ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ. Chapter 3

1 Պետրոսը եւ Յովհաննէսը տաճար էին բարձրանում կէսօրից յետոյ ժամը երեքի աղօթքի համար։
2 Եւ մօրից կաղ ծնուած մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, - որ կոչւում էր Գեղեցիկ, - որպէսզի նա տաճար մտնողներից ողորմութիւն խնդրի։
3 Սա տեսնելով Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմութիւն ստանայ։
4 Պետրոսը նրան նայեց Յովհաննէսի հետ եւ ասաց. Նայի՛ր մեզ։
5 Նա դարձաւ դէպի նրանք եւ ակնկալում էր նրանցից մի բան ստանալ։
6 Եւ Պետրոսն ասաց. Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կը տամ. յանուն Նազովրեցի Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց եւ քայլի՛ր։
7 Եւ բռնելով նրա աջ ձեռքից՝ վեր կացրեց նրան. եւ իսկոյն ամրացան նրա ազդրերն ու սրունքները։
8 Նա վեր ցատկեց եւ սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտաւ. քայլում էր եւ վազվզում ու օրհնում Աստծուն։
9 Եւ ամբողջ ժողովուրդը տեսաւ նրան քայլելիս եւ Աստծուն օրհնելիս։
10 Եւ նրան ճանաչեցին, թէ նա էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մօտ ողորմութիւն ստանալու համար. եւ եղած նշանի վրայ զարմանքով լցուեցին։
11 Եւ մինչ նա Պետրոսին եւ Յովհաննէսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը, զարմացած, վազեց նրանց մօտ դէպի այն բակը, որ կոչւում էր Սողոմոնի բակ։
12 Երբ Պետրոսն այս բանը տեսաւ, ժողովրդին ասաց. Ո՛վ Իսրայէլացիներ, այս բանի վրայ ինչո՞ւ էք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ էք նայում, որպէս թէ մեր անձի զօրութեամբ կամ քաջութեամբ քայլել տուած լինէինք դրան։
13 Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը, մեր հայրերի Աստուածը փառաւորեց իր Որդուն՝ Յիսուսին, որին դուք մատնեցիք եւ Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել։
14 Եւ դուք Սրբին ու Արդարին ուրացաք ու խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհուի ձեզ.
15 եւ սպանեցիք կեանքի Առաջնորդին, որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց. եւ այդ բանին մենք իսկ վկայ ենք։
16 Յիսուսի անուան զօրութի՛ւնը բժշկեց այս մարդուն, որին տեսնում էք եւ ճանաչում, որովհետեւ նրա անուանը հաւատաց։ Եւ Յիսուսի միջոցով եղած հաւա՛տն է, որ սրան տուեց այս առողջութիւնը՝ ձեր բոլորի ներկայութեամբ։
17 Եւ արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտութեամբ արեցիք դուք, ինչպէս եւ ձեր իշխանաւորները,
18 բայց ինչպէս որ Աստուած նախօրօք յայտնել էր բոլոր մարգարէների բերանով իր Քրիստոսի չարչարուելը, այդպէս էլ կատարեց։
19 Արդ, ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար,
20 որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից, եւ որպէսզի նա ուղարկի Յիսուսին, որ ձեզ համար վաղօրօք սահմանուած է Քրիստոս,
21 որին երկինքը պէտք է ընդունի մինչեւ բոլոր բաների վրայ հաստատուելու ժամանակները, այն բաների, որոնց մասին Աստուած խօսեց իր սուրբ մարգարէների բերանով։
22 Մովսէսը մեր հայրերին ասաց. Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսէք ամէն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի.
23 եւ ամէն մարդ, որ այդ մարգարէին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջուի։
24 Եւ Սամուէլից սկսած՝ բոլոր մարգարէներն էլ, որ խօսեցին, պատմեցին նաեւ այս օրերի մասին։
25 Դուք էք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնուեն։
26 Աստուած նախ ձեզ համար յարութիւն տուեց իր Որդուն եւ ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ իւրաքանչիւրիդ յետ դարձնելու համար ձեր չար գործերից։