2 ՏԻՄՈԹԷՈՍ. Chapter 1

1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, ըստ կեանքի խոստման, որ Քրիստոս Յիսուսի մէջ է,
2 սիրելի որդի Տիմոթէոսին. շնո՜րհ, ողորմութի՜ւն, եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Քրիստոս Յիսուսից։
3 Գոհութիւն եմ մատուցում Աստծուն, որին ծառայում եմ մաքուր խղճով ինչպէս իմ նախնիները, երբ իմ աղօթքներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ յիշում։
4 Յիշելով քո արտասուքները՝ բուռն ցանկութիւն ունեմ քեզ տեսնելու, որպէսզի լցուեմ ուրախութեամբ։
5 Մտաբերում եմ այն անկեղծ հաւատը, որ քո մէջ է, որը նախապէս կար քո տատի՝ Լաւոդիայի եւ քո մօր՝ Եւնիկէի մէջ. վստահ եմ, որ քո մէջ էլ կայ։
6 Ուստի յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ,
7 որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան։
8 Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ նրա կապեալին. այլ մասնակի՛ց եղիր Աւետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբ Աստծու,
9 որ փրկեց մեզ եւ կոչեց սուրբ կոչումով՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր նախասահմանութեան եւ շնորհի, որ տրուեց մեզ յաւիտենական ժամանակներից առաջ ի Քրիստոս Յիսուս,
10 բայց յայտնուեց այժմ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երեւալով. նա, որ կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը Աւետարանի միջոցով,
11 Աւետարան, որին քարոզիչ կարգուեցի ես եւ առաքեալ ու վարդապետ հեթանոսների։
12 Ահա թէ ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամօթ չեմ համարում, քանզի գիտեմ, թէ ո՛ւմ եմ հաւատացել եւ վստահ եմ, որ նա կարո՛ղ է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։
13 Որպէս օրինակ ունեցիր այն ողջամիտ խօսքերը, որոնք ինձնից լսեցիր՝ այն հաւատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Յիսուսին միանալով հաւատացողները։
14 Պահի՛ր բարի աւանդը մեր մէջ բնակուող Սուրբ Հոգու միջոցով։
15 Այս բանը իմացի՛ր, որ մեզնից հեռացան բոլոր նրանք, որ Ասիայից էին, որոնց թւում են Փիգեղոսը եւ Հերմոգենէսը։
16 Թող Աստուած ողորմած լինի Օնեսիփորոսի ընտանիքին, որովհետեւ նա ինձ շատ անգամ հանգստացրեց եւ իմ կապանքները ամօթ չհամարեց.
17 այլ, երբ Հռոմ եկաւ, եռանդագին փնտռեց ինձ ու գտաւ
18 (տայ Տէրը, որ նա ողորմութիւն գտնի Տիրոջից այն օրը). եւ թէ ինչքա՜ն ինձ ծառայութիւն մատուցեց Եփեսոսում, այդ դու ինքդ քաջ գիտես։