ԵՍԹԵՐ. Chapter 10

1 Արտաշէս թագաւորը գրեց ծովի եւ ցամաքի վրայ իր ունեցած իշխանութեան,
2 իր հզօրութեան, իր քաջութեան, իր մեծութեան եւ իր թագաւորական փառքի մասին։ Ահա այդ բոլորը գրուած է պարսիկների եւ մարերի յիշատակարանների մատեաններում։
3 Այնտեղ գրուած է նաեւ, որ Մուրթքէն Արտաշէսից իշխանութիւն էր ստացել, մեծ էր նրա թագաւորութեան մէջ, հրեաներից փառաւորուած ու սիրուած եւ կատարուած դէպքերը պատմում էր իր ամբողջ ազգատոհմին։
4 Նա ասում էր, թէ՝
5 Աստծուց եղաւ այս բանը՝ յիշելով այս դէպքերի մասին իր տեսած երազը, քանի որ դրանից մի բան անգամ զանց չեղաւ։
6 Նա տեսել էր մի փոքրիկ աղբիւր, որ մեծ գետ էր դարձել, տեսել էր լոյս, արեւ եւ շատ ջուր։ Գետը Եսթերն է, որի հետ ամուսնացաւ թագաւորը եւ նրան դարձրեց տիկին։
7 Իսկ երկու վիշապները, - ասում էր, - ես եմ եւ Համանն ու այն ազգերը,
8 որ ժողովուել էին՝ կորստեան մատնելու հրեաների անունը, որ Իսրայէլ է։
9 Նրանք կանչեցին Աստծուն ու ապրեցին. Տէրը ապրեցրեց իր ժողովրդին. Տէրը մեզ փրկեց մեր բոլոր չարիքներից։ Աստուած հրաշքներ գործեց ու ցոյց տուեց իր մեծամեծ հնարքները, որպիսիք երբեք չեն եղել հեթանոսների մէջ։
10 Այսպէս, Աստուած ստեղծեց երկու վիճակ՝ մէկն իր ժողովրդի, միւսը բոլոր հեթանոսների համար։
11 Այս երկու վիճակներն էլ իրենց ժամին ու ժամանակին, դատաստանի օրը եկան Աստծու առջեւ՝ բոլոր հեթանոսների մէջ։
12 Յիշեց Աստուած իր ժողովրդին եւ արդարացրեց իր ժառանգութիւնը։
13 Ադար ամսի այս օրերը՝ տասնչորսերորդ օրը եւ նոյն ամսի տասնհինգերորդ օրը թող տօն լինեն նրանց համար, թող ժողովուրդը լինի ցնծութեան եւ ուրախութեան մէջ՝ Աստծու առջեւ, եւ թող այդպէս լինի յաւիտեան, սերնդից սերունդ, Իսրայէլի ժողովրդի մէջ։