ՆԷԵՄԻ. Chapter 8

1 Ամբողջ ժողովուրդը մի մարդու նման հաւաքուեց հրապարակում՝ Ջրերի դռան դիմաց։ Տիրոջ օրէնքների մեկնիչ Եզրասին ասացին, որ բերի Մովսէսի օրէնքների գիրքը, որ նրան հրահանգել էր Իսրայէլի Տէր Աստուածը։
2 Եզրաս քահանան օրէնքների գիրքը բերեց ժողովի առջեւ. դա եօթներորդ ամսի ամսամտի օրն էր, երբ հաւաքուել էին տղամարդիկ ու կանայք եւ բոլոր նրանք, ովքեր ուզում էին լսել։
3 Նա տղամարդկանց ու կանանց առջեւ սկսեց կարդալ օրէնքը՝ առաւօտից, երբ ծագում էր արեգակը, մինչեւ կէսօր. բոլորը հասկանում էին, եւ ամբողջ ժողովուրդն ականջ էր դնում՝ լսելու գրուած բոլոր օրէնքները։
4 Եզրաս քահանան՝ մեկիչը, կանգնած էր փայտաշէն բեմի վրայ. նրա մօտ, նրա աջ կողմից կանգնած էին Մատաթիասը, Սամէասը, Անանիասը, Ուրիասը, Քելկիան եւ Մասիան, իսկ նրա ձախից՝ Փագիասը, Միսայէլը, Մելքիասը, Ասամը, Սարդանան, Զաքարիան եւ Մոսոլամը։
5 Երբ Եզրաս քահանան ամբողջ ժողովրդի առջեւ բացեց գիրքը (նա ամբողջ ժողովրդի վերակացուն էր), գիրքը բանալու ժամանակ ժողովուրդը ոտքի կանգնեց նրա առջեւ։
6 Եզրասն օրհնեց մեծազօր Տէր Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդն ասաց՝ Ամէն։ Նրանք բարձրացրին իրենց ձեռքերը, իսկ երեսները մինչեւ գետին խոնարհելով՝ երկրպագեցին Տէր Աստծուն։
7 Յեսուսը, Բանեասն ու Սարարիասը օրէնքները բացատրում էին ժողովրդին, եւ ժողովուրդը կանգնած էր ըստ մարդկանց կարգի։
8 Նէեմին, որ նոյն Աթերսասթան է, Եզրաս քահանան՝ մեկիչը, եւ ղեւտացիները, որ բացատրում էին բազմութեանը,
9 ասացին ամբողջ ժողովրդին. Այս օրը մեր Տէր Աստծու սուրբ օրն է, մի՛ սգացէք եւ մի՛ լացէք։ Արդարեւ, երբ ժողովուրդը լսում էր օրէնքների խօսքերը, լաց էր լինում։ Նրանց ասացին. Գնացէ՛ք իւղալի ճաշեր կերէ՛ք, քաղցր խմիչքներ խմեցէ՛ք, եւ մի բաժին էլ ուղարկեցէ՛ք նրանց, ովքեր չունեն, որովհետեւ սա մեր Տէր Աստծու սուրբ օրն է։ Արդ, զօրացէ՛ք եւ տխուր մի՛ դարձրէք այս օրը։
10 Իսկ ղեւտացիները լռեցնում էին ժողովրդին ու ասում. Լո՛ւռ եղէք եւ մի՛ տրտմէ՛ք, որովհետեւ սա սուրբ օր է։
11 Ժողովուրդը գնաց ուտելու եւ ըմպելու, եւ մի բաժին էլ ուղարկեցին նրանց, ովքեր չունէին։ Նրանք մեծապէս ուրախ էին, որովհետեւ հասկացան օրէնքների խօսքերը՝ որ Եզրասը կարդաց նրանց համար։
12 Երկրորդ օրը օրէնքների մեկնիչ Եզրասի մօտ հաւաքուեցին ամբողջ ժողովրդի իշխանները, տոհմապետները, քահանաներն ու ղեւտացիները, որպէսզի նրանից իմանան եւ սովորեն օրէնքների բոլոր խօսքերը։
13 Եւ օրէնքների մէջ գտան, որ գրուած էր, թէ Տէր Աստուած հրամայել էր Մովսէսին, որ իսրայէլացիներին արժան է եօթներորդ ամսի տօնին բնակուել տաղաւարների մէջ
14 եւ այդ մասին փողեր փչելով ազդարարել իրենց բոլոր քաղաքներում ու Երուսաղէմում։ Այդ ժամանակ Եզրասն ասաց. Ելէ՛ք լեռը եւ բերէ՛ք ձիթենիների, սօսի ծառերի, մրտենիների, խնկենիների, արմաւենիների եւ այլ ծառերի տերեւախիտ ճիւղեր եւ, ըստ գրուածի, ձեզ համար տաղաւարներ շինեցէ՛ք։
15 Ժողովրդի մարդիկ ելան, ճիւղեր բերին եւ իրենց համար տաղաւարներ շինեցին, մէկը՝ իր տան տանիքին, մէկը՝ իր տան բակում, ոմանք էլ՝ Աստծու Տան գաւթում ու քաղաքի հրապարակներում, մինչեւ Եփրեմի դարպասները։
16 Գերութիւնից վերադարձած ամբողջ ժողովուրդը տաղաւարներ շինեց ու նստեց տաղաւարների մէջ, որովհետեւ Նաւէի որդի Յեսուի օրերից մինչեւ այն օրը իսրայէլացիները երբեւէ այդպիսի մեծ ուրախութիւն չէին արել։
17 Եւ Եզրասն օր-օրի, առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը, կարդում էր օրէնքների գիրքը։ Նրանք եօթն օր տօն կատարեցին եւ ութերորդ օրը, ըստ օրէնքի, աւարտեցին այն։