ՅՈԲ. Chapter 28

1 Յայտնի է տեղը արծաթի, որտեղից այն հանւում է, եւ տեղը ոսկու, ուր այն զտւում է։
2 Երկաթը հողից է դուրս գալիս, պղինձն էլ քարի պէս տաշւում է։
3 Կարգ է սահմանել խաւարի համար. ինքն է ճշգրտում բոլոր ծիրերը՝
4 քարի, խաւարի, մահուան ստուերի, ինչպէս փոշուց է կտրում-բաժանում խրամն հեղեղատի։ Ով մոռանում է ճամփան ճշմարիտ, մարդկանց մէջ տկար պիտի լինի նա։
5 Գալով այս հողին՝ ապա այնտեղից է ելնում հացը. իսկ իր ընդերքը շուռ-մուռ է տրուած, ինչպէս կրակից։
6 Նրա քարերը շափիւղայ ունեն, իսկ հողը՝ ոսկի։
7 Շաւիղ կայ՝ երբեք ծանօթ չէ թռչնին,եւ ոչ էլ անգղի աչքն է այն տեսել,
8 ուր ոտք չի դրել մարդն ամբարտաւան, որտեղով առիւծ չի անցել անգամ։
9 Մարդ ձեռքն է գցել ապառաժներին, հիմքից սասանել բարձրաբերձ լեռներ։
10 Պատառոտել է գետի յորձանքներ։ Բոլոր պատուական այս բաները ես աչքովս եմ տեսել։
11 Գետերի խորքն է երեւան հանել, իր զօրութիւնը ցոյց տուել լոյսին։
12 Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի։
13 Բայց մահկանացուն չգիտէ ուղին դէպ իմաստութիւն. չի էլ երեւում սա մարդկանց միջին։
14 Անդունդը ասաց. Ինձ մօտ դա չկայ, իսկ ծովը ասաց. Իմ խորքում չէ դա։
15 Դրա փոխարէն գրաւ չի դրւում, ու չի կշռւում դրա գնով մէկ՝ որեւէ արծաթ։
16 Սոփերի ոսկու հետ չի դրուի այն նժարի վրայ, ոչ էլ պատուական եղնգաքարի ու շափիւղայի։
17 Չեն համեմատ նրա հետ ոսկի, ոչ էլ ապակի, ու չի ճարուի նրա գնով անօթ ոսկեղէն։
18 Բարձրութիւններ, խորութիւններ թող չյիշուեն է՛լ. խորքում է փռել Նա ճշմարտութիւնն։
19 Չի չափուի հետը եւ տպազիոնը այն եթովպացւոց, ոսկիների հետ չի դրուի երբեք նժարի վրայ։
20 Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի։
21 Թաքնուած է այն բոլոր մարդկանցից, ծածկուած՝ երկնի ամէն թռչունից։
22 Կորուստը, մահը ասացին. Շատ ենք մենք լսել նրա համբաւի մասին։
23 Տէրը հեշտութեամբ պատրաստեց նրա ճանապարհները, քանզի նրա տեղն Ինքը լոկ գիտէ.
24 Ինքը ամէն բան երկնքի ներքոյ տեսնում է անձամբ։ Գիտէ ամէն ինչ, որ ստեղծել է աշխարհի վրայ՝
25 կշիռը հողմի, չափը ջրերի, որ Ինքն է կարգել։
26 Նա Ինքն է տեսել ու մէկ-մէկ հաշուել։ Եւ ճանապարհ է սահմանել ամպի որոտման ձայնով։
27 Այն ժամանակ էլ տեսել է Ինքը իմաստութիւնը ու նրա մասին յայտնել է մարդուն.։
28 Պատրաստել, քննել ու ասել է Նա. Աստուածպաշտութիւնն է իմաստութիւն, ու չարիքներից հեռու մնալը՝ խելացիութիւն։