ՅՈԲ. Chapter 14

1 Կնոջածին մարդն է սակաւակեաց ու լի դառնութեամբ։
2 Ով որ ծաղկել էր որպէս մի ծաղիկ՝ թափուեց ու ընկաւ, փախաւ իբր ստուեր. հաստատ չի մնայ։
3 Մի՞թէ նրան ես հաշուի առնելու եւ ներս տանելու Քո դատաստանին։
4 Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ո՛չ ոք. թէկուզ եւ կեանքն երկրի վրայ մէկօրեայ լինի։
5 Արդ, հաշուուած են օրերը նրա. ժամ ես դրել Դու, խոյս չի տայ երբեք։
6 Հեռո՛ւ նրանից, որ հանգչի մի քիչ, հաճոյք ստանայ իր կեանքից գէթ իբր մի վարձկան։
7 Ծառի համար իսկ գտնւում է յոյս. թէեւ կտրում են, նորից է ծաղկում։ Ճիւղերը նրա դեռ չեն պակասում։
8 Անգամ արմատը թէ որ ծերանայ խորքի մէջ հողի, քարերի մէջ էլ խեղդուի բունը, -
9 ջրի հոտից իսկ կը ծաղկի իսկոյն, նորատունկի պէս պտուղներ կը տայ։
10 Բայց մահկանացուն՝ վախճանուած մարդը գնում է եւ է՛լ գոյութիւն չունի։
11 Ծանծաղում է ծովն իր ժամանակին. սպառած գետերը ցամաքում են.
12 նոյնպէս մարդիկ թէ ննջեն՝ է՛լ վեր չեն կենայ։ Մինչեւ երկինքը իսպառ չլուծուի՝ չեն զարթնի քնից։
13 Ու երանի թէ գերեզմաններում պահէիր դու ինձ, մինչեւ որ անցնէր բարկութիւնը քո, եւ ժամանակ ինձ նշանակէիր, յիշէիր դու ինձ։
14 Մարդը թէ մեռնի՝ կ՚ապրի՞ նա դարձեալ՝ ամբողջացնելով օրերն իր կեանքի։ Պիտի սպասեմ, մինչեւ որ կրկին գոյութիւն առնեմ։
15 Դու ձայն կը տաս ինձ՝ կը պատասխանեմ։ Մի՛ մերժիր գործը քո սուրբ ձեռքերի։
16 Նկատել ես վարքը իմ. չի վրիպի քեզանից մեղքերիցս ոչ մին։
17 Յանցանքներս կնքել ես քսակի մէջ.նշել, թէ ի՛նչ յանցանք եմ գործել ակամայ։
18 Փլուելու ենթակայ լեռը պէտք է փլուի. եւ վէմն էլ պիտ շարժուի իր տեղից։
19 Եւ ինչպէս ջրերն են քարերը ողորկում,հեղեղում դաշտերը կոշտ հողի,այնպէս էլ դու մարդու յոյսերն ես չքացրել։
20 Մերժել ես նրան իսպառ. նա անցել գնացել է։ Դու նրա երեսն ես աւերել ու այդպէս արձակել։
21 Թէպէտեւ նա բազում որդիներ ունենայ, նա այդ չի իմանայ, իսկ եթէ սակաւ էլ լինեն, չի ճանաչի։
22 Բայց անդամներն իր ախտահարուած են, իսկ հոգին նրա սգում է իր մէջ։