ՅՈԲ. Chapter 8

1 Բաղդատ Սոքեցին խօսեց ու ասաց.
2 Մինչեւ ե՞րբ ես այդպէս խօսելու։ Մեծաբանութեան հովեր կան քո բերանում։
3 Միթէ անիրա՞ւ դատաստան կը տեսնի Տէրը, կամ նա, որ ամէն ինչ ստեղծեց, իրաւունքը կ՚աղաւաղի՞։
4 Եթէ քո զաւակները մեղանչեցին նրա առաջ, ինքն էլ պատիժներ ուղարկեց անօրէնութիւնների համար։
5 Բայց դու աղօթքներով վաղ առաւօտեան դիմի՛ր Ամենակալ Տիրոջը.
6 եթէ սուրբ ու ճշմարիտ լինես՝ քո աղօթքներին ականջ կը դնի,քեզ կը վերադարձնի արդար յարկը քո։
7 Եթէ սկզբում քոնը քիչ էր, վերջում այն անբաւ կը լինի։
8 Բայց դու տեղեկացի՛ր հին ազգերից եւ քննի՛ր տոհմերի գլխաւորներին։
9 Քանի որ մենք երէկուան ենք պատկանում, բան չենք իմանում. ստուեր է երկրի վրայ կեանքը մեր։
10 Միթէ նրանք պիտի չսովորեցնե՞ն քեզ ու պատմեն, իրենց իմաստութիւնից պիտի չբխեցնե՞ն խօսքերն իրենց։
11 Միթէ պրտուն կը կանաչի՞ առանց ջրի, կամ կը բարձրանա՞յ կնիւնն առանց ջրուելու։
12 Չի՞ հնձուելու այն, մինչ իր արմատների վրայ է. եթէ ամէն խոտ մինչեւ յագեցում չոռոգուի՝ չի՞ չորանայ։
13 Արդ, բոլորի վախճանն այնպիսին կը լինի, որ կը մոռանան Տիրոջը, այդպէս էլ ամբարշտի յոյսը կը կորչի։
14 Շէն չի լինի տունը նրա. սարդոստայնի պէս կ՚անհետանայ յարկը նրա։
15 Թէկուզ եւ հաստատի տունն իր՝ այն չի մնայ կանգուն. հէնց իր ձեռքը գցի դրան՝ այն չի խարխլի։
16 Արեգակից է խոնաւութիւնը, եւ նրա նեխուածքից է դուրս գալու իր շիւը։
17 Քարակարկառի վրայ է ննջելու ու մանրախիճ քարերի վրայ ապրելու. իսկ եթէ արմատախիլ արուի իր տեղից,նրա տեղն էլ ուրանալու է նրան։
18 Այսպիսի բան չե՞ս տեսել միթէ.
19 ամբարշտի կործանումն այսպիսին է լինելու, իսկ հողից ուրիշն է բուսնելու։
20 Տէրը չի մերժում անմեղին՝ ամբարշտի ամէն ընծայ ընդունելի չի լինելու։
21 Ճշմարիտ մարդկանց բերանները ծիծաղով են լցուելու, նրանց շրթունքները՝ գոհութեամբ։
22 Նրանց թշնամիներն ամօթով են ծածկուելու. ամբարշտի բնակավայրերն այլեւս չեն մնալու։