ՅՈԲ. Chapter 26

1 Յոբը նորից խօսեց ու ասաց.
2 Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու դու. արդեօք ո՞չ նրա, ում ուժն անբաւ է, ու բազուկն՝ հզօր։
3 Ո՞ւմ խորհրդակից ես լինելու դու. արդեօք ո՞չ նրան, ով ամբողջապէս իմաստութիւն է։
4 Ո՞ւմ յետեւից ես արդ գնալու դու. արդեօք ո՞չ նրա, որի զօրութիւնը այնքա՜ն մեծ է։ Ո՞ւմ ես բան ասել, եւ կամ ո՞ւմ շունչն է դուրս եկել քեզնից։
5 Միթէ երբեւէ կը ծնուեն ջրի խորքից հսկաներ, կամ էլ այնտեղի բնակիչներից։
6 Մերկ է դժոխքը Աստծու առաջ, եւ կործանումը չունի վրան քօղ։
7 Ոչնչի շուրջը փռեց երկինքը, կախեց երկիրը ոչնչի վրայ։
8 Իր ամպերի մէջ ջուրն է ծրարում, եւ չի պատռուի մէգը նրանց տակ։
9 Նա, ով պահում է երեսն իր գահի, փռում է վրան իր մառախուղը։
10 Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչեւ վախճանը լոյսի ու մութի։
11 Երկնի սիւները սարսուել են այնպէ՜ս ու զարհուրել են նրա սաստումից։
12 Հանդարտեցրել է ծովն իր զօրութեամբ, եւ ովկիանոսը իր իմաստութեամբ տարածուել-փռուել։
13 Սարսուել են նրանից փականքներն երկնի. սպանել է նա իր հրամանով վիշապն ապստամբ։
14 Ահա այս է մասն իր ճանապարհի, եւ դեռ պիտ լսենք խօսքերը նրա, մինչեւ վերջին շիթ։ Եւ ո՞վ կ՚իմանայ նրա որոտման զօրութիւնը մեծ, երբ այն արձակուի։