ԱՄԲԱԿՈՒՄ. Chapter 2

1 Իմ պահակակէտում կը կանգնեմ, կը բարձրանամ ժայռի վրայ եւ կը տեսնեմ, թէ ինչ կը խօսի ինձ հետ եւ ինչ պատասխան կը տայ իմ յանդիմանութեան։
2 Պատասխանեց ինձ Տէրը եւ ասաց. Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրայ, որպէսզի ով որ կարդայ, համարձակ կարդայ.
3 որովհետեւ տեսիլքիդ կատարման համար տակաւին ժամանակ կայ,այն կը ծագի անպայման եւ ոչ իզուր տեղը։ Բայց եթէ ուշանայ, համբերի՛ր, որովհետեւ ինչ որ պիտի գայ, կը գայ եւ չի ուշանայ։
4 Եւ եթէ որեւէ մէկը երկմտի, իմ անձը բարեհաճ չի լինի նրա նկատմամբ։
5 Արդարեւ արդարը հաւատքով կ՚ապրի, իսկ կասկածողն ու արհամարհողը ամբարտաւան մարդ է եւ ոչինչ աւարտին չի հասցնի։ Ով իր հոգին ընդարձակում է ինչպէս գերեզման եւ անյագ է ինչպէս մահը, իր շուրջը կը հաւաքի բոլոր հեթանոսներին եւ իր մէջ կ՚ամփոփի բոլոր ազգերին։
6 Արդարեւ, սրանք, այս բոլորը նրա մասին պատմութիւններ չե՞ն յօրինի. նրան կը մտցնեն երգերի մէջ եւ կ՚ասեն. Վա՜յ նրան, ով իւրացնում է այն, ինչ իրենը չէ. մինչեւ ե՞րբ նա այդքան շատ պիտի ծանրացնի իր տանջօղակները,
7 որովհետեւ յանկարծ կ՚ելնեն նրան ուտողները, կը զարթնեն նրա դաւաճանները, եւ դու աւար կը դառնաս նրանց համար։
8 Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, ժողովուրդների ամբողջ մնացորդացը քե՛զ կը կողոպտի մարդկանց արեան, երկրի, քաղաքի եւ նրա բոլոր բնակիչների ամբարշտութեան համար։
9 Վա՜յ նրան, ով իր տան համար ագահութիւն կ՚անի,իր բոյնը բարձր տեղ կը դնիչար ձեռքերից ազատելու համար։
10 Քո տան ամօթը հաստատեցիր.ոչնչացրիր բազում ազգերի եւ դու յանցանք գործեցիր.
11 քանի որ քարը հիմքից կ՚աղաղակի, եւ որդը փայտի միջից այդ մասին ձայն կը տայ։
12 Վա՜յ նրան, ով քաղաքը արեան վրայ է կառուցումեւ քաղաք է հաստատում անիրաւութեամբ։
13 Այդ բոլորը Ամենակալ Տիրոջ կողմից չի՞ լինում. շատ ժողովուրդներ պակասեցին կրակի պատճառով, եւ շատ ազգեր նուազեցին,
14 որպէսզի երկիրը լցուի Տիրոջ փառքի գիտութեամբ, ինչպէս ծովերը ծածկող բազում ջրերն են։
15 Վա՜յ նրան, ով ընկերոջը պղտոր հրապոյրներով է արբեցնում, արբեցնում է, որպէսզի նայի նրանց մերկութեանը։
16 Փառքի փոխարէն անարգանքով լիացար. դու էլ խմի՛ր, շարժուի՛ր եւ դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, եւ անարգութիւն կուտակուեց քո փառքի վրայ.
17 քանի որ Լիբանանի ամբարշտութիւնը կը ծածկի քեզ, գազանների թշուառութիւնը կը զարհուրեցնի քեզ՝ մարդկանց արեան, երկրի, քաղաքի ու նրա բոլոր բնակիչների ամբարշտութեան պատճառով։
18 Ինչ օգուտ ունի քանդակուած արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն.սուտ երեւոյթ. իսկ ստեղծողը յոյսը դրեց իր ստեղծածի վրայ՝ իր համար անօգուտ կուռքեր շինելով։
19 Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափուի՛ր եւ զարթնի՛ր, իսկ քարին՝ բարձրացի՛ր, մինչ դրանք աչքի առաջ գտնուող երեւոյթ են՝ արծաթից ու ոսկուց կռած, եւ բոլորովին շունչ չկայ դրանց մէջ։
20 Սակայն Տէրը իր սուրբ տաճարի մէջ է, եւ ամբողջ երկիրը թող վախենայ նրանից։