ԱՄԲԱԿՈՒՄ. Chapter 1

1 Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն։
2 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես։
3 Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու։ Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ դատաւորը կաշառք էր առնում։
4 Այդ պատճառով օրէնքը խափանուեց, եւ արդարութիւնը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, դրա համար էլ սխալ դատաստան էր լինում։
5 Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, նայեցէ՛ք, մեծապէ՛ս զարմացէք եւ չքուեցէ՛ք, որովհետեւ մի բան պիտի անեմ ես ձեր օրերին, որին չէք հաւատայ, նոյնիսկ եթէ մէկը պատմի ձեզ։
6 Ահա ես կ՚արթնացնեմ քաղդէացիներին՝ դաժան եւ արագընթաց մի ազգ, որ արշաւում է երկրի լայնքով մէկ՝ ժառանգելու այն բնակավայրերը, որոնք իրը չեն։
7 Նա ահեղ է ու սարսափելի, եւ նրա դատաստանը իր կողմից կը լինի, ինքն է վճռում իր դատաստանը, եւ իր իշխանութիւնը իրեն է պատկանում։
8 Ընձառիւծներից առաւել արագ կը վազեն նրանց ձիերը. աւելի արագ, քան արաբական գայլերը, նրանց զինեալները կ՚ասպատակեն, կը գան հեռուներից եւ կը սլանան, ինչպէս արծիւն է հաճոյքով սլանում դէպի կերակուրը։
9 Նրանց դէմ կանգնող ամբարիշտների վերջը կը գայ։ Գերիներ կը կուտակի աւազի չափ։
10 Նա թագաւորների հետ զեխութիւն կ՚անի, բռնակալները նրան խաղալիք կը դառնան, բոլոր ամրոցների հետ խաղ կ՚անի, հող կը կուտակի եւ կը գրաւի դրանք։
11 Այն ժամանակ կը փոխուի նրա միտքը, նա անց կը կենայ եւ կը դառնայ բարեհաճ. սա է իմ Աստծու զօրութիւնը։
12 Արդարեւ, դու չե՞ս մեր Տէր Աստուածը սկզբից, ուրեմն չենք մեռնի. Տէ՛ր, նրան դատաստանի ենթարկեցիր եւ ստեղծեցիր ինձ, որ յանդիմանեմ նրա խաղը։
13 Մաքուր է քո աչքը՝ չարիք տեսնելուց հեռու. կատարուածին նայել չես կարող. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին եւ չնկատեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
14 Մարդկանց ծովի ձկների՞ պէս ես դարձնում եւ սողունների՞ պէս, որոնք առաջնորդ չունեն։
15 Բաբելոնը նրանց կարթով հանեց, ձգեց իր ցանցով եւ հաւաքեց իր ուռկաններով։
16 Այդ պատճառով կ՚ուրախանայ եւ կը ցնծայ նրա սիրտը, դրա համար զոհ կը մատուցի իր ուռկանին եւ խունկ կը ծխի իր ցանցին, քանի որ նա նրանցով ուռճացրեց իր բաժինը, եւ իր կերակուրը ընտիր եղաւ։
17 Այդ պատճառով նա կը տարածի իր ցանցը եւ երբեք չի խնայի կոտորելու ազգերին։