ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 8

1 Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք տեղի ունեցաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը։
2 Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին։
3 Իսկ Սօղոսը եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց եւ կանանց ու մատնում բանտարկութեան։
4 Եւ նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը։
5 Իսկ Փիլիպպոսը, Սամարիա քաղաքն իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։
6 Ժողովրդի բազմութիւնը միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խօսքերը, երբ լսում եւ տեսնում էր այն նշանները, որ նա անում էր,
7 որովհետեւ շատ դիւահարներից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով՝ դուրս էին ելնում։
8 Եւ բազում անդամալոյծներ եւ կաղեր բժշկւում էին.
9 եւ այդ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ։ Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապէս մոգութիւն էր անում եւ զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թէ ինքը մեծ մէկն է.
10 փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. Սա՛ է Աստծու զօրութիւնը, որ մեծ է կոչւում։
11 Հիացումով էին նայում նրան, որովհետեւ երկար ժամանակ մոգութիւններով իրենց զարմացրել էր։
12 Բայց երբ հաւատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի անուան մասին էր աւետարանում, բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, մկրտուեցին։
13 Ինքը Սիմոնը եւս հաւատաց եւ, մկրտուելով, միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները եւ մեծամեծ զօրութիւնները, որ կատարւում էին, զարմանում էր։
14 Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին,
15 որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին.
16 քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով։
17 Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան։
18 Սիմոնը տեսնելով, թէ առաքեալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց.
19 Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի, ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ։
20 Պետրոսը նրան ասաց. Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգեւները կարելի է փողով ստանալ.
21 դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ։
22 Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը, թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն.
23 քանի որ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքների մէջ եմ տեսնում քեզ։
24 Սիմոնը պատասխանեց. Ինձ համար դո՛ւք աղաչեցէք Տիրոջը, որպէսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, իմ վրայ ոչինչ չգայ։
25 Եւ նրանք վկայութիւն տալով՝ խօսեցին Աստծու խօսքը ու վերադարձան Երուսաղէմ։ Եւ սամարացիների շատ գիւղերում աւետարանում էին։
26 Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. Վե՛ր կաց եւ գնա՛ դու հարաւի կողմը՝ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղէմից Գազա, որ անապատ է։
27 Նա վեր կացաւ ու գնաց։ Եւ ահա եթովպացի մի ներքինի, եթովպացիների Կանդակա թագուհու պաշտօնեաներից մէկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղէմ երկրպագելու էր եկել,
28 վերադառնալիս, իր կառքի մէջ նստած, Եսայի մարգարէ էր ընթերցում։
29 Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. Առաջացի՛ր եւ այդ կառքի մօտ գնա։
30 Եւ Փիլիպպոսը առաջ վազելով՝ լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում.
31 ու ասաց. Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես։ Իսկ նա ասաց. Ինչպէ՞ս կը կարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի։ Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի։
32 Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր. Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար.եւ ինչպէս անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ,այնպէս էլ նա իր բերանը չի բացում.
33 իր խոնարհութեան պատճառով նրա դատաստանը տեղի չունեցաւ.եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի.քանի որ նրա կեանքը երկրից վերացուած է։
34 Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ մէկ ուրիշի։
35 Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան։
36 Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ։ Եւ ներքինին ասաց. Ահա՛ ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտուել։
37 Եւ նա ասաց նրան. Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է։ Նա պատասխան տուեց ու ասաց. Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծու Որդին է։
38 Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան. ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին։ Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան։
39 Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ։ Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ.
40 իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում։ Եւ, շրջելով, աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա։