ԵՍԹԵՐ. Chapter 14

1 Եսթեր տիկինը մեծ նեղութիւնների մէջ ապաւինել էր Տիրոջը։
2 Նա վրայից հանեց թագաւորութեան փառքի զգեստները եւ հագաւ նեղութեան ու սգի քուրձ, զանազան թանկարժէք իւղերի ու խնկերի փոխարէն մոխիր ու աղբ լցրեց իր գլխին, իր մարմինը ենթարկեց ծանր չարչարանքների եւ իր մարմնի այն բոլոր մասերը, որ զարդարում էր ցնծութեան ժամանակ, ծածկեց իր մազերի գիսակներով։
3 Նա բազում թախանձագին աղօթքներ մատուցելով՝ Իսրայէլի Տէր Աստծուն խնդրում էր եւ ասում. Տէ՛ր իմ եւ Թագաւո՛ր մեր, դո՛ւ միայն կարող ես օգնել ինձ՝ միայնակիս, ես քեզանից բացի ուրիշ օգնական չունեմ ինձ, քանզի իմ առջեւ մեծ վտանգ կայ։
4 Ես իմ ծննդից ի վեր լսում էի իմ հայրենի ազգից,
5 թէ դու, Տէ՛ր, բոլոր ազգերից ընտրեցիր Իսրայէլին եւ նրանց ազգատոհմից՝ մեր հայրերին, իբրեւ յաւիտենական ժառանգութիւն քեզ, եւ նրանց համար արեցիր այն ամէնը, ինչ ասացիր։ Նա կրկին շարունակելով իր աղօթքը՝ այսպէս էր ասում. Աստուա՛ծ Աբրահամի, Աստուա՛ծ Իսահակի եւ Աստուա՛ծ Յակոբի, դու օրհնեալ ես յաւիտեան. հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Ենոքին այս երկրից տարար երկինք, ապաշխարութիւնից՝ դէպի յաւիտենական կեանք։ Հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Նոյին փրկեցիր ջրհեղեղից։ Հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Աբրահամին իր մարդկանց առջեւ թագաւորների մէջ փառք տուեցիր։ Հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Յովնանին կէտ ձկան մէջ կենդանի պահեցիր։ Իմ հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու երեք մանուկներին հնոցի կրակից փրկեցիր, իսկ Դանիէլին ապրեցրիր առիւծների գբի մէջ։ Իմ հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Հրէաստանի Եզեկիա արքային, որ մահուան էր դատապարտուած, փրկեցիր, եւ երբ նա իր կեանքի համար աղօթում էր քեզ, ողորմեցիր նրան, շնորհ տուիր ու նրա կեանքին աւելացրիր տասնհինգ տարի։ Իմ հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու, երբ Աննան աղօթքներով ու պաղատանքով զաւակ էր խնդրում քեզանից, դու նրան, Տէ՛ր, շնորհեցիր մեծն Սամուէլին։
6 Եւ այժմ, Տէ՛ր, մենք մեղք գործեցինք քո առջեւ, եւ դու մեզ մատնեցիր մեր թշնամիների ձեռքը
7 այն բանի փոխարէն, որ մենք փառաւորեցինք նրանց աստուածներին։ Արդար ես դու, Տէ՛ր։
8 Բայց նրանք չբաւարարուեցին նրանով, որ մենք ծառայում ենք իրենց, այլ իրենց ձեռքերը դրին իրենց կուռքերի վրայ՝
9 երդուելով վերացնել այն, ինչ սահմանել է քո բերանը, եղծանել քո ժառանգութիւնը, փակել քեզ օրհնող բերանները, մարել քո Տան եւ քո սուրբ սեղանի փառքը,
10 բացել ազգերի բերանները՝ փառաւորելու համար իրենց աստուածներին, որ ոչնչութիւն են, փառաւորելու համար այս ժամանակի մարմնաւոր թագաւորներին։
11 Արդ, Տէ՛ր Աստուած, քո ժառանգութեան վիճակը մի՛ մատնիր նրանց ձեռքը, որ ոչինչ են, որպէսզի մեր կործանման վրայ ուրախութեամբ չցնծան, այլ շրջի՛ր նրանց մտադրութիւնը իրե՛նց իսկ վրայ եւ խայտառակի՛ր նրան, ով ելել է մեր դէմ։
12 Յիշի՛ր, Տէ՛ր, եւ մի՛ անտեսիր մեզ մեր նեղութեան ժամանակ։ Դու, որ բոլոր թագաւորների Թագաւորն ես եւ տէրերի Տէրը, համարձակութի՛ւն տուր ինձ
13 եւ իմ բերանում դի՛ր դիւրին խօսքեր, որ շնորհ գտնեմ թագաւորի առաջ, շրջի՛ր նրա սիրտը ատելութեամբ դէպի մեր թշնամին՝ կոտորելու համար նրան եւ նրա կամակիցներին։
14 Իսկ մեզ փրկի՛ր քո բարձր բազկով եւ օգնի՛ր ինձ՝ միայնակիս, որը, բացի քեզնից, ուրիշ օգնական չունի, Տէ՛ր։
15 Տէ՛ր, դու բոլորի սիրտը գիտես եւ ճանաչում ես. ես ատեցի այս անօրէնների փառքը, զզուած եմ այս անթլփատների անկողնուց եւ այս բոլոր օտար ստացուածքներից։
16 Դու գիտես, Տէ՛ր, իմ կարիքները, քանզի ինձ համար գարշելի է այս թագը, որ իմ գլխին է. սրանից գարշում եմ՝ ինչպէս կանանց ամսականի արնոտ լաթից, եւ չեմ կրում այն, երբ ներսում հանգստանում եմ։
17 Քո աղախինը չկերաւ Համանի սեղանից, ես չփառաւորեցի թագաւորի գինարբուքը եւ չխմեցի կուռքերին զոհաբերուած նրանց գինուց։
18 Այն օրից, ինչ քո աղախինը մտել է թագաւորի մօտ, մինչեւ այժմ, ուրախացել է միայն քեզանով, Տէ՛ր, Տէ՛ր Աստուած Աբրահամի։
19 Աստուա՛ծ, որ հզօր ես բոլորի վրայ, լսի՛ր մեր՝ անյոյսներիս ձայնը, փրկի՛ր մեզ այն ձեռքերից, որ չարչարում են մեզ, ազատի՛ր ինձ իմ երկիւղից եւ ապրեցրո՛ւ քո ժողովրդին՝ Իսրայէլին։