1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 10

1 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդութեան տակ էին եւ բոլորն էլ ծովով անցան.
2 եւ բոլորը, հետեւելով Մովսէսին, մկրտուեցին ամպ ու ծովի մէջ.
3 եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ուտելիքը կերան,
4 եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ խմում էին հոգեւոր այն վէմից, որ գնում էր նրանց հետ եւ այն վէմը ինքը՝ Քրիստոսն էր։
5 Բայց նրանցից շատերը չէ, որ հաճելի եղան Աստծուն, քանզի անապատում ընկան մեռան։
6 Եւ այն որպէս օրինակ եղաւ մեզ համար, որպէսզի չար բաների ցանկացող չլինենք, ինչպէս որ ցանկացան նրանք։
7 Եւ չլինենք կռապաշտներ, ինչպէս նրանցից ոմանք. ինչպէս գրուած է. Նստեց ժողովուրդը ուտելու եւ խմելու, եւ նրանք վեր կացան զուարճանալու։
8 Եւ չպոռնկանանք, ինչպէս նրանցից ոմանք պոռնկացան, եւ մի օրում ընկան քսանչորս հազարը։
9 Եւ չփորձենք Տիրոջը, ինչպէս փորձեցին նրանցից ոմանք եւ կոտորուեցին օձերից։
10 Եւ չտրտնջանք, ինչպէս տրտնջացին նրանցից ոմանք եւ կորստեան մատնուեցին մահուան հրեշտակից։
11 Եւ այս բոլորը իբրեւ օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպէս խրատ գրուեց մեզ համար, մեզ, որոնց համար հասել է յաւիտեանների վախճանը։
12 Այսպէս ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգոյշ լինի, գուցէ թէ ընկնի։
13 Ձեր վրայ ոչ մի փորձութիւն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հաւատարիմ է Աստուած, որ ձեզ աւելի փորձութեան մէջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ՝ փորձութեան հետ փրկութեան ելք էլ է ցոյց տալու, որպէսզի կարողանաք համբերել։
14 Ուստի, իմ սիրելինե՛ր, փախէ՛ք կռապաշտութիւնից։
15 Ասում եմ ձեզ իբրեւ գիտակից մարդկանց. ինքնե՛րդ դատեցէք, ինչ ասում եմ։
16 Օրհնութեան բաժակը, որն օրհնում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի արեան. հացը, որը կտրում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի մարմնի.
17 որովհետեւ մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում։
18 Նկատի առէք մարմնաւոր Իսրայէլը. չէ՞ որ նրանք, որ ուտում են զոհից, մասնակից են սեղանին։
19 Իսկ արդ, ահա ինչ եմ ասում. կուռքերին զոհաբերուածը մի բա՞ն է. եւ կամ՝ կուռքն ինքնին մի բա՞ն է։
20 Ո՛չ, ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. քանզի չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը։
21 Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից։
22 Կամ թէ՝ ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թէ աւելի զօրեղ ենք, քան նա։
23 Ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն բան չէ, որ օգտակար է. ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն ինչ չէ, որ հաւատը հաստատում է։
24 Ոչ ոք միայն իր օգուտը թող չփնտռի, այլ՝ նաեւ ընկերոջինը։
25 Կերէ՛ք ամէն ինչ, որ վաճառւում է սպանդանոցում, եւ խղճմտանքի պատճառով խտրութիւն մի՛ դրէք.
26 որովհետեւ՝ Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ։
27 Եթէ անհաւատներից մէկը ձեզ հրաւիրի, եւ դուք ուզենաք գնալ, այն ամէնը, որ ձեր առաջ կը դրուի, կերէ՛ք եւ խղճմտանքի պատճառով խտրութիւն մի՛ դրէք։
28 Իսկ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ Այդ զոհ է արուած, մի՛ կերէք այն մարդու պատճառով, ով իմաց տուեց ձեզ, եւ նրա խղճմտանքի պատճառով.
29 խօսքս ոչ թէ ձեր խղճմտանքի մասին է, այլ՝ ընկերոջ։ Բայց ինչո՞ւ իմ ազատութիւնը պիտի կաշկանդուի ուրիշի խղճմտանքի պատճառով։
30 Եթէ ես գոհութիւն յայտնելով վայելում եմ, ինչո՞ւ հայհոյուեմ նրա համար, որ գոհութիւն եմ յայտնում։
31 Արդ, ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար.
32 գայթակղութեան պատճառ մի՛ եղէք հրեաներին եւ հեթանոսներին եւ Աստծու եկեղեցուն.
33 ինչպէս որ ե՛ս բոլորին ամէն ինչում հաճելի եմ լինում ու չեմ փնտռում իմ օգուտը, այլ՝ շատերինը, որպէսզի փրկուեն։