ԵՍԹԵՐ. Chapter 7

1 Թագաւորն ու Համանը եկան տիկնոջ գինարբուքին։
2 Երկրորդ օրն էլ, մինչ գինի էին ըմպում, արքան ասաց Եսթերին. Ի՞նչ է պէտք քեզ, Եսթե՛ր տիկին, եւ ի՞նչ է քո խնդրանքը կամ աղաչանքը. քո՛նը կը լինի մինչեւ իմ թագաւորութեան կէսը։
3 Եսթերը պատասխանեց ու ասաց. Եթէ քո առջեւ շնորհ գտայ, արքա՛յ, իմ խնդրանքը մի անձ է միայն, եւ թող իմ աղաչական խօսքն ընդունելի լինի։
4 Արդարեւ, ես եւ իմ ժողովուրդը վաճառուեցինք կորստեան, ստրկութեան ու յափշտակութեան համար, թէ՛ մենք եւ թէ՛ մեր որդիները. բայց ես չհաւատացի։ Արդ, բանսարկու մարդն արժանի չէ թագաւորի տանը լինելու։
5 Արքան ասաց. Ո՞վ է եւ ո՞ւր է նա, ով համարձակուեց անել այս բաները։
6 Եսթերն ասաց. Այդ թշնամի մարդը Համանն է, որ չար է, նա՛ արեց։ Համանն ահաբեկուեց եւ խիստ վախեցաւ արքայից ու տիկնոջից։
7 Թագաւորը վեր կացաւ ճաշից ու մտաւ արքունի ծաղկանոցը, իսկ Համանը ցանկանում էր հրաժեշտ տալ տիկնոջը, քանզի մեծ վախի մէջ էր։
8 Թագաւորը վերադարձաւ ծաղկանոցից ու տեսաւ, որ Համանն ընկած էր տիկնոջ գահոյքի առջեւ եւ նրան աղաչում էր իր փրկութեան համար։ Թագաւորն ասաց. Արդ, հասար այն աստիճանի, որ ուզում ես իմ տանն իմ կնոջը բռնաբարել։ Երբ Համանը լսեց այդ, ահաբեկուելով ու ամօթահար, ընկաւ երեսի վրայ։
9 Ներքինիներից մէկը՝ Բուգաթանը, ասաց արքային. Ահա Համանն արքայի սիրելի Մուրթքէի համար նաեւ յիսուն կանգուն մի կախաղան է պատրաստել եւ դրել իր տանը։ Թագաւորն ասաց. Թող նա խաչուի դրա վրայ։
10 Եւ Համանին կախեցին այն կախաղանից, որ նա պատրաստել էր Մուրթքէի համար։ Ապա թագաւորը հանդարտուեց իր բարկութիւնից։