ՅԱԿՈԲՈՍ. Chapter 2

1 Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը։
2 Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով,
3 եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ Դու նստի՛ր այստեղ, պատուոյ տեղը, իսկ աղքատին, թէ՝ Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ, կամ թէ՝ Եկ նստի՛ր իմ պատուանդանի մօտ,
4 այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի։
5 Լսեցէ՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հաւատով եւ ժառանգորդներ այն արքայութեան, որը նա խոստացաւ իրեն սիրողներին։
6 Իսկ դուք անարգում էք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հէնց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս։
7 Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչուած էք դուք։
8 Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ, լաւ էք անում։
9 Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ։
10 Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կը լինի ամբողջ օրէնքին.
11 որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ Չպիտի սպանես, նաեւ ասաց, թէ՝ Եւ չպիտի շնանաս, քանզի, եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կը լինես օրէնքի առաջ։
12 Այնպէ՛ս խօսեցէք եւ այնպէ՛ս գործեցէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու,
13 քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։
14 Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ։ Միթէ հաւատը նրան կը կարողանա՞յ փրկել։
15 Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ,
16 եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք, եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։
17 Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է։
18 Բայց թերեւս մէկն ասի. Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով։
19 Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։
20 Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի։
21 Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ։
22 Տեսնո՞ւմ ես, որ հաւատը գործակից եղաւ նրա գործերին եւ գործերով էլ հաւատը կատարեալ դարձաւ։
23 Եւ կատարուեց Գրուածը, որն ասում է. Աբրահամը հաւատաց Աստծուն, եւ այդ նրան որպէս արդարութիւն համարուեց, եւ նա Աստծուն բարեկամ կոչուեց։
24 Տեսնո՞ւմ էք, որ գործերով է արդարանում մարդ եւ ոչ թէ միայն հաւատով։
25 Այդպէս էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞ւ, երբ ընդունեց լրտեսներին եւ արձակեց նրանց այլ ճանապարհով։
26 Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի։