ՅՈԲ. Chapter 7

1 Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքն մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր։
2 Ինչպէս որ ծառան է վախենում տիրոջից ու պահւում ստուերում, կամ ինչպէս վարձկանն է սպասում իր վարձին, -
3 այնպէս էլ ես զուր եմ սպասել ամիսներ։ Ցաւագին գիշերներ են բաժին ընկել ինձ.
4 թէ քնեմ՝ ասում եմ. Ե՞րբ պիտի բացուի լոյս, արթնանամ՝ դարձեալ թէ՝ Ե՞րբ կը լինի երեկոյ։ Ցաւով եմ լեցուն ես իրիկուն-առաւօտ։
5 Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու։
6 Եւ կեանքս խօսքից էլ թեթեւ է. կորել է նա ունայն յոյսերում։
7 Յիշի՛ր, որ քամի է կեանքը իմ. աչքերս է՛լ չեն տեսնի բարի բան.
8 չեն նայի այլեւս ինձ աչքերն տեսնողի։ Աչքերդ ինձ վրայ ես յառում. այլեւս չեմ լինի՝ երկնքից ջնջուած ամպի պէս։
9 Զի եթէ իջնի մարդ գերեզման,
10 չի ելնի այլեւս, չի դառնայ՝ իր տունը. իր տեղն էլ նրան չի ճանաչի։
11 Այսուհետ չպիտի զսպեմ ես բերանս. պիտ խօսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտ բացեմ դառնութիւնն իմ հոգու։
12 Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել։
13 Ասացի՝ ամոքեն պիտի ինձ մահիճներս. եւ ինքս պիտ քննեմ անկողնում իմ բոլոր գործերը։
14 Երազով վախեցնում, տեսիլքով հարուածում ես դու ինձ։
15 Իմ հոգին հանում ես դու ինձնից, մարմնիցս՝ շունչը իմ, մահուանից՝ կեանքը իմ։
16 Քանի որ յաւիտեան չեմ ապրի, թող որ ես համբերող միշտ լինեմ։ Հեռո՛ւ կաց դու ինձնից, քանի որ իզուր է կեանքը իմ։
17 Եւ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սեւեռում իր վրայ,
18 կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առաւօտ, հանգստի ժամերին, փորձում միշտ։
19 Մինչեւ ե՞րբ դու ինձ չես թողնելու, արձակելու չես ինձ, մինչեւ որ ցաւերով կուլ տամ ես լորձունքս։
20 Թէ ես մեղք գործեցի՝ ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ։ Ինչո՞ւ ես ինձ դարձրել քեզ ոսոխ, որ լինեմ քեզ համար ես մի բեռ։
21 Ինչո՞ւ չես ներել դու յանցանքներս, չես թողել մեղքերն իմ։ Եւ ահա երկիր եմ դառնում ես շատ կանուխ. այլեւս չեմ լինի։