ՆԷԵՄԻ. Chapter 5

1 Այն ժամանակ մեծ աղաղակ սկսուեց ժողովրդի մէջ, կանանց ու տղամարդկանց միջեւ՝ ամէն մարդ իր եղբօր դէմ։
2 Նրանք ասում էին. Մեր որդիների եւ մեր դուստրերի կերակուրը վերջացաւ, գնանք, մի բան գնենք, որ ապրենք։
3 Իսկ ոմանք ասում էին. Մեր դաշտերն ու մեր այգիները գրաւի դնենք, ցորեն առնենք եւ ուտենք։
4 Կային ոմանք, որ ասում էին. Մեր ունեցուածքը ծախեցինք, ոսկի ու արծաթ առանք եւ տուեցինք թագաւորի հարկը։
5 Հիմա մեր մարմիններն այնպիսին են, ինչպիսին մեր եղբայրների մարմիններն են, եւ մեր որդիները՝ ինչպէս նրանց որդիներն են։ Արդ, ինչո՞ւ մեր որդիներին տուեցինք ստրկութեան, մեր դուստրերը տարուած են բռնութեան, եւ մեր ձեռքին չկայ ճար, որով փրկենք նրանց։
6 Երբ ես լսեցի աղաղակն ու նրանց խօսքերը, խիստ նեղսրտեցի.
7 ինքս ինձ խորհեցի, նախատեցի նրանց անուանի մարդկանց ու իշխաններին եւ ասացի նրանց. Դո՞ւք էք ձեր եղբայրներից հարկ պահանջում։ Նրանց հրամայեցի մեծ ժողովի հաւաքուել
8 ու ասացի նրանց. Մենք կը փրկենք մեր եղբայր հրեաներին, որոնք վաճառուեցին հեթանոսներին, բայց դա մենք չիմացանք. հիմա՞ էլ էք դուք վաճառում նրանց։ Նրանք լռեցին ու պատասխան տալ չկարողացան։ Ես ասացի.
9 Լաւ չէ այդ գործը, որ դուք անում էք, որովհետեւ Աստծուց չէք վախենում. այդ է պատճառը, որ մենք չազատուեցինք հեթանոսների ու մեր թշնամիների նախատինքից։
10 Ես ասում եմ իմ եղբայրներին ու ծանօթներին. Թէ՛ ես եւ թէ՛ դուք փրկանքի համար կը տանք արծաթ ու բերք, որ ուզում են հարկահանները,
11 եւ կը վերադարձնենք դրանց դաշտերը, այգիները, ձիթենիներն ու տները. թող մեր արծաթով գնեն ու դրանց համար բերեն ցորեն, գինի եւ ձէթ։
12 Եւ իշխաններն ու այլ մեծամեծներն ասացին. Կը վերադարձնենք եւ դրանցից ոչինչ չենք պահանջի, կ՚անենք այդպէս, ինչպէս հրամայում ես։ Ես կանչեցի քահանաներին ու նրանց երդուեցրի, որ անեն այս բանը.
13 ես իմ վերարկուն ուժգին թափ տուեցի ու ասացի. Թո՛ղ Աստուած այսպէս թափ տայ ամէն մարդու, որ չի պահի այս խօսքը. թո՛ղ այսպէս նա իր տնից ու իր կալուածքներից դատարկուած եւ իր կեանքից թօթափուած լինի։ Եւ հաւաքուած ամբողջ ժողովուրդն ասաց՝ Ամէն։ Նրանք օրհնեցին Տիրոջը, եւ ամբողջ ժողովուրդը կատարեց այս ասուած խօսքերը։
14 Այն օրից սկսած, երբ ես պատուիրեցի, որ Յուդայի իշխանները չիշխեն նրանց, - դա Արտաշէս արքայի քսաներորդ տարուց մինչեւ երեսուներկուերորդ տարին էր, - տասներկու տարի ես եւ իմ եղբայրները եղանք իշխաններ. մենք որեւէ մէկի ունեցուածքը բռնի չկերանք եւ չխմեցինք։
15 Իսկ նախկինում բռնութիւն գործադրած իշխանների հարկը ծանրացրի եւ նրանցից առայ հաց, գինի եւ այլ բաներ, ինչպէս նաեւ՝ քառասուն դիդրաքմա արծաթ, որը վերադարձրի իրենց տէրերին, նրանց հեռացրի ժողովրդի իշխանութիւնից ու Աստծու երկիւղի պատճառով ես չեղայ նրանց նման։
16 Իսկ պարսպի գործը յաջող էր ընթանում, եւ ես որեւէ մէկի վրայ չբռնացայ՝ դաշտեր կամ այգիներ առնելով. բոլորն էլ անխափան աշխատում էին պարսպի շինութեան վրայ։
17 Հրեաներից հարիւր մարդու եւ մեր շրջակայքում գտնուող այլազգիներից նրանց համար, ովքեր մեզ մօտ էին գալիս, ես ծախսեր էի անում ու նրանց մասնակից դարձնում իմ ճաշին։
18 Օրական մի արջառ, վեց ընտիր ոչխար ու մի ուլ. այս էր իմ մէկ օրուայ ծախսը. տասն օրը մէկ անգամ բոլորին անխնայ գինի էի տալիս ըմպելու. ես ոչ ոքից բռնի հաց չառայ, քանզի գիտէի, որ ժողովրդի գործը ծանր է։
19 Թող Աստուած ինձ բարի յիշի այն ամենի համար, ինչ ես արեցի իմ ամբողջ ժողովրդին։