1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 4

1 Այսպէս, մարդիկ թող համարեն մեզ իբրեւ սպասաւորներ Քրիստոսի եւ տնտեսներ Աստծու խորհուրդների։
2 Արդ, տնտեսների մէջ փնտռւում է նա, թէ ո՛վ հաւատարիմ կը գտնուի։
3 Բայց ինձ համար արժէք չունի դատուած լինել ձեզնից կամ նոյնիսկ՝ մարդկանցից. եւ ես ինքս ինձ էլ չեմ դատում,
4 որովհետեւ ինքս իմ մասին բան չգիտեմ. բայց սրանով չեմ արդարանում, որովհետեւ նա, որ դատում է ինձ, Տէրն է։
5 Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատէք, մինչեւ գայ Տէրը, որ ի լոյս է հանելու խաւարի գաղտնիքները եւ յայտնի է դարձնելու սրտերի խորհուրդները. եւ ապա իւրաքանչիւրը գովասանք պիտի ստանայ Աստծուց։
6 Եղբայրնե՛ր, ձեզ համար այս բանը օրինակ բերեցի իմ անձով եւ Ապողոսի անձով, որպէսզի մեզնից սովորէք աւելի բան չիմանալ, քան ինչ որ կայ գրուածքներում, որպէսզի ոչ մի մարդ, աւելի քան ընկերը, չգոռոզանայ ընկերոջ վրայ։
7 Իսկ արդ, ո՞վ է, որ պիտի քննի քեզ։ Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. եւ եթէ ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պէս։
8 Արդէն իսկ յագեցած էք եւ արդէն հարուստ դարձած. թագաւոր դարձաք առանց մեզ. եւ երանի թէ թագաւորէիք, որպէսզի մենք էլ թագաւորէինք ձեզ հետ։
9 Ինձ այնպէս է թւում, թէ մեզ՝ առաքեալներիս, Աստուած վերջիններ դարձրեց, որպէս մահապարտների. որովհետեւ տեսարան դարձանք աշխարհին եւ հրեշտակներին ու մարդկանց։
10 Մենք՝ յիմարներ Քրիստոսի պատճառով, եւ դուք՝ իմաստուններ Քրիստոսով. մենք՝ թոյլեր, եւ դուք՝ հզօրներ. դուք՝ փառաւորուածներ, եւ մենք՝ անարգներ։
11 Մինչեւ այսօր ե՛ւ քաղցած մնացինք, ե՛ւ ծարաւեցինք, ե՛ւ մնացինք մերկ, ե՛ւ բռնցքահարուեցինք, ե՛ւ մնացինք անկայան.
12 եւ չարաչար աշխատեցինք մեր ձեռքերով. նախատում էին մեզ՝ օրհնում էինք, հալածում էին՝ դիմանում էինք,
13 հայհոյում էին՝ աղօթում էինք. առակ-նշաւակ եղանք ամբողջ աշխարհին, ջնջոց՝ բոլորի համար մինչեւ այժմ։
14 Ոչ թէ ձեզ ամօթով թողնելու համար եմ գրում այս, այլ խրատում եմ ձեզ իբրեւ սիրելի որդիներ։
15 Թէպէտ եւ բիւր դաստիարակներ ունէք Քրիստոսով, բայց ոչ՝ բազում հայրեր. որովհետեւ Քրիստոս Յիսուսի Աւետարանով ե՛ս ծնեցի ձեզ։
16 Արդ, աղաչում եմ ձեզ, նմանուեցէ՛ք ինձ։
17 Դրա համար ձեզ մօտ ուղարկեցի Տիմոթէոսին, որ իմ սիրելի որդին է եւ հաւատարիմ՝ ի Տէր, որպէսզի յիշեցնի ձեզ իմ ճանապարհները ի Քրիստոս Յիսուս, ինչպէս որ ամենուրեք ուսուցանում եմ բոլոր եկեղեցիներում։
18 Ոմանք հպարտացել են, որպէս թէ ես ձեզ մօտ չեմ գալու.
19 բայց գալու եմ շուտով, եթէ Տէրը կամենայ. եւ տեղեակ կը լինեմ ոչ թէ հպարտացողների խօսքերին, այլ՝ նրանց զօրութեանը.
20 որովհետեւ Աստծու թագաւորութիւնը ոչ թէ խօսքերով է, այլ՝ զօրութեամբ։
21 Արդ, ինչպէ՞ս էք ուզում. գաւազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ՞ սիրոյ հեզութեան, արդարութեան եւ խոնարհութեան Հոգով։