ԵՍԹԵՐ. Chapter 15

1 Մուրթքէն, պատուիրելով, ասաց նրան, որ Եսթերը մտնի արքայի մօտ, խնդրի նրանից եւ աղաչի ժողովրդի համար։
2 Յիշի՛ր, - ասաց, - քո տառապանքի օրերը եւ թէ ինչպէս մեծացար իմ ձեռքերի մէջ, որովհետեւ Համանը՝ արքայի երկրորդը, նրա հետ խօսել է մեզ մահուան մատնելու մասին։
3 Արդ, Տէր Աստծուն կ՚աղաչես պաղատանքով եւ թագաւորիդ հետ կը խօսես մեր մասին, որպէսզի մեզ փրկես այս մահուանից։
4 Առնաթեւը մտաւ Եսթերի մօտ եւ նրան ասաց այս բոլոր բաները։
5 Եսթերն ասաց Առնաթեւին.
6 Դու գնա՛ Մուրթքէի մօտ եւ ասա՛ նրան, թէ թագաւորութեան բոլոր ազգերը գիտեն, որ եթէ որեւէ տղամարդ կամ կին մտնի արքայի մօտ՝ ներքին սենեակը, առանց նրա կանչելու, փրկութիւն չկայ նրան. բայց ապրում է միայն նա, ում արքան մեկնում է իր ոսկի գաւազանը։ Իսկ ես կանչուած չեմ մտնելու արքայի մօտ՝ ահա արդէն այս երեսուն օր է։
7 Երրորդ օրը, երբ նա վերջացրեց իր աղօթքը, հանեց իր վրայից սգոյ հանդերձը, հագաւ իր ծիրանի զգեստները եւ շատ գեղեցիկ դարձաւ։
8 Նա կանչեց իր ամենատես եւ բոլորի փրկիչ Աստծուն, իր հետ վերցրեց իր սիրելի երկու նաժիշտներին,
9 որոնցից մէկը վեր էր բռնել նրա զգեստի քղանցքը,
10 իսկ միւսի ուսով նա գցել էր իր թեւը։
11 Նա ամօթահար՝ վախենում էր իր երիտասարդական գեղեցկութեան համար։ Նրա երեսը զուարթ էր՝ սիրելու համար, բայց նրա սիրտը նեղուած էր ահից։
12 Նա անցաւ ապարանքի բոլոր դռներով ու կանգնեց թագաւորի առջեւ։ Թագաւորը նստել էր իր արքայական աթոռին ու հագել էր իր փառքի պատմուճանը, որն ընդելուզուած էր ոսկով, մարգարտով ու թանկարժէք քարերով, իսկ տեսքը խիստ ահաւոր էր։
13 Թագաւորը վեր բարձրացրեց իր դէմքը, որ վառւում էր փառքով, եւ նայեց։ Տիկինը շփոթուեց, փոխեց իր գոյնը, թուլացաւ եւ թեքուեց իր առջեւից գնացող նաժշտի վրայ։
14 Աստուած թագաւորի հոգին շրջեց դէպի հեզութիւն. թագաւորը շտապ վեր կացաւ, մեծ երկիւղով արագ իջաւ իր աթոռից եւ տիկնոջն առաւ իր գիրկը, կանգնեցրեց նրան։ Նա աղաչում, մխիթարում էր նրան մեղմ խօսքերով եւ ասում.
15 Քեզ ի՞նչ է եղել, Եսթե՛ր տիկին, ես քո եղբայրն եմ, համարձա՛կ եղիր, չե՛ս մեռնի.
16 քանի որ իմ եւ քո հրամանները նոյնն են. մօտեցի՛ր,
17 վերցրո՛ւ ոսկի գաւազանն ու դի՛ր քո՝ տիկնոջդ պարանոցի վրայ։ Ապա նա համբուրեց նրան ու ասաց.
18 Խօսի՛ր ինձ հետ։
19 Եսթերն ասաց նրան. Ես քեզ տեսայ, տէ՛ր, ինչպէս Աստծու հրեշտակ, եւ իմ սիրտը խռովուեց քո փառքի ահից,
20 քանզի սքանչելի ես, տէ՛ր իմ, եւ քո երեսը լի է շնորհով։
21 Եւ մինչ նա խօսում էր նրա հետ, երկրորդ անգամ թուլացած ընկաւ թագաւորի ահից։
22 Թագաւորն ու նրա բոլոր ծառաները շատ անհանգիստ էին. թագաւորի սպասաւորներն աղաչում էին տիկնոջը։ Թագաւորն ասաց. Ի՞նչ ես կամենում, Եսթե՛ր, եւ ի՞նչ է քո խնդրանքը. ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ խնդրես նոյնիսկ իմ թագաւորութեան կէսը, կը տամ քեզ։