ՅՈԲ. Chapter 41

1 Չես երկնչի, որովհետեւ ես եմ այդ բոլորը պատրաստել։ Բայց ո՞վ է, որ ինձ պիտի հակառակուի, կամ ո՞վ է, որ ինձ պիտի դիմադարձի ու դիմանայ,
2 երբ այն ամէնը, ինչ որ կայ երկնքի ներքոյ, իմն է։
3 Յանուն նրա՝ վիշապի, ես չեմ լռելու։ Նրա գործն ուժեղ լինելով՝ խղճալու են նրա զուգընկերոջը։
4 Ո՞վ կը մերկացնի նրա երեսի քօղը, եւ ո՞վ կը մտնի նրա փակ պատեանից ներս,
5 ո՞վ բաց կ՚անի նրա երախի դռները։ Ահն է իշխում նրա ատամների շուրջ-բոլորը.
6 փորը պղնձէ վահան է, յօդերը՝ սուր-սուր քարեր, մէկը միւսի յետեւից կպած են,
7 նրա միջով օդ չի անցնի։
8 Ասես եղբայրն իր եղբօր հետ գնայ. իրարից կը բռնեն ու չեն բաժանուի։
9 Նրա փռնչոցից փայլակներ են դուրս թռչում. նրա աչքերը փայլածուի տեսք ունեն։
10 Նրա բերանից վառուած լապտերներ են դուրս ժայթքում, եւ հրեղէն շանթեր են արձակւում։
11 Նրա ռունգերից, ինչպէս հնոցի կրակից, ծուխ է ելնում։
12 Նրա շնչից կայծեր են դուրս թռչում, եւ բերանից բոց է դուրս գալիս։
13 Նրա պարանոցում զօրութիւնն է հաստատուած. նրա առջեւից կործանումն է ընթանում։
14 Նրա մարմնի անդամները ամուր կպած են իրար. եթէ մէկը վրան ընկնի, նա չի էլ խլրտայ,
15 որովհետեւ նրա սիրտն ապառաժ քար է կտրել եւ դարբնի սալի նման անշարժ, հաստատուն է։
16 Երբ խլրտայ՝ ահը կը համակի երկրի գազաններին, չորքոտանիներին ու զեռուններին։
17 Թէ նրան տէգեր, զէնքեր ու նիզակներ հանդիպեն, վնաս չեն հասցնի,
18 որովհետեւ նա երկաթը յարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։
19 Նրան չի խոցում պղնձէ աղեղը։
20 Ռմբաքարը նա խոտի տեղ է ընդունում, լախտը՝ եղէգի։ Ծիծաղում է իր դիմաց ճօճուող կրակի վրայ։
21 Սուր-սուր տէգերը նրա անկողինն են։ Ծովի ամբողջ ոսկին նրա տակ՝ անբաւ կաւի պէս է։
22 Անդունդները կաթսայի պէս է եռացնում։ Ծովը ոչնչութիւն է համարում, անդնդային տարտարոսը՝ մի գերի,
23 անդունդները՝ զբօսավայր։
24 Երկրի վրայ չկայ բան, որ նման լինի նրան։ Նա ստեղծուել է իբրեւ խաղալիք իմ հրեշտակների համար։
25 Արհամարհանքով է նայում ամէն բարձր բանի, եւ ջրերում եղած ամէն ինչի թագաւորն ինքն է։