1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 7

1 Այժմ, այն բաների մասին, որ ինձ գրել էիք։ Լաւ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ։
2 Բայց, չպոռնկանալու համար, իւրաքանչիւր մարդ թող իր կինը ունենայ, եւ ամէն կին՝ իր մարդը։
3 Թող մարդը կնոջ հանդէպ իր պարտքը կատարի, նոյն ձեւով եւ կինը՝ իր մարդու հանդէպ.
4 որովհետեւ կինն իր մարմնի տէրը չէ, այլ՝ մարդը։ Նոյնպէս եւ՝ մարդը իր մարմնի տէրը չէ, այլ՝ կինը։
5 Մի՛ զրկէք միմեանց, այլ միայն այն դէպքում, եթէ միառժամանակ համաձայն էք, որ աղօթքի նուիրուէք. եւ վերստին միմեա՛նց դարձէք, որպէսզի Սատանան ձեզ չփորձի ձեր անժուժկալութեան պատճառով։
6 Այս ասում եմ թոյլ տալով եւ ոչ թէ հրաման տալով.
7 որովհետեւ ուզում եմ, որ ամէն մարդ լինի այնպէս, ինչպէս ես եմ. բայց իւրաքանչիւր ոք իր շնորհն ունի Աստծուց, մէկն՝ այսպէս, իսկ միւսն՝ այնպէս։
8 Սակայն ամուրիներին եւ այրիներին ասում եմ. լաւ է նրանց համար, եթէ մնան այնպէս, ինչպէս ես եմ։
9 Իսկ եթէ ժուժկալութիւն չունեն, թող ամուսնանան. որովհետեւ լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել։
10 Իսկ ամուսնացեալներին ոչ թէ ես, այլ Տէրն է պատուիրում. թող կինը ամուսնուց չբաժանուի։
11 Իսկ եթէ բաժանուի, թող առանց ամուսնու մնայ կամ վերստին իր մարդու հետ հաշտուի. եւ մարդը իր կնոջը թող չթողնի։
12 Բայց միւսներին ես եմ պատուիրում, ոչ թէ Տէրը. եթէ մի եղբայր անհաւատ կին ունենայ, եւ նրան հաճելի լինի ապրել նրա հետ, նրան թող չթողնի։
13 Եւ մի կին, եթէ անհաւատ մարդ ունենայ, եւ նա ուզենայ ապրել նրա հետ, իր մարդուն թող չթողնի.
14 որովհետեւ անհաւատ մարդը իր կնոջո՛վ սուրբ է. սուրբ է եւ անհաւատ կինը իր մարդո՛վ. ապա թէ ոչ՝ ձեր որդիները պիղծ կը լինեն. մինչդեռ հիմա սուրբ են։
15 Իսկ եթէ անհաւատը ուզում է բաժանուել իր կողակցից, թող բաժանուի. քանի որ այսպիսի դէպքում հաւատացեալ եղբօր կամ քրոջ վրայ հարկադրանք չկայ. քանզի Աստուած մեզ խաղաղութեան կոչեց։
16 Ի՞նչ գիտես, դո՛ւ, կի՛ն, թէ քո մարդուն փրկելու ես. կամ ի՞նչ գիտես, դո՛ւ, մա՛րդ, թէ քո կնոջը փրկելու ես.
17 միայն թէ՝ ամէն մէկին Տէրը ինչ ձեւով որ բաժին տուեց, եւ իւրաքանչիւրին Աստուած ինչպէս որ կանչեց, թող նա այնպէս էլ ընթանայ։ Եւ բոլոր եկեղեցիներում այսպէս եմ պատուիրում։
18 Եթէ թլփատուած մէկը հաւատի կանչուեց, թող չփորձուի ծածկել թըլփատութեան նշանները։ Եթէ անթըլփատութեան վիճակի մէջ գտնուող մէկը կանչուեց, թող չթլփատուի.
19 որովհետեւ թլփատուածութիւնը ոչինչ է. անթլփատուածութիւնն էլ ոչինչ է, այլ միայն կարեւոր է Աստծու պատուիրանների պահպանումը։
20 Բայց իւրաքանչիւր ոք, ինչ կոչման մէջ որ էր, երբ կանչուեց, թող նրանում էլ մնայ։
21 Ծառա՞յ էիր, երբ կոչուեցիր. դու հոգ մի՛ արա, այլ, եթէ կարողանաս իսկ ազատ լինել, քեզ այդպէս լաւ կը լինի.
22 որովհետեւ, ով Տիրոջով ծառայ է կանչուած, Տիրոջ կողմից ազատուած է. նոյնպէս եւ՝ ով ազատ է կոչուած, Քրիստոսի ծառան է։
23 Մե՛ծ գնով գնուեցիք։ Մարդկանց ծառաներ մի՛ եղէք։
24 Եղբայրնե՛ր, իւրաքանչիւրը, ինչ կոչման մէջ որ կոչուեց, թող նոյնի մէջ էլ մնայ Աստծու առաջ։
25 Իսկ կոյսերի մասին Տիրոջից հրաման չունեմ. բայց խրատ եմ տալիս, որպէս Տիրոջից ողորմութիւն գտած մէկի, որ վստահելի է։
26 Կարծում եմ, թէ այսպէս լաւ է. այն նեղութեան պատճառով, որ ներկայումս կայ. մարդու համար լաւ է, որ այսպէս լինի։
27 Կապուա՞ծ ես կնոջ հետ. մի՛ փորձուիր արձակուել։ Չե՞ս կապուած. կին մի՛ փնտռիր.
28 սակայն եթէ ամուսնանաս, մեղք գործած չես լինի. եւ եթէ կոյսն ամուսնանայ, մեղք գործած չի լինի։ Բայց այդպիսիները մարմնի նեղութիւն են ունենալու. իսկ ես պիտի խնայէի ձեզ։
29 Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թէ այսուհետեւ ժամանակը կարճ է։ Նրանք, որ կին ունեն, այնպէս ապրեն, որպէս թէ՝ ունեցած չլինէին.
30 եւ նրանք, որ լաց են լինում, որպէս թէ՝ լացած չլինէին. եւ նրանք որ ուրախանում են, որպէս թէ՝ ուրախացած չլինէին. եւ նրանք, որ բան են գնում, որպէս թէ՝ ունեցած չլինէին.
31 եւ նրանք, որ աշխարհիկ կեանք են վարում, որպէս թէ՝ վայելած չլինէին. որովհետեւ այս աշխարհը, այնպէս, ինչպէս որ է, անցնելու վրայ է։
32 Այլ ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինէք. որովհետեւ, ով կին չունի, հոգում է, թէ ինչպէս հաճելի լինի Տիրոջը։
33 Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում, թէ ինչպէս հաճելի լինի իր կնոջը։
34 Եւ այսպէս տարբերւում են իրարից ամուսնացած կինը եւ կոյսը. քանի որ կոյսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպէսզի սուրբ լինի մարմնով եւ հոգով։ Իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհի մասին, թէ ինչպէս հաճելի լինի իր մարդուն։
35 Եւ այս ձեր օգտի համար եմ ասում. ոչ թէ ձեզ ճնշելու համար, այլ պարկեշտութեան եւ Տիրոջը բոլորանուէր ծառայելու համար։
36 Իսկ եթէ մէկը ամօթ զգայ իր կոյս նշանածի համար, եւ եթէ իր կրքի չափն անցել է, - եւ դա բնական է, - թող անի, ինչ ցանկանում է. մեղք չի գործի՝ թող ամուսնանայ։
37 Իսկ ով համոզուած է իր սրտում եւ կարող է իշխել իր կամքին ու ներքնապէս որոշել է կոյս թողնել իր նշանածին, լաւ է անում, վտանգ չկայ նրան այդ բանում։
38 Իսկ ով որ ամուսնանում է իր կոյս նշանածի հետ, լաւ է անում. իսկ ով որ չի ամուսնանում, առաւել եւս լաւ է անում։
39 Կինը կապուած է իր մարդուն մինչեւ այնքան ժամանակ, որ իր մարդը կենդանի է։ Իսկ երբ նրա մարդը մեռնի, ազատ է ամուսնանալու՝ ում հետ ուզենայ, բայց միայն Տիրոջով։
40 Սակայն առաւել երանելի է, եթէ մնայ այնպէս, ըստ իմ խրատի։ Ես այնպէս եմ կարծում, թէ իմ մէջ էլ Աստծու Հոգի կայ։