ԵՍԹԵՐ. Chapter 1

1 Այս դէպքերից յետոյ, Արտաշէսի օրօք, -
2 այս Արտաշէսը տիրում էր Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը գաւառի, -
3 երբ նա Սուսա քաղաքում նստեց գահին,
4 իր թագաւորութեան երրորդ տարում խնջոյքի հրաւիրեց իր սիրելիներին ու մեծամեծներին, նաեւ այլ ազգերի՝ պարսիկների ու մարերի բոլոր նախարարներին եւ իշխաններին։
5 Նա հարիւր ութսուն օր նրանց ցոյց տուեց իր թագաւորութեան հարստութիւնը՝ իր ուրախութեան ու վայելչութեան փառքը։
6 Երբ խնջոյքի օրերն աւարտուեցին, յաջորդ անգամ կրկին հրաման տուեց խնջոյքի կանչելու իր ռամիկ քաղաքացիներին արքունի տան գաւթում։
7 Գաւիթը զարդարուած էր բեհեզներով ու կերպասներով, որոնք շարուած ու կապուած էին ծիրանի ու բեհեզի հիւսածոյ թելերով՝ ամրացուած ոսկէ խոյակներին։ Կային նաեւ ծիրանագոյն պաստառներ գեղեցիկ սիւների ու ոսկեղէն խարիսխների վրայ։ Գաւթի վարդագոյն յատակի վրայ կային մարգարիտներով ու թանկարժէք քարերով ընդելուզուած բազում ոսկէ եւ արծաթէ գահաւորակներ՝ ծածկուած նկարազարդ երփներանգ պաստառներով եւ պատուական զարդանախշերով։
8 Այնտեղ կային թագաւորի ոսկէ ու արծաթէ սափորներ եւ գաւաթներ, որոնք ունէին երեսուն հազար քանքարի գին։
9 Գինին առատ էր եւ արքայավայել։ Բայց այս խնջոյքը չեղաւ այնպէս, ինչպէս կարգն էր, որովհետեւ թագաւորը ցանկացել էր, որ իր սպասաւորները կատարեն հիւրերի կամքը։
10 Իսկ թագաւորի կինը՝ Ասթինէն, Արտաշէս թագաւորի ապարանքում խնջոյք արեց կանանց համար։
11 Եօթներորդ օրը թագաւորը, որի սիրտը լցուած էր ուրախութեամբ, ասաց Ամանին, Բազանին, Թառային, Բուրազէին, Աթելթային, Բատենզային եւ Թառաբբային՝ իր եօթը ներքինիներին,
12 որ կնոջը կանչեն արքունիք, որպէսզի թագադրի նրան եւ բոլոր իշխաններին ու ազգերին ցոյց տայ նրա գեղեցկութիւնը, որովհետեւ նա շատ գեղեցիկ էր։
13 Իսկ Ասթինէն չուզեց լսել հրամանը՝ ներքինիների հետ գալու նրա մօտ։ Թագաւորը տրտմեց, խիստ բարկացաւ
14 եւ իր սիրելիներին պատմեց Ասթինէի վարմունքը։ Թագաւորն ասաց. Այժմ դատ ու դատաստան արէ՛ք։
15 Եւ նրա մօտ մտան Արքինէոսը, Առնաթեւը եւ Մալիսեարը՝ պարսիկների եւ մարերի այն իշխանները, որ արքայի մերձաւորներն ու աթոռակիցներն էին.
16 սրանք յայտնեցին, թէ օրէնքով ինչ պէտք անել թագաւորի կին Ասթինէին, քանի որ չէր կատարել ներքինիների միջոցով իրեն տրուած արքայական հրամանը։
17 Այն ժամանակ Մուրթքէն ասաց արքային. Տիկնանց տիկին Ասթինէն հակառակուեց ոչ թէ միայն արքային, այլեւ՝ արքայի բոլոր իշխաններին եւ կուսակալներին։
18 Այսպէս անհնազանդ կը լինեն նաեւ պարսիկների ու մարերի իշխանների բոլոր կանայք.
19 երբ նրանք լսեն թագաւորի կնոջ այս արհամարհանքը, համարձակ կարող են անարգել իրենց ամուսիններին։
20 Արդ, եթէ արքան կամենայ եւ հաճելի թուայ նրան, թող այդ կինն այլեւս չմտնի արքայի մօտ, եւ թող արքան նրա տիկնութիւնը տայ այն կնոջը, որը նրանից աւելի լաւը կը լինի։
21 Եւ երբ այս օրէնքը կը հրապարակես քո թագաւորութեան մէջ, կանայք՝ աղքատներից մինչեւ մեծամեծները, մեծ յարգանքով կը պատուեն իրենց ամուսիններին։
22 Այս խօսքը հաճելի թուաց արքային եւ նրա բոլոր իշխաններին, եւ թագաւորն արեց այնպէս, ինչպէս ասաց Մուրթքէն։
23 Նա հրովարտակ ուղարկեց իր ամբողջ թագաւորութեան բոլոր գաւառները, որ այդ հրամանը դրուի բոլոր կանանց վրայ։