, ծառայի պէս տնից տուն, տեղից տեղ ընկած՝ սպասում եմ, թէ ե՛րբ է արեգակը մայր մտնելու, որ հանգստանամ իմ տառապանքներից ու ցաւերից, որոնք այժմ պատել են ինձ։ Արդ, մի խօ՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր։
10 Եւ Յոբը նրան նայելով՝ ասաց. Խօսեցիր ինչպէս մի անզգամ կին. եթէ Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք։ Եւ իր հետ պատահած այս բոլոր դէպքերի ժամանակ Յոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամութիւն հանդէս բերեց Աստծու հանդէպ։
11 Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքայ Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը եւ մինեցիների արքայ Սոփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Յոբի վրայ, համաձայնելով եկան նրա մօտ, իւրաքանչիւրն իր աշխարհից՝ մխիթարելու եւ ամոքելու նրան։
12 Նրան հեռուից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. իւրաքանչիւրն իր պատմուճանը պատառոտեց. երկինք նայելով՝ հող ցանեցին գլխներին։
13 Եօթն օր ու եօթը գիշեր նստեցին նրա շուրջը. նրանցից ոչ ոք մի բան չխօսեց հետը, որովհետեւ տեսնում էին նրան հասած սաստիկ մեծ հարուածները։