2 ՏԻՄՈԹԷՈՍ. Chapter 4

1 Այս բանն եմ վկայել տալիս Աստծու եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին՝ իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ։
2 Եւ դու քարոզի՛ր Աստծու խօսքը, շարունա՛կ յայտարարիր այն, ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով.
3 քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով.
4 եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն գնան առասպելների յետեւից։
5 Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը։
6 Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է։
7 Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը։
8 Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը։
9 Ջանա՛ իսկոյն գալ ինձ մօտ,
10 որովհետեւ Դեմասն ինձ լքեց եւ աշխա՛րհը սիրեց. նա գնաց Թեսաղոնիկէ, Կրեսկէսը՝ Գալիլիա, Տիտոսը՝ Դաղմատիա։
11 Ղուկասն է միայն ինձ հետ։ Մարկոսին վերցնելով՝ քեզ հետ բե՛ր, որովհետեւ նա ինձ պէտք է ծառայութեան համար։
12 Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս։
13 Տրովադայում թողեցի վերարկուն, Կարպոսի մօտ. երբ գաս, հետդ բե՛ր այն. բե՛ր նաեւ գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները։
14 Աղեքսանդրոսը բազում չարչարանքներ պատճառեց ինձ։ Թող Տէրը նրան հատուցի ըստ իր գործերի։
15 Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետեւ մեր խօսքերին շատ հակառակուեց։
16 Առաջին ատեանի ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց. բոլորը լքեցին ինձ։ Այդ թող նրանց յանցանք չհամարուի։
17 Բայց Տէրն օգնեց ինձ եւ զօրացրեց ինձ, որպէսզի ինձնով հաստատուի քարոզութիւնը, եւ բոլոր հեթանոսները լսեն այն։ Առիւծի բերանից փրկուեցի ես։
18 Տէրն ինձ կ՚ազատի բոլոր չար գործերից եւ կը հասցնի իր երկնային արքայութեանը. նրան փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
19 Ողջունի՛ր Պրիսկային եւ Ակիւղասին. նաեւ՝ Օնեսիփորոսի ընտա-
20 նիքին։
21 Երաստոսը մնաց Կորնթոսում։ Տրոփիմոսին հիւանդ վիճակում թողեցի Մելիտոսում։
22 Աշխատի՛ր գալ նախքան ձմեռը։ Քեզ ողջունում են Եբուղոսը, Պուդէսը, Ղինոսը, Կլոդիան ու բոլոր եղբայրները։
23 Տէր Յիսուս Քրիստոս լինի քո հոգու հետ։ Աստծու շնորհը քեզ հետ։