ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 15

1 Հրէաստանից իջել էին ոմանք Անտիոք եւ եղբայրներին ուսուցանում էին. Մովսէսի օրէնքի համաձայն, եթէ չթլփատուէք, չէք կարող փրկուել։
2 Եւ երբ Պօղոսի եւ Բառնաբասի ու նրանց միջեւ շատ հակառակութիւն եւ վէճ առաջացաւ, վճռեցին, որ Պօղոսն ու Բառնաբասը եւ նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղէմ բարձրանան, առաքեալների եւ երէցների մօտ։
3 Եկեղեցու կողմից ճանապարհ դրուելուց յետոյ, նրանք շրջելով անցան Փիւնիկէի եւ Սամարիայի միջով եւ պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախութիւն պատճառելով բոլոր եղբայրներին։
4 Եւ երբ Երուսաղէմ հասան, եկեղեցու առաքեալների ու երէցների կողմից ընդունուեցին. պատմեցին, թէ Աստուած ինչ բաներ արեց իրենց միջոցով։
5 Փարիսեցիների հերձուածից մի քանի հաւատացեալներ վեր կացան ու ասացին. Դրանց պէտք է թլփատել եւ պատուիրել, որ պահեն Մովսէսի օրէնքը։
6 Եւ առաքեալներն ու երէցները հաւաքուեցին այս բանը քննութեան առնելու համար։
7 Եւ շատ վէճ լինելուց յետոյ, Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ ձեր մէջ առաջին օրերից Աստուած ինձ ընտրեց, որ հեթանոսները իմ բերանով Աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան։
8 Եւ սրտագէտն Աստուած նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպէս, ինչպէս տուեց մեզ։
9 Եւ նրանց ու մեր միջեւ ոչ մի խտրութիւն չդրեց՝ հաւատով մաքրելով նրանց սրտերը։
10 Արդ, ինչո՞ւ էք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը եւ ո՛չ էլ մենք կարողացանք տանել։
11 Այլ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհով հաւատում ենք, որ կը փրկուենք, ինչպէս եւ նրանք։
12 Ամբողջ ժողովը լռեց. ապա լսում էին Բառնաբասի ու Պօղոսի պատմելը, թէ Աստուած նրանց ձեռքով ինչքան նշաններ եւ զարմանալի գործեր կատարեց հեթանոսների մէջ։
13 Երբ նրանք լռեցին, Յակոբոսը, խօսք առնելով, ասաց. Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ.
14 Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց հոգածութիւն ցոյց տուեց՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար։
15 Եւ այդ բանում մարգարէների խօսքերը համընկնում են իրար, ինչպէս որ գրուած է.
16 Սրանից յետոյ կը վերադառնամեւ կը շինեմ Դաւթի փուլ եկած տունըեւ նրա աւերակները վերստին կը շինեմու կը վերականգնեմ այն,
17 որպէսզի Տիրոջը փնտռեն մնացած մարդիկ,ինչպէս եւ բոլոր հեթանոսները, որոնց վրայ դրուած է իմ անունը, - ասում է Տէրը, նա, որ անում է այս բոլորը։
18 Ի յաւիտենից յայտնի են Տիրոջը իր բոլոր գործերը։
19 Դրա համար ես էլ ինձ իրաւունք եմ վերապահում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն,
20 այլ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհուած կերակուրներից եւ պոռնկութիւնից, խեղդամահ արուած կենդանիներից եւ արիւնից.
21 քանի որ Մովսէսը, առաջին սերունդներից սկսած, իւրաքանչիւր քաղաքում իր քարոզիչներն ունի, եւ նա ամէն շաբաթ օր ժողովարանում ընթերցւում է։
22 Այն ժամանակ առաքեալներին եւ երէցներին, ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճելի թուաց, որ իրենց միջից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ. Յուդային՝ Բարսաբա կոչուածին եւ Շիղային, որոնք գլխաւորներն էին։
23 Եւ եղբայրներին նրանց միջոցով գրեցին հետեւեալը. Առաքեալները, երէցները եւ եղբայրները Անտիոքում, Սիրիայում եւ Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջոյն են յղում։
24 Քանի որ լսեցիք, թէ ոմանք, իբրեւ թէ մեզնից, որոնց մենք հրաման չենք տուել, խռովեցրել են ձեզ խօսքերով եւ խախտել են ձեր մտքերը՝ ասելով, թէ պէտք է թլփատուել եւ օրէնքը պահել,
25 ուստի, հաճելի թուաց մեզ՝ միատեղ հաւաքուածներիս, ուղարկել ձեզ մօտ ընտրուած մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պօղոսի հետ,
26 մարդիկ, որոնք իրենց անձը նուիրեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար։
27 Արդ, ուղարկեցինք Յուդային եւ Շիղային, որ նրանք էլ խօսքով նոյնը պատմեն.
28 որովհետեւ հաճելի թուաց Սուրբ Հոգուն եւ մեզ՝ աւելի ոչ մի բեռ չդնել ձեր վրայ, բացի այս կարեւորներից.
29 այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից, խեղդամահ արուած կենդանիներից ու պոռնկութիւնից. ձեզ դրանցից հեռու պահելով՝ լաւ կ՚անէք։ Ո՛ղջ եղէք։
30 Եւ նրանք մեկնելով՝ ճանապարհ դրուեցին եւ Անտիոք իջան ու ժողովրդին հաւաքելով՝ նամակը տուեցին։
31 Եւ նրանք ընթերցելով՝ այդ մխիթարութեան համար ուրախացան։
32 Յուդան եւ Շիղան, քանի որ նրանք էլ մարգարէներ էին, բազում խօսքերով յորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց։
33 Եւ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղութեամբ յետ ուղարկուեցին առաքեալների մօտ։
34 Սակայն Շիղային հաճելի թուաց այնտեղ մնալ։
35 Իսկ Պօղոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու աւետարանում էին Աստծու խօսքը։
36 Իսկ մի քանի օր յետոյ Պօղոսը Բառնաբասին ասաց. Վերադառնանք եւ շրջենք եղբայրների մէջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խօսքը՝ տեսնելու, թէ ինչ վիճակում են։
37 Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ հետը տանել,
38 բայց Պօղոսը չէր ուզում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մէկին իրենց հետ տանեն։
39 Եւ նրանց մէջ գժտութիւն առաջացաւ, այնքան, որ իրարից բաժանուեցին. Բառնաբասը Մարկոսին վերցնելով՝ նաւարկեց դէպի Կիպրոս։
40 Իսկ Պօղոսը Շիղային ընտրելով՝ ճանապարհ ընկաւ՝ եղբայրների կողմից յանձնուելով Աստծու շնորհին.
41 եւ շրջում էր Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում ու ամրապնդում էր եկեղեցիները։