1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 3

1 Եւ ես, եղբայրնե՛ր, չկարողացայ խօսել ձեզ հետ՝ իբրեւ հոգեւորների հետ, այլ խօսեցի իբրեւ մարմնաւորների հետ։
2 Իբրեւ մանուկներ ի Քրիստոս կաթ տուեցի ձեզ եւ ոչ՝ կերակուր, քանի որ դեռ կարող էլ չէիք. եւ հիմա էլ կարող չէք, քանզի դեռ մարմնաւոր էք։
3 Հիմա էլ ձեր մէջ կան կռիւ եւ նախանձ. չէ՞ որ մարմնաւոր էք եւ մարդկայնօրէն էք ընթանում։
4 Երբ ձեզնից մէկն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես՝ Ապողոսեան, մարմնաւոր մարդիկ չէ՞ք։ Իսկ արդ, ո՞վ է Պօղոսը, կամ՝ ո՞վ է Ապողոսը. պաշտօնեաներ, որոնցով հաւատացիք. եւ իւրաքանչիւրն այն է, ինչ որ Տէրը տուեց նրան։
5 Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուեց, բայց Աստուա՛ծ աճեցրեց։
6 Այնպէս որ՝ մի բան չէ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տուեց, այլ՝ նա, ով աճեցրեց՝ Աստուած։
7 Ով որ տնկեց, եւ ով որ ջուր տուեց, մի են, բայց իւրաքանչիւր ոք իր վարձը կը ստանայ ըստ իր վաստակի.
8 որովհետեւ Աստծուն գործակից ենք. Աստծու այգին էք, Աստծու կառոյցն էք։
9 Որպէս իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու այն շնորհի, որ տրուած է ինձ. բայց ուրիշն է, որ կառուցում է. սակայն իւրաքանչիւր ոք թող զգոյշ լինի, թէ ինչպէս է կառուցում.
10 որովհետեւ ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է։
11 Եթէ մէկը այս հիմքի վրայ կառուցի ոսկով, արծաթով, թանկարժէք քարերով, փայտով, խոտով, եղէգով, իւրաքանչիւրի գործը յայտնի կը լինի. որովհետեւ դատաստանի օրը այդ պիտի երեւայ, քանի որ կրակո՛վ յայտնի պիտի լինի.
12 եւ իւրաքանչիւրի գործը, ինչպէս որ է, կրա՛կը պիտի փորձի.
13 եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ.
14 եւ եթէ մէկի գործը այրուի, նա պիտի տուժի, թէեւ ինքը պիտի փրկուի, բայց նման մէկին, որ կարծես կրակի միջով անցած լինէր։
15 Չգիտէ՞ք, որ Աստծու տաճար էք դուք, եւ Աստծու Հոգին է բնակւում ձեր մէջ։
16 Եթէ մէկն Աստծու տաճարն ապականի, Աստուած էլ նրան պիտի ապականի. որովհետեւ սուրբ է Աստծու տաճարը, որը դուք էք։
17 Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի։ Եթէ ձեզնից մէկը կարծում է, թէ ինքը իմաստուն է այս աշխարհում, յիմար թող լինի, որպէսզի իմաստուն դառնայ.
18 որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը յիմարութիւն է Աստծու առաջ. քանզի գրուած է, թէ՝ ինքն է, որ բռնում է իմաստուններին իրենց խորագիտութեան մէջ։
19 Եւ դարձեալ, թէ՝ Տէրը գիտէ իմաստունների մտածումները, որ ընդունայն են։
20 Ուրեմն մարդկանցից ոչ ոք չպարծենայ, որովհետեւ ձերն է ամէն ինչ՝
21 թէ՛ Պօղոսը, թէ՛ Ապողոսը, թէ՛ Կեփասը, թէ՛ աշխարհ, թէ՛ կեանք, թէ՛ մահ, թէ՛ այն բաները, որ կան, թէ՛ լինելիքները. ամէն ինչ ձերն է.
22 դուք Քրիստոսինն էք, իսկ Քրիստոս՝ Աստծունը։