ԵՍԹԵՐ. Chapter 5

1 Եսթերն ասաց. Իմ այս օրը նշանաւոր է. եթէ արքան կամենայ, դու եւ Համանը կը գաք իմ խնջոյքին, որ տալու եմ այսօր։
2 Թագաւորն ասաց. Շտապ կանչեցէ՛ք Համանին, եւ կատարենք Եսթերի ասածը։ Նրանք երկուսով եկան Եսթերի ասած խնջոյքին։
3 Եւ մինչ նրանք գինի էին խմում, արքան ասաց Եսթերին. Ի՞նչ ես կամենում, Եսթե՛ր տիկին, ինչ էլ խնդրես՝ կը տամ քեզ։
4 Եսթերն ասաց. Իմ աղաչանքն ու խնդրանքն այս է.
5 եթէ ես շնորհ գտայ արքայի առջեւ, թող գան արքան եւ Համանը խնջոյքին, որ ձեզ համար կրկին տալու եմ վաղը։
6 Համանն արքայի մօտից ելաւ մեծ ուրախութեամբ։ Երբ Համանը թագաւորի տանը տեսաւ Մուրթքէին՝ հրեայ մարդուն, շատ բարկացաւ։
7 Ապա նա մտաւ իր տունը, կանչեց իր սիրելիներին ու իր կին Զոսարրային
8 եւ նրանց պատմեց իր մեծութեան ու փառքի մասին, որ իրեն տուել էր թագաւորը, եւ թէ ինչպէս իրեն դարձրել էր իր թագաւորութեան մէջ առաջինը։
9 Համանն ասաց. Եսթեր տիկինն իր խնջոյքին արքայի հետ չկանչեց ուրիշ մէկին, բացի ինձանից. եւ վաղը կրկին հրաւիրեց ինձ։
10 Բայց ինձ համար հաճելի չէ, երբ թագաւորի տանը տեսնում եմ Մուրթքէին՝ հրեայ մարդուն։
11 Իր կին Զոսարրան եւ իր սիրելիներն ասացին նրան. Հրամա՛ն տուր, որ յիսուն կանգուն բարձրութեամբ մի կախաղան պատրաստեն. առաւօտեան կ՚ասես արքային, որ Մուրթքէն կախաղան հանուի, իսկ դու արքայի հետ կը մտնես խնջոյքի եւ ուրախ կը լինես նրա հետ։ Այս խօսքը հաճելի թուաց Համանին, եւ կախաղանը պատրաստեցին։