ԵՍԹԵՐ. Chapter 13

1 Ես՝ մեծ արքայ Արտաշէսը, գրում եմ այս հրամանը ձեզ, որ Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի կողմերում էք, իշխաններիդ եւ պետերիդ, ձեր հպատակներին եւ իմ այս ամբողջ երկրին։
2 Կամենալով ո՛չ թէ իմ իշխանութեան յարուցած ահով հպարտանալ, այլ քաղցրութեամբ ու խոնարհութեամբ կառավարել, որպէսզի նրանք, որ հնազանդ են, աներկիւղ եւ միշտ ապահով կեանք ունենան, եւ իմ թագաւորութիւնը խաղաղութեամբ մնայ մինչեւ իմ երկրի ծայրամասերը, ինչպէս նաեւ վերահաստատելու համար բոլոր մարդկանց ցանկալի խաղաղութիւնը,
3 ես հարցրի իմ խորհրդակիցներին, թէ ինչպէս կարելի է գլուխ բերել այս ամէնը։ Եւ Համանը, որի իմաստութիւնը, անփոփոխ հոգածութիւնը, հաստատուն հաւատարմութիւնը յայտնի է, եւ որով նա արժանացել է իմ երկրորդ աթոռակցութեանը,
4 մեզ ցոյց տուեց, որ ամբողջ աշխարհի ազգերին խառնուած է մի դժնդակ, օրինազանց ժողովուրդ, որ ընդդիմանում է թագաւորներին, չի լսում նրանց, մերժում է նրանց հրամանները, որոնք մեր կողմից սահմանուած ու հաստատուած են եւ պարտադիր են մեր իշխանութեան համար։
5 Արդ, միայն այս ազգն է, որ իր բոլոր ցեղերով հակառակ է միւս ազգերին, բոլոր մարդկանց եւ մերժում է օտար օրէնքներն ու կարգերը։Նրանք վատ մարդիկ են ու մեր օրէնքներին հակառակ, նրանց ձեռքով են կատարւում բոլոր չարիքները, նրանք մեր թագաւորութեան թշնամիներն են։
6 Այժմ որոշում եւ այդ մասին ազդարարում ենք մեր այս գրով՝ հաստատուած մեր եւ մեր գործերի կառավարիչ ու թագաւորութեան երկրորդ հայր Համանի կողմից, այս տարուայ տասներկուերորդ ամսի՝ Ադար ամսի չորրորդ օրը թշնամու սրով իսպառ ոչնչացնել բոլոր հրեաներին, կանանցով ու որդիներով հանդերձ, առանց գթալու եւ խնայելու։
7 Թող նրանք այս տարի չարաչար մահով մէ՛կ օրում դժոխք իջնեն։ Միայն այդ ժամանակից, այդ գործերը կատարելուց յետոյ խաղաղութիւն կը լինի մեզ։
8 Հրովարտակի պատճէնները գրուեցին եւ տարածուեցին բոլոր գաւառներում։ Երբ հրապարակուեց այս հրամանը, բոլորն սկսեցին պատրաստուել այդ օրուան։ Այդ լուրերն արագ հասան նաեւ Սուսա քաղաք։ Մինչ թագաւորն ու Համանը իրենց մազերը յարդարած զուարճանում էին, ամբողջ քաղաքը խռովութեան մէջ էր։ Մուրթքէն թախանձագին աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով եւ յիշելով Տիրոջ փառաւոր գործերը։ Նա ասաց.
9 Տէ՛ր Աստուած, Թագաւո՛ր Ամենակալ, քո հրամանին է սպասում ամէն ոք, ոչ ոք չի կարող ընդդիմանալ քեզ, եթէ դու կամենում ես ապրեցնել քո ժողովրդին՝ Իսրայէլին,
10 որովհետեւ դու, Տէ՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ բոլոր սքանչելիքները.
11 դու տիրում ես ամէն բանի վրայ, եւ ոչ ոք չի կարող հակառակ լինել քո տէրութեանը. դու գիտես ամէն ինչ.
12 որովհետեւ ես ո՛չ հպարտութիւնից, ո՛չ ամբարտաւանութիւնից եւ ո՛չ էլ թշնամանքից ելնելով չերկրպագեցի ամբարտաւան Համանին։
13 Մինչդեռ ես հաճոյքով կը կամենայի համբուրել նրա ոտքերի գարշապարները Իսրայէլի այս տան փրկութեան համար։
14 Բայց ես այս բանն արեցի, որպէսզի փառք չտամ մարդ արարածին, այլ միայն քեզ՝ ճշմարիտ Աստծուդ. ես չեմ երկրպագի որեւէ մէկին, այլ միայն քեզ՝ իմ Տիրոջը. ես դա չարեցի ամբարտաւանութեամբ։
15 Արդ, Աբրահամի Տէ՛ր Աստուած, դու խնայի՛ր քո ժողովրդին, քանզի մեր դէմ բարձրացել են ապականիչները, որովհետեւ ցանկանում են կորստի մատնել քո սկզբնական ժառանգութիւնը։
16 Մի՛ անտեսիր քո բաժինը, որ դու ինքդ փրկեցիր Եգիպտացիների երկրից։
17 Լսի՛ր, Տէ՛ր, իմ աղօթքի ձայնը եւ քաւի՛չ եղիր քո ժառանգութեանը, մեր սուգն ուրախութեա՛ն փոխիր, որպէսզի մենք՝ ապրողներս, օրհնենք քո մեծ անունը, Տէ՛ր։ Մի՛ ապականիր այն բերանը, որ օրհնում է քեզ։
18 Եւ բոլոր իսրայէլացիները, իրենց ամբողջ զօրութեամբ, կանչեցին Տիրոջը, քանի որ մահը նրանց առջեւ էր։