ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 5

1 Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց
2 եւ նրա գումարից մի մաս կնոջ գիտութեամբ թաքցրեց եւ միւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։
3 Պետրոսն ասաց. Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր.
4 չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, եւ վաճառելիս՝ քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղաւ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն։
5 Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ եւ շունչը փչեց. եւ մեծ վախ ընկաւ բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։
6 Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։
7 Եւ շուրջ երեք ժամ անցաւ. եւ նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ էր եղել, ներս մտաւ։
8 Պետրոսը նրան դիմեց եւ ասաց. Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք։ Եւ նա ասաց. Այո՛, այդչափ։
9 Եւ Պետրոսը նրան ասաց. Ինչի՞ համար է, որ դուք միաբանեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կը հանեն։
10 Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան եւ նրան մեռած գտան. եւ հանեցին թաղեցին իր ամուսնու մօտ։
11 Եւ մեծ վախ ընկաւ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։
12 Եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մէջ. եւ բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահի մէջ էին։
13 Ուրիշներից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց յարգում էր։
14 Եւ աւելի ու աւելի էին շատանում Տիրոջը հաւատացողները՝ տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը.
15 այնքան, որ հիւանդներին հանում էին հրապարակները եւ դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնէ նրա ստուերը հասնի նրանցից մէկին։
16 Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքւում էր Երուսաղէմ. բերում էին հիւանդներ եւ պիղծ ոգիներից տանջուածներ, որոնք բոլորն էլ բժշկւում էին։
17 Քահանայապետը եւ բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցուեցին առաքեալների դէմ.
18 եւ ելան ձեռք դրեցին առաքեալների վրայ ու նրանց հրապարակաւ բանտ դրին։
19 Ապա Տիրոջ հրեշտակը գիշեր ժամանակ բացեց բանտի դռները եւ նրանց դուրս հանելով՝ ասաց.
20 Գնացէք կանգնեցէ՛ք տաճարի մէջ եւ ասացէ՛ք ժողովրդին այս կենարար պատգամը։
21 Եւ երբ այս լսեցին, առաւօտեան մտան տաճարը եւ ուսուցանում էին։ Եկաւ քահանայապետը, եւ նրանք, որ նրա հետ էին. ի մի հաւաքեցին ատեանը եւ իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը. եւ մարդ ուղարկեցին բանտ՝ առաքեալներին բերելու։
22 Երբ սպասաւորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին.
23 Բանտը ամենայն զգուշութեամբ փակուած գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք։
24 Երբ տաճարի իշխանաւորները եւ քահանայապետները այս խօսքերը լսեցին, զարմանում էին դրանց վրայ, թէ արդեօք այդ ի՛նչ պէտք է եղած լինի։
25 Եւ մէկը եկաւ նրանց պատմեց. Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ժողովրդին ուսուցանում են։
26 Այն ժամանակ իշխանաւորը, սպասաւորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնութեան, որովհետեւ վախենում էին ժողովրդից, որ չքարկոծուեն։
27 Եւ բերելով նրանց՝ ատեանի առաջ կանգնեցրին։ Քահանայապետը հարցաքննեց նրանց
28 եւ ասաց. Ձեզ խստիւ չպատուիրեցի՞նք միթէ՝ չուսուցանել այն անունով. եւ սակայն ահա հիմա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքով. եւ այն մարդու արեան պատասխանատուութիւնը ուզում էք մեր վրայ գցել։
29 Պատասխան տուեցին Պետրոսն ու առաքեալները եւ ասացին. Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց։
30 Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուեց Յիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով։
31 Աստուած նրան բարձրացրեց իր աջ ձեռքով որպէս առաջնորդ եւ փրկիչ՝ Իսրայէլին տալու համար ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն։
32 Այս բաների համար նրա վկաները մենք ենք եւ Սուրբ Հոգին, որը Աստուած տուեց իրեն հնազանդուողներին։
33 Եւ երբ նրանք այս լսեցին, սաստիկ զայրացան ու խորհուրդ էին անում նրանց սպանել։
34 Մի փարիսեցի, որի անունը Գամաղիէլ էր, օրէնուսոյց եւ ամբողջ ժողովրդից պատուուած մարդ, ատեանի մէջ ոտքի ելաւ եւ հրամայեց, որ առաքեալներին մի փոքր ժամանակով դուրս հանեն.
35 ապա նրանց ասաց. Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ի՛նչ պէտք է անէք։
36 Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թեւդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երեւելի մէկն է. եւ նրան յարեցին թուով մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, եւ բոլոր նրանք, որ նրա հետ միաբանել էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց։
37 Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին եւ շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետեւից. նա էլ կորաւ. եւ բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին, ցիրուցան եղան։
38 Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կը քանդուի.
39 իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք։
40 Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան եւ առաքեալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց։
41 Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել։
42 Եւ ամէն օր, տաճարում թէ տներում, չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին։