ՆԷԵՄԻ. Chapter 6

1 Երբ Սանաբալատն ու Տուբիան եւ արաբացիների երկիրն ու մեր թշնամիներից ուրիշ շատերը լսեցին, թէ շինեցի պարիսպը, եւ նրա մէջ քանդուած տեղ չմնաց, թէեւ այն ժամանակ դռները դեռեւս պատրաստուած չէին,
2 Սանաբալատն ու Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մօտ եւ ասացին. Ե՛կ եւ միասին հաւաքուենք Օնոյի դաշտավայրի մի գիւղում։
3 Նրանք ուզում էին չարիք նիւթել իմ դէմ։ Ես նրանց մօտ պատգամաւորներ ուղարկեցի ու ասացի. Այս գործը, որ ես անում եմ, մեծ գործ է, եւ չեմ հասցնում իջնելու ձեզ մօտ, որպէսզի գործս չընդհատուի. ձեզ մօտ կ՚իջնեմ, երբ աւարտեմ։
4 Նրանք բազում անգամ մարդ ուղարկեցին ինձ մօտ, իսկ ես նրանց տուեցի նոյն պատասխանը։
5 Սանաբալատն ինձ մօտ ուղարկեց իր ծառաներից մի պատանու, որն իր ձեռքին բռնել էր մի բաց նամակ,
6 որի մէջ գրուած էր այսպէս. Բոլոր ժողովուրդների մէջ լուր է տարածուել, որ դու եւ բոլոր հրեաները ուզում էք ապստամբել թագաւորի դէմ. եւ դու դրա համար ես շինում այդ պարիսպն ու ամրացնում նրա աշտարակները, որովհետեւ ուզում ես թագաւոր դառնալ.
7 այդ պատճառով դու քեզ համար մարգարէներ կարգեցիր, որովհետեւ ուզում ես Երուսաղէմում թագադրուել եւ թագաւորել Հրէաստանի վրայ։ Արդ, գուցէ այս խօսքերը պատմեն թագաւորին. արի՛ եւ երկուսս էլ մտածենք սրա մասին։
8 Ես մարդ ուղարկեցի նրա մօտ ու ասացի. Այդ խօսքերը, որ դու ասում ես, ոչ թէ ուրիշ տեղից են, այլ՝ քեզանից, քո սրտից ես ասում այդ։
9 Արդարեւ, բոլորը զարհուրեցնում էին մեզ ու ասում. Նրանց ձեռքերը կը թուլանան, եւ իրենց գործը չեն կատարի։ Արդ, ես զօրացրի իմ ձեռքերը, եւ գործը գլխովին պիտի աւարտեմ։
10 Ես մտայ Մետաբելի որդի Գալայիայի որդու՝ Սեմէի տունը։ Նա փակուել էր իր տանը եւ ինձ ասաց. Հաւաքուենք Տիրոջ Տանը, ամրանանք նրա մէջ, փակենք նրա դռները, գուցէ թշնամիները գիշերը գալով սպանեն մեզ։
11 Ես ասացի. Ո՞վ է այն մարդը, որից ես փախչեմ, եւ կամ կա՞յ ինձ նման մի մարդ, որ Տիրոջ Տուն մտնի եւ կարողանայ ապրել։
12 Ես հասկացայ, որ նա Աստծու ուղարկածը չէ, եւ մարգարէի խօսքը իմ մասին չէր։
13 Տուբիան եւ Սանաբալատը վարձկաններ ու բազում այլ մարդիկ հանեցին իմ դէմ, որպէսզի վախենամ եւ մտնեմ Տիրոջ Տուն, մեղք գործեմ, եւ իմ անունն արատաւորեն։
14 Թող Աստուած ըստ իրենց նենգութեան յիշի Տուբիային ու Սանաբալատին, որոնք չար բան մտածեցին իմ մասին եւ ստիպում էին սուտ մարգարէանալ, որպէսզի զարհուրեցնեն ու վախեցնեն ինձ։
15 Պարիսպն աւարտուեց Իլուլ ամսի քսանհինգին՝ յիսուներկու օրուայ ընթացքում։
16 Երբ մեր բոլոր թշնամիները եւ մեր շուրջը եղած բոլոր ժողովուրդները լսեցին այդ, զարհուրեցին, եւ նրանց վրայ ահ ու մեծ երկիւղ ընկաւ. նրանք իմացան, որ մեր գործի կատարումն Աստծուց էր։
17 Այն օրերին հրեաների կողմից մեծ պատուով նամակ է ուղարկւում Տուբիային. Տուբիան գալիս է նրանց մօտ,
18 քանզի նրանք իրար հետ ընտանեկան մեծ կապեր ունէին։ Տուբիան Երայի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Յովնաթանը կին առաւ Բարաքիայի որդի Մեսոլոմի դստերը։
19 Նրա խօսքերն ինձ էին բերում, իսկ իմ խօսքերը յայտնում էին նրան։ Տուբիան ինձ վախեցնելու համար բազմաթիւ նամակներ էր տուել։