ՅՈԲ. Chapter 32

1 Յոբը դադարեց խօսելուց։ Այնուհետեւ նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու չխօսեցին Յոբի դէմ, որովհետեւ Յոբն արդար էր նրանց աչքին։
2 Բարկացաւ Բարաքիէլի որդի Եղիուս Բուզացին, Օստացիների աշխարհից, Արամի արենակիցներից. սաստիկ զայրացաւ Յոբի վրայ, քանի որ սա իրեն արդար էր ցոյց տալիս Տիրոջ առաջ։
3 Նա սաստիկ բարկացաւ նաեւ նրա երեք բարեկամների վրայ, քանի որ Յոբի պատասխանը չէին կարողացել տալ, նրա ամբարիշտ լինելը ցոյց չէին տուել։
4 Սակայն Եղիուսը յապաղեց Յոբի պատասխանը տալու, քանի որ միւսներն իրենից աւելի տարեց էին։
5 Տեսաւ Եղիուսը, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկայ, ու նրա բարկութիւնը բորբոքուեց։
6 Բարաքիէլի որդի Եղիուս Բուզացին նորից խօսեց ու ասաց. Ես երիտասարդ եմ տարիքով, իսկ դուք՝ աւելի երէց։ Դրա համար ես լուռ եմ մնացել՝ վախենալով ինքս իմ իմաստութիւնն յայտնելուց։
7 Ասացի, թէ շատ տարեց մարդիկ են նրանք, որ խօսում են, ու տարիներից ի վեր ճանաչել են իմաստութիւնը։
8 Սակայն այդպէս էլ չէ. մարդիկ հոգի ունեն. Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է դրանք։
9 Միայն տարեց մարդիկ չէ, որ իմաստուն են, ոչ էլ ծերերն են միայն, որ ճշմարիտը գիտեն։
10 Դրա համար էլ ասացի. Լսեցէ՛ք ինձ, ու ես կը յայտնեմ ձեզ, ինչ որ գիտեմ, ակա՛նջ դրէք իմ խօսքերին.
11 կ՚ասեմ ի լուր ամենքիդ, մինչեւ որ քննէք խօսքերս, թէ ձեր չափ բան գիտեմ։
12 Ահա ձեր մէջ ոչ ոք չկար, որ յանդիմանէր Յոբին, նրա խօսքերի պատասխանը տար։
13 Չլինի, թէ ասէք՝ Տիրոջ իմաստութեանը բան ենք աւելացրել։
14 Դուք էք մի մարդու համարձակութիւն տուել այսպիսի խօսքեր ասելու։
15 Զարհուրեցին ու պատասխան չտուին այլեւս։ Բառերը պակասեցին նրանց։
16 Համբերեցին ու չխօսեցին, որովհետեւ մնացին առանց պատասխանի։
17 Եղիուսը նորից խօսեց ու ասաց.
18 Դարձեալ խօսելու եմ, որովհետեւ լեցուն եմ խօսքերով, որովհետեւ շունչս իմ ներսում ինձ սպանում է,
19 որովայնս տիկի մէջ դրուած ու կապուած նոր գինու պէս եռում է, կամ դարբինների փուքսի պէս ուռել է։
20 Շրթներս բաց անելով՝ խօսելու եմ, որ հանգստանամ.
21 ոչ մէկից չեմ ամաչելու, մարդկանցից էլ չեմ պատկառելու,
22 քանզի երեսպաշտութիւն անել չգիտեմ, այլապէս ցեցն ինձ կ՚ուտի։