1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 12

1 Գալով հոգեւոր շնորհներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ չգիտենաք։
2 Գիտէք, որ, մինչ հեթանոսներ էիք, ինչպէ՜ս էիք գնում-գալիս անխօս կուռքերի մօտ։
3 Ուստի յայտնում եմ ձեզ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խօսում, չի ասի, թէ՝ Նզովեալ է Յիսուս. եւ ոչ ոք չի կարող ասել՝ Յիսուս Տէր է, եթէ ոչ՝ Սուրբ Հոգով։
4 Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է։
5 Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։
6 Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ։
7 Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։
8 Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց,
9 միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով,
10 միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ։
11 Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է։
12 Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս.
13 քանզի մէ՛կ Հոգով մէ՛կ մարմին լինելու համար մկրտուեցինք մենք ամէնքս՝ թէ՛ հրեաներ, թէ՛ հեթանոսներ, թէ՛ ծառաներ, թէ՛ ազատներ. եւ բոլորս էլ այդ մէ՛կ Հոգին խմեցինք։
14 Այսպէս, մարմինը մէկ անդամ չէ, այլ՝ բազում։
15 Եթէ ոտքն ասի՝ քանի որ ձեռք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց։
16 Եւ եթէ ականջն ասի՝ քանի որ աչք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց.
17 եթէ ամբողջ մարմինը աչք լինէր, ո՞ւր կը մնար ականջը. եւ եթէ ամբողջ մարմինը ականջ լինէր, ո՞ւր կը մնար հոտոտելիքը։
18 Բայց արդ, Աստուած դրեց անդամները, նրանցից ամէն մէկը՝ մարմնի մէջ, ինչպէս որ կամեցաւ։
19 Իսկ եթէ ամբողջը մէկ անդամ լինէր, ո՞ւր կը մնար մարմինը։
20 Բայց արդ, բազում անդամներ կան, սակայն՝ մէկ մարմին։
21 Աչքը չի կարող ասել ձեռքին, թէ՝ ինձ պէտք չես. եւ կամ նոյն ձեւով գլուխը՝ ոտքերին, թէ՝ ինձ պէտք չէք։
22 Եւս առաւել, մարմնի այն անդամները, որ թւում է, թէ աւելի տկար են, կարեւորնե՛րն են.
23 եւ նրանք, որ թւում է, թէ մարմնի համար աւելի անարգ են, առաւելագո՛յն պատիւ ենք անում նրանց. եւ մեր ամօթոյքները առաւել եւս անհրաժեշտ է պարկեշտութեամբ ծածկել։
24 Բայց մեր պարկեշտ անդամները այդ չեն պահանջում։ Որովհետեւ Աստուած կազմեց մարմինը եւ նուազ պատուաւորին առաւել պատիւ տուեց,
25 որպէսզի մարմնի մէջ բաժանումներ չլինեն, այլ որպէսզի այդ անդամները նոյն հոգը տանեն միմեանց նկատմամբ։
26 Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները. եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
27 Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից։
28 Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։
29 Միթէ բոլո՞րն էլ առաքեալներ են. միթէ բոլո՞րն էլ մարգարէներ են. միթէ բոլո՞րն էլ ուսուցանողներ են. միթէ բոլո՞րն էլ զօրութիւններ գործողներ են.
30 միթէ բոլո՞րն էլ բժշկելու շնորհ ունեն. միթէ բոլո՞րն էլ լեզուներ են խօսում. միթէ բոլո՞րն էլ թարգմանում են։
31 Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին։ Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ։