ԵՍԹԵՐ. Chapter 3

1 Սրանից յետոյ այնպէս եղաւ, որ Արտաշէս արքան փառաւորեց Համանին՝ Դաթուբէի եւ նրա ընկերների հետ միասին. նրան բարձրացրեց առաջին աթոռին՝ իր բոլոր սիրելիներից աւելի։
2 Բոլորը, ովքեր թագաւորի տանն էին, երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը հրամայել էր այդպէս անել։ Բայց Մուրթքէն նրան չէր երկրպագում։
3 Թագաւորի մեծամեծները խօսեցին Մուրթքէի հետ ու ասացին. Մուրթքէ՛, ինչո՞ւ ըստ թագաւորի հրամանի, չես երկրպագում Համանին։
4 Թէեւ նրանք ամէն օր այդ մասին խօսում էին նրա հետ, բայց նա չէր լսում նրանց. նրանք Համանի առջեւ ամբաստանեցին Մուրթքէին, թէ Մուրթքէն չի հնազանդւում արքայի հրամանին, որովհետեւ հրեայ է։
5 Երբ Համանն իմացաւ, որ նա չի երկրպագում իրեն, շատ զայրացաւ.
6 նա մտածեց, թէ ինչպէս կորստեան մատնի Արտաշէս արքայի թագաւորութեան տակ եղած հրեաներին։
7 Արտաշէսի թագաւորութեան տասներկուերորդ տարում խորհուրդ արեցին թուահամարի վիճակ գցելու. նա օրից օր ու ամսից ամիս վիճակ էր գցում, թէ ինչպէս մի օրում կորստեան մատնի Մուրթքէի ազգը. եւ վիճակն ընկաւ Ադար ամսի տասնչորսին։
8 Նա խօսեց արքայի հետ ու ասաց. Կայ մի ազգ, որ ցրուած է ժողովուրդների եւ քո ամբողջ թագաւորութեան մէջ։ Այդ ազգը բոլոր ազգերից աւելի ապիրատ ու խորամանկ է եւ արքունի օրէնքներին չի հնազանդուում. արքայի համար օգուտ չէ, եթէ դու թողնես, որ նրանք մնան։
9 Արդ, եթէ արքան կամենայ, նրանց կորստեան մատնելու հրաման կը տայ, իսկ ես արքունի գանձերին կ՚աւելացնեմ տասը հազար արծաթ քանքար։
10 Եւ արքան հանեց իր մատանին ու այն տուեց Համանի ձեռքը, որպէսզի նա գրի ու կնքի հրաման՝ հրեաներին կոտորելու մասին։
11 Թագաւորն ասաց Համանին. Արծաթդ պահի՛ր քեզ, իսկ այդ ազգի հետ արա՛, ինչպէս որ կամենում ես։
12 Եւ առաջին ամսին, տասներեքերորդ օրը կանչեցին արքունի գրագիրներին, որոնք, ինչպէս նրանց հրամայել էր Համանը, Արտաշէսի հրամանով գիր գրեցին բոլոր գաւառների զօրավարներին եւ իշխաններին, Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը գաւառներին եւ նրանց ազգերի իշխաններին՝ իւրաքանչիւրին իր լեզուով։
13 Սուրհանդակների միջոցով հրովարտակներն ուղարկուեցին Արտաշէսի իշխանութեան բոլոր կողմերը՝ տասներկուերորդ ամսին, որ Ադարն է, որպէսզի մի օրում հրեաների ազգը կոտորեն եւ նրանց ամբողջ ունեցուածքն ու հարստութիւնը յափշտակեն։
14 Հրովարտակի հրամանն այսպէս էր.