1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 15

1 Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ Աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք, եւ որի մէջ հաստատ էք մնում.
2 նրանով կը փրկուէք էլ, եթէ ամուր պահէք այն խօսքերը, որ քարոզեցի ձեզ. այլապէս ի զուր հաւատացած կը լինէք.
3 որովհետեւ ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի
4 եւ թէ՝ թաղուեց եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի
5 եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ Տասներկուսին.
6 ապա երեւաց միանգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ. ոմանք էլ՝ ննջեցեալ եղան։
7 Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին։
8 Ամենից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս,
9 որովհետեւ ես իսկ եմ առաքեալների տրուպը. ես որ առաքեալ կոչուելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։
10 Բայց Աստծու շնորհով եմ, ինչ որ եմ, եւ իմ մէջ եղած նրա շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից աւելի աշխատեցի. բայց ոչ թէ ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ էր։
11 Արդ, թէ՛ ես եւ թէ՛ նրանք այսպէս քարոզեցինք, եւ դուք այսպէս հաւատացիք։
12 Իսկ եթէ քարոզւում է, թէ Քրիստոս մեռելներից յարութիւն է առել, ձեզնից ոմանք ինչպէ՞ս են ասում, թէ մեռելների յարութիւն չկայ։
13 Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա եւ Քրիստոս յարութիւն չի առել։
14 Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը։
15 Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարեւ, եթէ յարութիւն չառնէին մեռելները, նրան յարութիւն չէր տայ։
16 Իսկ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել։
17 Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք։
18 Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք։
19 Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։
20 Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը.
21 քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն։
22 Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝
23 իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը.
24 եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն.
25 որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ։
26 Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ։
27 Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան։
28 Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ։
29 Ապա թէ ոչ, ի՞նչ պիտի անեն նրանք, որ մկրտուեցին մեռելների համար, եթէ, արդարեւ, մեռելները յարութիւն չեն առնում. ինչո՞ւ ուրեմն մկրտւում են նրանց համար։
30 Ինչո՞ւ մենք էլ նեղութիւն ենք կրում ամէն ժամ։
31 Եղբայրնե՛ր, երդւում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդէպ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ ես մեռնում եմ ամէն օր։
32 Եթէ մարդկա՛նց համար Եփեսոսում գազանամարտի բռնուած լինէի, ինձ ի՞նչ օգուտ կը լինէր, եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք։
33 Մի՛ խաբուէ՛ք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը։
34 Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք. որովհետեւ ոմանք չունեն Աստծու ճանաչումը։ Յամօթ ձեզ եմ ասում այս։
35 Բայց մէկը կ՚ասի՝ ինչպէ՞ս են յարութիւն առնում մեռելները. կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։
36 Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանայ, եթէ չմեռնի։
37 Եւ ինչ որ սերմանում ես, սերմանուածը այն նոյն մարմինը չէ, որ ծնուելու է, այլ՝ մի մերկ հատիկ, լինի ցորենի թէ այլ սերմերի։
38 Եւ Աստուած նրան մարմին է տալիս, ինչպէս որ կամենում է. եւ սերմերից իւրաքանչիւրին՝ իր մարմինը։
39 Ամէն մարմին նոյն մարմինը չէ. այլ է մարմինը մարդկանց եւ այլ է մարմինը անասունների, այլ է մարմինը թռչունների եւ այլ է մարմինը ձկների։
40 Կան նաեւ երկնաւոր մարմիններ եւ երկրաւոր մարմիններ. բայց այլ է փառքը երկնաւորների եւ այլ է փառքը երկրաւորների,
41 այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի եւ այլ է փառքը աստղերի. եւ մի աստղ փառքով առաւել է, քան մի ուրիշ աստղ։
42 Այսպէս է նաեւ մեռելների յարութիւնը. սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան.
43 սերմանւում է անարգութեամբ եւ յարութիւն է առնում փառքով. սերմանւում է տկարութեամբ եւ յարութիւն է առնում զօրութեամբ.
44 սերմանւում է շնչաւոր մարմին եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. եթէ կայ շնչաւոր մարմին, կայ եւ՝ հոգեւոր։
45 Այսպէս էլ գրուած է. Առաջին մարդը՝ Ադամը, եղաւ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի։
46 Բայց ոչ նախ հոգեւորը, այլ՝ շնչաւորը եւ ապա՝ հոգեւորը։
47 Առաջին մարդը՝ երկրից, հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից։
48 Ինչպէս հողեղէնն է, նոյնպէս եւ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորը, նոյնպէս եւ՝ երկնաւորները։
49 Եւ ինչպէս որ կրեցինք հողեղէնի պատկերը, նոյնպէս եւ պիտի կրենք երկնաւորի պատկերը։
50 Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծու թագաւորութիւնը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում։
51 Արդ, մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ իսկապէս բոլորս.
52 պիտի նորոգուենք յանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք.
53 որովհետեւ պէտք է, որ այս ապականացու մարմինը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն։
54 Եւ երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կը կատարուի այն խօսքը, որ գրուեց.
55 Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։
56 Բայց, գոհութիւն Աստծու, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով։
57 Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացէ՛ք, անշա՛րժ եղէք, ամէն ժամ աւելի՛ն եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէ՛ք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ։