ԵՍԹԵՐ. Chapter 6

1 Այդ գիշեր Տէր Աստուած փախցրեց արքայի քունը։ Արքան ասաց իր ատենադպրին, որ նա իր առջեւ բերի եւ կարդայ հրովարտակի գիրը։
2 Սա գտաւ հրովարտակը, որ գրուած էր Մուրթքէի մասին, թէ նա ինչպէս թագաւորին յայտնել էր այն երկու ներքինիների մասին, որոնք հսկում էին թագաւորի ապարանքը, եւ թէ ինչպէս ուզում էին սպանել Արտաշէս արքային։
3 Թագաւորն ասաց. Իսկ ի՞նչ շնորհ կամ պատիւ տուեցինք Մուրթքէին։ Արքայի սպասաւորներն ասացին. Երբ իմացար քո նկատմամբ նրա հաւատարմութիւնն ու հոգածութիւնը, նրա համար ոչինչ չարեցիր։ Առաւօտեան եկան թագաւորի գաւիթը։
4 Արքան ասաց. Ո՞վ է իմ գաւթում։ Համանը եկել էր թագաւորից հրաման առնելու, որ Մուրթքէին կախի այն կախաղանից, որ պատրաստել էր տուել նրա համար։
5 Արքայի սպասաւորներն ասացին. Ահա Համանը դրսում է։ Արքան ասաց. Թող ներս գայ։
6 Ապա թագաւորն ասաց Համանին. Ի՞նչ անեմ ես այն մարդուն, որին կամենում եմ մեծարել։ Համանը մտածեց ու իր մտքում ասաց. Ո՞ւմ է կամենում արքան մեծարել, եթէ ոչ՝ ինձ։
7 Եւ ասաց արքային. Այն մարդուն, որին արքան կամենում է մեծարել, թող նրա համար բերեն արքայական պատմուճանը
8 եւ այն նժոյգը, որին հեծնում է արքան, եւ թող դրանք տան արքայի սիրելիներից պատուարժան մէկին,
9 որպէսզի նա պատմուճանը հագցնի այն մարդուն, որին սիրում է արքան, եւ նրան նստեցնի արքայական նժոյգին. թող քաղաքի հրապարակներում յայտարարեն ու ասեն. Ա՛յսպէս կը լինի ամէն մարդու հետ, որին արքան կը մեծարի։
10 Եւ արքան ասաց Համանին. Լա՛ւ ասացիր. այդ կ՚անես իմ տան խնամակալի՝ հրեայ Մուրթքէի համար. թող քո ասած խօսքերից որեւէ բան չվրիպի։
11 Համանն առաւ պատմուճանն ու արքայական նժոյգը, հագցրեց Մուրթքէին, նրան նստեցրեց նժոյգին եւ տարաւ քաղաքի փողոցներով. նա յայտարարում էր ու ասում. Ա՛յսպէս կը լինի ամէն մարդու հետ, որին արքան կը կամենայ մեծարել։
12 Ապա Մուրթքէն վերադարձաւ արքունի ապարանք, իսկ Համանը գնաց իր տունը՝ գլուխը կախած եւ տրտմութեամբ լի։
13 Համանն իր կին Զոսարրային պատմեց, թէ ինչ էր պատահել իր հետ։ Նրա սիրելիներն ու կինն ասացին նրան. Եթէ Մուրթքէն հրեաների ազգից էր եւ իշխան դարձաւ, հնազանդուի՛ր նրան, որովհետեւ դու չես կարող նրան չարիք հասցնել, քանի որ Տէր Աստուած նրա հետ է, եւ Տէ՛րն է փառաւորել նրան։
14 Եւ մինչ նրանք դեռ խօսում էին, երկու ներքինիներն եկան Համանին կանչելու տիկնոջ ճաշին։