ԵՍԹԵՐ. Chapter 4

1 Երբ Մուրթքէն իմացաւ կատարուած դէպքերի մասին, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ իր գլխին մոխիր ցանեց ու ընթացաւ քաղաքի հրապարակով։ Նա բարձր ձայնով աղաղակում էր եւ ասում. Ինչո՞ւ էք իզուր եւ անտեղի վերացնում իմ ազգը, որ որեւէ չարիք չի գործել։
2 Նա եկաւ մինչեւ արքունի տան դռներն ու կանգնեց. եւ որովհետեւ նա քուրձ էր հագել եւ մոխիր ցանել գլխին, արժանի չէր արքունի գաւիթ իսկ մտնելու։
3 Բոլոր գաւառներում, ուր որ կարդում էին հրովարտակը, հրեաները աղաղակ էին բարձրացնում, մեծ սուգ ու կոծ անում, քուրձ էին հագնում ու մոխիր լցնում իրենց վրայ։
4 Տիկնանց տիկնոջ ներքինիներն ու նաժիշտները մտան ու այդ մասին պատմեցին Եսթերին։ Երբ նա իմացաւ թագաւորի տուած հրամանի մասին, սաստիկ յուզուեց, ապա հագուստ ուղարկեց՝ Մուրթքէին հագցնելու եւ քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չհամաձայնեց։
5 Եսթերը կանչեց իր ներքինի Առնաթեւին, որ մշտապէս լինում էր նրա մօտ, եւ նրան ուղարկեց Մուրթքէից ճշմարտութիւնն իմանալու, թէ իսկապէս դա այդպէ՞ս է։
6 Մուրթքէն իրազեկ դարձրեց նրան կատարուած դէպքերի մասին, ինչպէս որ դրանք եղել էին, նաեւ այն մասին, որ Համանը խոստացել էր տասը հազար քանքարի գանձ տալ արքային, որպէսզի կոտորի հրեաներին։
7 Եւ նա Սուսա քաղաքում նրանց կոտորելու մասին կարդացուած հրովարտակի պատճէնը տուեց ներքինուն, որպէսզի ցոյց տայ Եսթերին։
9 Առնաթեւը Մուրթքէին պատմեց Եսթերի բոլոր խօսքերը։
10 Մուրթքէն ասաց Առնաթեւին. Դու գնա՛ եւ ասա՛ նրան. Եսթե՛ր, դու մտքումդ մի՛ ասա, թէ այս թագաւորութեան մէջ բոլոր հրեաներից միայն ես կը փրկուեմ.
11 եթէ դու այս ժամանակ չլսես ու լռես, ապա այլ տեղից հրեաներին օգնութիւն եւ փրկութիւն կը լինի, իսկ դու եւ քո հօր տունը կը կորչէք. եւ, ո՛վ գիտէ, գուցէ հէնց այսպիսի ժամանակի համար դու թագադրուեցիր։
12 Եւ Եսթերը ներքինուն կրկին ուղարկեց Մուրթքէի մօտ եւ ասաց.
13 Դու գնա՛ եւ հաւաքի՛ր Սուսա քաղաքում եղած հրեաներին, ինձ համար ծո՛մ պահեցէք եւ երեք օր՝ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը չուտէք ու չխմէք, իսկ ես եւ իմ նաժիշտները նոյնպէս ծոմ կը պահենք։ Ապա ես կը մտնեմ արքայի մօտ, թէեւ այդ բանն անելն արքայի օրէնքներից դուրս է. սակայն ես կ՚անեմ դա. եթէ մեռնելու իսկ լինեմ, չեմ յապաղի։
14 Եւ Մուրթքէն գնաց ու արեց՝ ինչպէս իրեն պատուիրել էր Եսթերը։