ՅԱԿՈԲՈՍ. Chapter 3

1 Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ լինելու չձգտէք։ Իմացէ՛ք, որ մեծ դատաստան ենք ընդունելու,
2 քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։
3 Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։
4 Ահա՛ւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է։
5 Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։
6 Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը, բորբոքուած գեհենի կրակով։
7 Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը,
8 բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել։
9 Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ։
10 Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ։ Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի։
11 Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի՞։
12 Եղբայրնե՛ր իմ, միթէ կարելի՞ է, որ թզենին ձիթապտուղ տայ կամ որթատունկը՝ թուզ։ Նմանապէս աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ։
13 Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա, բարի ընթացքով, ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը։
14 Իսկ եթէ ձեր սրտերում դառն նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը։
15 Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային.
16 որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան։
17 Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։
18 Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում։